19:54  ,  5 մայիսի, 2022

ՀԳՖ նախագահ․ Բոլորս շատ ոգեւորված ենք, որ Ալեքսեյ Միշինն ընդունել է մեր հրավերը

Բոլորս շատ ոգեւորված ենք, որ Ալեքսեյ Միշինն ընդունել է մեր հրավերը եւ իր սաների հետ հավաքն անցնում է Երեւանում, նաեւ մարզում մեր գեղասահորդներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

ՀԳՖ նախաձեռնությամբ ռուս լեգենդար մարզիչ, նախկին գեղասահորդ, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ալեքսեյ Միշինը, որը բազմաթիվ Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի մեդալակիրների մարզիչ է, մայիսի 1-ից Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում ուսումնամարզական հավաք է անցնում իր սաների հետ: Նրա գլխավորությամբ երեւանյան հավաքին մասնակցում են մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշեւան, Փհենչան-2018 ձեմռային Օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան եւ ռուսաստանի հավաքականի այլ անդամներ: Ալեքսեյ Միշինը բացի իր թիմի հետ հավաք անելուց, նաեւ մարզումներ է անցկացնում հայ գեղասահորդների տարբեր տարիքային խմբերի հետ:

«Հայաստանում ուսումնամարզական հավաք անցնելու եւ հայ երեխաների հետ աշխատելու նախաձեռնությունն իրականացրել է գեղասահքի ֆեդերացիան: Իմ եւ ֆեդերացիայի անդամ Արի Զաքարյանի ջանքերով որոշեցինք Ալեքսյեի Միշինին հրավիրել Հայաստան, որտեղ նա իր մարզիկների հետ կանցնի հավաք եւ համատեղ կաշխատի նաեւ հայ գեղասահորդների հետ:

Մեր նախաձեռնությունը հաջողությամբ ստացվեց եւ լեգենդար մարզիչն այստեղ է: Նա մեծ հաճույքով ընդունեց մեր հրավերը: Շատ ուրախ ենք, որ այսպիսի հնարավորություն ունենք հետեւել բազմաթիվ օլիմպիական մեդալակիրներ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ ունեցող մարզիչի աշխատանքներին սառույցի վրա: Նաեւ շատ ուրախ ենք, որ մեր երեխաներն ունեն հնարավորություն աշխատել նրա հետ: Ամեն օր չէ, որ կարող ես այսպիսի մարզիչի հետ կանգնել նույն սառույցի վրա եւ աշխատել նրա հետ:

Մինչեւ նախորդ օրը չգիտեինք, որ Ալեքսեյ Միշինն իր մարզական կարիերան սկսել է Ծաղկաձորից: Նրա համար եւս շատ ուրախալի է այս փաստը, որ Հայաստանում է անցնում իր հերթական հավաքը: Նա պատմել է, որ երիտասարդության տարիներին մշտապես ուսումնամարզական հավաքներ, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունն անցել է Ծաղկաձորում եւ Հայաստանի հետ կապված գեղեցիկ հուշեր ունի:

Նա խոստացել է, որ նորից կգա, քանի որ այս անգամ քիչ օրով էր նախատեսած հավաքը:

Ամենակարեւորը՝ մեր երեխաների համար նման լեգենդար մարզիչի հետ աշխատելը մեծ փորձ է: Երեխաները շատ ոգեւորված են եւ սիրով մասնակցում են նրա գլխավորությամբ մարզումներին: Ինչպես գեղասահորդները, այնպես մարզիչները ուրախացան, երբ իմացան, որ հնարավորություն են ունենալու մարզվել Ալեքսեյ Միշինի հետ: Նաեւ հետեւում են նրա թիմի մարզումներին: Գեղասահքն այնպիսի մարզաձեւ է, որ նաեւ դիտելով կարող ես սովորել:

Երբ որոշվեց, որ Միշինը պետք է աշխատի նաեւ հայ երեխաների հետ, նա ցանկություն հայտնեց 45 րոպե յուրաքանչյուր մարզումից տրամարդել հայ երեխաներին: Նրա հետ Երեւան ժամանած մարզիչները եւս մարզում են մեր երեխաներին, աշխատում են ցատկերի, պտույտների վրա,  նաեւ տեխնիկական աշխատանք են տանում սահադաշտից դուրս»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:

Ռուսական թիմի հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները կտեւեն մինչեւ մայիսի 11-ը: Ալեքսեյ Միշինի թիմը Հայաստանից կմեկնի մայիսի 12-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով