10:31  ,  15 հոկտեմբերի, 2012

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ռազմական թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը. հարցազրույց

Հոկտեմբերի 19-ից 26-ը Վիետնամում տեղի կունենա ռազմական թաեքվոնդոյի աշխարհի 21-րդ առաջնությունը, որն անցկացնում է Միջազգային ռազմական մարզական խորհուրդը (CSIM)։ 133 երկրների մեջ առաջին անգամ կլին նաեւ Հայաստանը։ Այս կապակցությամբ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանի հետ։

Պարոն Խաչիկյան, ի՞նչ է CSIM-ը։

CSIM-ը Միջազգային ռազմա-մարզական խորհուրդն է։ Կազմակերպությունը հիմնվել է 1948-ին, 1995-ից այն անցկացնում է Միջազգային խաղերը, որին մասնակցում են տարբեր երկրների զինված ուժերի մարզիկները։ Այս տարի Հայաստանի Պաշտպանության նախարարության աջակցության շնորհիվ առաջին անգամ մենք եւս կմասնակցենք այդ միջոցառմանը։

Ինչո՞վ է տարբերում ռազմական թաեքվոնդոն օլիմպիականից (WTF)։

Ռազմական թաեքվոնդո տերմինը զուտ ձեւական է՝ մատնանշելու համար, որ մրցմանը մասնակցում են զինծառայության մեջ գտնվող մարզիկներ։ Իսկ մենամարտերն անցկացվում են WTF-ի նույն կանոններով։ Միջազգային ռազմա-մարզական խորհուրդի կարգախոսն է «Սպորտը հանուն խաղաղության», եւ այն բոլոր մարզական միջոցառումները կազմակերպում է՝ համագործակցելով  Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ։ Այս Խաղերին կմասնակցեն նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցներ։

Ովքե՞ր են ներկայացնելու Հայաստանը Վիետնամում։

Հայաստանի հավաքականի կազմում Վիետնամ կմեկնեն Հունաստանում անցկացված Եվրոպայի առաջնության 5-րդ մրցանակակիր, 17-ամյա Հայկ Խաչատրյանը (-68 կգ), Հայաստանի չեմպիոն, 19-ամյա Վահագն Աղեկայնը (-74 կգ) եւ 18-ամյա Լեոնիդ Հարությունյանը (-80 կգ)։ Հայկ Խաչատրյանը զինակոչիկ է, Վահագն ու Լեոնիդը ծառայում են հատուկ նշանակության զորքերի հատուկ բրիգադում։

Ինչպե՞ս է ընթանում նրանց նախապատրաստությունը։

Հաշվի առնելով Վիետնամի հետ ժամանակային գոտու եւ կլիմայի մեծ տարբերությունը՝ մենք փոխել ենք մեր մարզումների գրաֆիկը։ Արթնանում ենք վաղ առավոտյան եւ քնում ենք բավական վաղ։ Մեզ լուրջ մրցակիցներ են սպասվում։ Հարավային Կորեան ու Իրանը հաճախ այս Խաղերին ուղարկում են ազգային հավաքականները։ Այս մրցաշարի հաղթողները համարվում են աշխարհի առաջնության չեմպիոնի հիմնական հավակնորդներ։ Մենք պետք է արժանի ելույթ ունենանք։ Մենք առաջին անգամ ենք ներկայանալու ռազմական Խաղերին։ Պաշտպանության նախարարության աջակցությամբ մենք սկսում ենք ճանապարհ հարթել հայկական թաեքվոնդոյի համար միջազգային ասպարեզում։ Չի բացառվում, որ մենք մասնակցենք նաեւ 2016-ին Սեուլում կայանալիք ռազմական օլիմպիական խաղերին։

Պարոն Խաչիկյան, Դուք նաեւ ֆրանսիական Provence-Armenie հասարակական մարզական կազմակերպության ներկայացուցիչն եք Հայաստանում։ Ի՞նչ կազմակերպություն  է այն։

Կազմակերպության կենտրոնը Մարսելում է։ Դրա անդամ են Շառլ Ազնավուրը, Պատրիկ Ֆիորին, Ֆրանսիայում եւ աշխարհում հայտնի այլ մարդիկ։ Նրանց օգնությամբ մենք կառուցել ենք հրաշալի մարզադագլիճ, սեմինարներով ժամանում են տարբեր մասնագետներ։ Անցած շաբաթ սեմինարներն ավարտեց այկիդոյի հրաշալի մասնագետ Պատրիկ Մատոյանը։ Այս օրերին Երեւանում է գտնվում կազմակերպության ղեկավար Էրվե Ղեւոնդյանը, որին կներկայացնենք մեր գործունեության արդյունքները եւ կքննարկենք հետագա համատեղ ծրագրերը։

Զրուցեց Պարույր Սինյավսկին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում