16:03  ,  27 փետրվարի, 2022

Հայաստանի բազմակի չեմպիոն. Հայաստանում աճելու, մասնագիտանալու տեղ այլեւս չկար

Հայաստանում սպորտային պարերը բարձր մակարդակի վրա են, մեծ ներուժ ունենք: Ֆեդերացիան հրաշալի աշխատանք է կատարում, ուղղակի հնարավորություններ են սահմանափակ: Մարզաձեւը մեր երկրում մեծ ապագա ունի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց սպորտային պարերի Հայաստանի  բազմակի չեմպիոն, Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի անդամ, գործող մարզիկ եւ մարզիչ, պրոֆեսիոնալ պարող Արտակ Զախարյանը:

28-ամյա Արտակն այս շրջանում ապրում է ԱՄՆ-ում, որտեղ հանդես է գալիս La Imperial Dance Lake Mary պարային ստուդիայում՝ որպես պրոֆեսիոնալ պարող,  մարզիկ եւ մարզիչ: Մարզական կարիերայի ընթացքում ունեցած հաջողությունների շնորհիվ ընդգրկվել է ԱՄՆ սպորտային պարերի ֆեդերացիա եւ պաշտոնապես հանդիսանում է National Dance Council of America-ի անդամ:

ԱՄՆ-ում մարզական եւ մարզչական 3-ամյսա գործունեության ընթացքում հայ մարզիկն իր սանի հետ պարային զույգով արդեն երկու մրցաշարի է մասնակցել եւ երկու հաղթանակ տարել:

Արտակ, շնորհավարում եմ առաջին երկու հաջող մրցելույթների կապակցությամբ: Ի՞նչ մրցաշարեր էին եւ քանի՞ մասնակցի մեջ ձեր պարային զույգը հաղթող ճանաչվեց: 

Շնորահալ եմ: ԱՄՆ-ում գտնվելուս եւ այստեղ մարզական, ինչպես նաեւ մարզչական գործունեությունս ծավալելու ընթացքում առաջին անգամ հնարավորություն ստացանք մասնակցել ԱՄՆ-ի միջնահանգային երկու մրցաշարերի, որոնք համարվում են ԱՄՆ բաց առաջնություններ: Այս մրցաշարերն անցկացվում են գրեթե ամեն ամիս մինչեւ ԱՄՆ առաջնությունը: Այսպես ասած՝ նախընտրական փուլերն են պարային զույգերի համար, որոնք ցանկանում են մասնակցել արդեն պաշտոնական առաջնությանը: Մենք սկսել ենք «Majesty Dance Sport» մրցաշարից, որը տեղի ունեցավ հունվարի 30-ին Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում: Մասնակցում էր շուրջ 50 պարային զույգը տարբեր նահանգներից: 3 ծրագրով լատինաամերիկյան պարեր ներկայացրինք եւ միավորներով առաջին տեղը զբաղեցրինք: Առաջին փորձի համար գերազանց արդյունք էր: Տարբեր տարիքային խբեր էին մասնակցում եւ մեծ մրցակցություն կար: Երեք մրցումային ծրագրի հանրագումարում մրցավարներն ամենաբարձր միավորները մեր զույգին տվեցին: Փետրվարի 12-ին էլ Մայամիում մասնակցեցինք «Platinum Dance Sport» մրցաշարին, որտեղ նույնպես լավագույնը ճանաչվեց՝ զբաղեցնելով առաջին տեղը: Սա արդեն մեծ քայլ է մեր զույգի համար: Շատ ուրախ եմ, քանի որ ես այստեղ հանդես եմ գալիս ոչ միայն որպես մարզիկ, պարող, այլեւ մարզիչ: Իմ պարային զույգն իմ աշակերտն է ԱՄՆ-ից:

Հայաստանում ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց սպորտային պարերի Ձեր կարիերան:

Սպորտային պարերով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից: Առաջին քայլերս արել եմ «Երեւան» պարային ստուդիայում Արթուր Մարատովի Զաքարյանի գլխավորությամբ: Նրա շնորհիվ լատինաամերիկյան պարերն ինձ համար դարձան ոչ թե հոբի, այլ ապրելակերպ, մասնագիտություն: Պարի հաճախել եմ մայրիկիս խորհրդով. նա ժամանակին պարել է «Բերդ» պարային համույթում: Հենց սկբից սպորտային պարերի գծով եմ գնացել, ինձ ավելի շատ հետաքրքրել է լատինաամերիկյան պարերը: Մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի Հայաստանում ու արտերկրում եւ գրեթե բոլոր մրցաշարերում մրցանակային տեղեր եմ զբաղեցրել:

Ի՞նչ հաջողությունների եք հասել Հայաստանում:

Առաջին անգամ մեծ բեմում հանդես եմ եկել 2002 թվականի մայիսի 3-ին Երեւանի բաց  առաջնությունում՝ դառնալով հաղթող: Առաջին անգամ Հայաստանի չեմպիոն եմ դարձել 2004 թվականին պատանիների կատեգորիայում: 2011 թվականիn Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի պաշտոնական առաջնությունում երիտասարդ կարգում դարձել եմ չեմպիոն, 2013 թվականի Հայաստանի պաշտոնական առաջնությունում մեծահասակներ կարգում՝ փոխչեմպիոն, նույն թվականի Հայաստանի բաց առաջնությունում զբաղեցրել եմ առաջին տեղը, 2018 թվականին Հայաստանի պաշտոնական առաջնությունում մեծահասակներ կարգում նվաճել եմ փոխչեմպիոնի կոչումը: 

Միջազգային մրցաշարերում ինչ եք արդյունքներ գրանցել:

2006 թվականին Վրաստանում մասնակցել եմ «Կովկասի գավաթ» միջազգային մրցաշարին եւ «Պատանի 2» կարգում զբաղեցրել չորրորդ տեղը: Առաջնությանը մասնակցում էր 15 պարային զույգ տարբեր երկրներից: 2009-ին Վրաստանի  «Golden Fleece» միջազգային մրցաշարում 20 զույգերի մրցապայքարում 5-րդն էինք: Հրավերներ ենք ստացել մասնակցել աշխարհի առաջնությանը, բայց հնարավորություն չի եղել: Մեր ֆեդերացիայի բյուջեն այն ժամանակ բավարար չէր, որ մասնակցեինք: Այժմ արդեն սկսել են մասնակցել, արդեն ունենում ենք ներկայացուցիչներ, ինչի համար շատ ուրախ եմ:

Հայաստանում Դուք նաեւ մարզիչ եք եղել: Ի՞նչ հաջողություններ են ունեցել Ձեր սաները:

18 տարեկանից նույն «Երեւան» ստուդիայում սկսեցի աշխատել նաեւ որպես մարզիչ: Համատեղում էի մարզումներս մարզչության հետ: Իմ աշակերտները ներքին մրցաշարերում մրցանակային տեղեր են զբաղեցրել, լավ արդյունքներ ենք ունեցել:  Աշխատել եմ ինչպես պարային զույգերի, այնպես էլ մենապարողների հետ: Պարային զույգերս բոլոր մրցաշարերում հաղթող են ճանաչվել: Այդպես՝

2016 թվականին ֆեդերացիայի բաց առաջնության «Պատանի 2» կարգում իմ գլխավորությամբ  Հարություն Միքայելյան - Անահիտ Թորոսյան զույգը ճանաչվել է հաղթող: Երեւանի «Վիվատ» ակումբի բաց առաջնությունում «Պատանի 2» կարգում ներկայացել ենք Մուշեղ Հարությունյան - ԼունաԴավթյան պարային զույգով եւ գրավել առաջին տեղը:  Այս նույն զոյգը հաղթել է նաեւ 2019-ին «Elita» ակումբի բաց առաջնությունում «Պատանի 2» կարգում, իսկ ֆեդերացիայի բաց առաջնությունում երկրորդն էր:  2017-ին  Հայաստանում անցկացվող «Պարի Միջազգային Օր» բաց առաջնությունում ներկայացրել եմ մենապարող Լունա Դավթյանին, որը դարձել է հաղթող սոլո կատարմամբ: «Elita» ակումբի, «Crystal» ակումբի բաց առաջնություններում Լունա Դավթյանը տարբեր կատեգորիաներում եւս հաղթող է ճանաչվել:

Մենք շատ լավ ներուժ ունենք Հայաստանում: Հատկապես ներկայիս սերունդը շատ ճկուն է, պարող, պարի սիրահարներ են: Ասում են՝ հայերը պարող ազգ են, իսկապես այդպես է: Հրաշալի սերունդ ունենք, մասնավորապես տղաների շրջանում տաղանդավոր երեխաներ կան, միայն թե քիչ են տղա պարողները:

Ինչո՞ւ որոշեցիք մարզական, նաեւ մարզչական կարիերան շարունակել Հայաստանից դուրս:

Հայաստանում աճելու տեղ այլեւս չկար, որպես մարզիչ մասնագիտանալու տեղ չկար: Այստեղ խնդիրը ֆեդերացիայինը չի: Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան շատ լավ է աշխատում: Դեռ չենք կարող համեմատվել դրսի հետ, նաեւ չենք կարող համեմատվել Հայաստանի մյուս մարզաձեւերի հետ, որոնցում բարձր արդյունքներ ունենք:

Այն, ինչ հնարավոր էր, որպես մարզիկ ու նաեւ մարզիչ, Հայաստանում արեցի: Իհարկե, ավելին կարող էի, ձգտում էի, բայց հնարավորություն չկար: Շատ էի ուզում դրսում փորձել իմ ուժերը, դրսեւորել ինձ, մասնագիտանալ: Վերջին տարիներին մեր երկրը շատ բարդ ժամանակահատված է ապրում եւ, հասկանալի է, որ ֆինանսները ուղղված են ավելի կարեւոր խնդրիների, ոլորտների վրա: Որեւէ մեկին չեմ մեղադրում դրանում, բայց ես դեռ շատ նպատակներ ունեմ: Ձգտում ունեմ ավելի մեծ հաջողությունների հասնել:

Ինչո՞ւ ԱՄՆ:

ԱՄՆ-ից հրավեր ստացա La Imperial Dance Lake Mary պարային ստուդիայի ղեկավար Վարդ Մարգարյանի կողմից: 2018-ին նա ժամանել էր Հայաստան, ներկա եղել մրցումներից մեկին, հետեւել, ուսումնասիրել էր ինձ, հետագայում կապ հաստատեց եւ առաջարկեց աշխատել իր հետ ԱՄՆ-ում: 2019 թվականին հրավերը նրա կողմից ստացա, համաձայնեցի: 2020-ին համավարակի պատճառով մեկնելս հետաձգվեց: 2021-ի հոկտեմբերից տեղափոխվեցի այստեղ: Վարդ Մարգարյանը նախկին պարող է, 2008 թվականից է այստեղ: Մամբոյի ԱՄՆ չեմպիոն է եղել, ճանաչված պարող է, լուրջ հաջողությունների է հասել: Այժմ էլ իր փորձառությունը փոխանցում է իր սաներին:

Ո՞րն է Ձեր գերնպատակը սպորտային պարերում ԱՄՆ-ում:

Այստեղ շեշտադրությունը դրել եմ ոչ թե իմ կարիերայի վրա, այլ մարզչության: Ուզում եմ, որ իմ աշակերտները լուրջ հաջողությունների հասնեն, իմ փորձը, հմտությունները փոխանցեմ նրանց, նաեւ սովորեմ, ավելի մասնագիտանամ, ես էլ նրանց հետ իմ հաջողությունները գրանցեմ: Քայլ առ քայլ ձգտում ենք ավելի բարձր արդյունքների: Պատրաստվում ենք Ամերիկայի առաջնությանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերին: Վարդ Մարգարյանին շնորհակալ եմ ինձ վստահելու եւ այս հնարավորությունն ընձեռելու համար: Հնարավոր ամեն ինչ կանեմ, որ մեծ հաջողություններ ունենանք: Այստեղ սպորտային պարերը շատ բարձր մակարդակի վրա են, մեծ պրոֆեսիոնալիզմ կա եւ դու մեծ հնարավորություն ունես էլ ավելի աճելու: Ամեն շաբաթ մրցումներ կան, պարողները շատ են, մրցակցությունը մեծ է: Սա լավ հնարավորություն է մեծ հաջողությունների հասնելու համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով