19:54 5 մայիսի, 2022Բոլորս շատ ոգեւորված ենք, որ Ալեքսեյ Միշինն ընդունել է մեր հրավերը եւ իր սաների հետ հավաքն անցնում է Երեւանում, նաեւ մարզում մեր գեղասահորդներին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:
ՀԳՖ նախաձեռնությամբ ռուս լեգենդար մարզիչ, նախկին գեղասահորդ, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ալեքսեյ Միշինը, որը բազմաթիվ Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի մեդալակիրների մարզիչ է, մայիսի 1-ից Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում ուսումնամարզական հավաք է անցնում իր սաների հետ: Նրա գլխավորությամբ երեւանյան հավաքին մասնակցում են մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշեւան, Փհենչան-2018 ձեմռային Օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան եւ ռուսաստանի հավաքականի այլ անդամներ: Ալեքսեյ Միշինը բացի իր թիմի հետ հավաք անելուց, նաեւ մարզումներ է անցկացնում հայ գեղասահորդների տարբեր տարիքային խմբերի հետ:
«Հայաստանում ուսումնամարզական հավաք անցնելու եւ հայ երեխաների հետ աշխատելու նախաձեռնությունն իրականացրել է գեղասահքի ֆեդերացիան: Իմ եւ ֆեդերացիայի անդամ Արի Զաքարյանի ջանքերով որոշեցինք Ալեքսյեի Միշինին հրավիրել Հայաստան, որտեղ նա իր մարզիկների հետ կանցնի հավաք եւ համատեղ կաշխատի նաեւ հայ գեղասահորդների հետ:
Մեր նախաձեռնությունը հաջողությամբ ստացվեց եւ լեգենդար մարզիչն այստեղ է: Նա մեծ հաճույքով ընդունեց մեր հրավերը: Շատ ուրախ ենք, որ այսպիսի հնարավորություն ունենք հետեւել բազմաթիվ օլիմպիական մեդալակիրներ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ ունեցող մարզիչի աշխատանքներին սառույցի վրա: Նաեւ շատ ուրախ ենք, որ մեր երեխաներն ունեն հնարավորություն աշխատել նրա հետ: Ամեն օր չէ, որ կարող ես այսպիսի մարզիչի հետ կանգնել նույն սառույցի վրա եւ աշխատել նրա հետ:
Մինչեւ նախորդ օրը չգիտեինք, որ Ալեքսեյ Միշինն իր մարզական կարիերան սկսել է Ծաղկաձորից: Նրա համար եւս շատ ուրախալի է այս փաստը, որ Հայաստանում է անցնում իր հերթական հավաքը: Նա պատմել է, որ երիտասարդության տարիներին մշտապես ուսումնամարզական հավաքներ, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունն անցել է Ծաղկաձորում եւ Հայաստանի հետ կապված գեղեցիկ հուշեր ունի:
Նա խոստացել է, որ նորից կգա, քանի որ այս անգամ քիչ օրով էր նախատեսած հավաքը:
Ամենակարեւորը՝ մեր երեխաների համար նման լեգենդար մարզիչի հետ աշխատելը մեծ փորձ է: Երեխաները շատ ոգեւորված են եւ սիրով մասնակցում են նրա գլխավորությամբ մարզումներին: Ինչպես գեղասահորդները, այնպես մարզիչները ուրախացան, երբ իմացան, որ հնարավորություն են ունենալու մարզվել Ալեքսեյ Միշինի հետ: Նաեւ հետեւում են նրա թիմի մարզումներին: Գեղասահքն այնպիսի մարզաձեւ է, որ նաեւ դիտելով կարող ես սովորել:
Երբ որոշվեց, որ Միշինը պետք է աշխատի նաեւ հայ երեխաների հետ, նա ցանկություն հայտնեց 45 րոպե յուրաքանչյուր մարզումից տրամարդել հայ երեխաներին: Նրա հետ Երեւան ժամանած մարզիչները եւս մարզում են մեր երեխաներին, աշխատում են ցատկերի, պտույտների վրա, նաեւ տեխնիկական աշխատանք են տանում սահադաշտից դուրս»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:
Ռուսական թիմի հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները կտեւեն մինչեւ մայիսի 11-ը: Ալեքսեյ Միշինի թիմը Հայաստանից կմեկնի մայիսի 12-ին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.