09:09  ,  11 փետրվարի, 2022

Արեգ Վաթյան․ «Հատիս» անունը կրկին պետք է թնդա այնպես, ինչպես նախկինում

 «Հատիս» անունը կանանց հայկական բասկետբոլի բրենդն է: Բոլորը գիտեն, ճանաչում են: Ամեն գնով պետք է փորձենք վերականգնել հաղթանակները: «Հատիս» անունը կրկին պետք է թնդա այնպես, ինչպես նախկինում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հատիս» բասկետբոլի կանանց թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը:

Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի նախկին ավագ մարզիչը, տղամարդկանց 2021 թվականի Հայաստանի գավաթակիր «Մեդ Ֆոքսիս» թիմի նախկին գլխավոր մարզիչը 2021 թվականի դեկտեմբերից գլխավորում է «Հատիսը», որն այս շրջանում մասնակցում է Հայաստանի Ա լիգային եւ հավակնում է Հայաստանի չեմպիոնի կոչմանը:

Մինչ այս պահը Արեգ Վաթյանի ղեկավարած թիմը գլխավորում է Ա լիգայի մրցաշարային աղյուսակը: Փետրվարի 10-ին «Հատիսը» տարավ իր 8-րդ հաղթանակը՝ 86։50 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ: «Հատիսը» տարել է 8 հաղթանակ, կրել 1 պարտություն:

Պարոն Վաթյան, ինչպե՞ս ձեւավորվեց «Հատիսը»: 

«Հատիսը» ձեւավորվել է 2021 թվականին: Թիմը գլխավորում էր Վահագն Հարությունյանը: Այն ժամանակ թիմի կազմում միայն հայ խաղացողներ էին: Նախորդ տարի Ա լիգայում առհասարակ արտասահմանից խաղացողներ չունեինք: Այս տարի որոշվեց, որ առաջնությունը պետք է ավելի ուժեղացնել եւ հրավիրել լեգեոներների:

Կազմակերպեցինք մի մրցաշար, որին մասնակցում էին ամերիկացի խաղացողներ: Հայաստանի առաջնության մասնակից յուրաքանչյուր թիմ այդ մրցաշարից իր համար ընտրեց երեքական լեգեոների: Այժմ առաջնությունում մասնակցում է 5 թիմ: Ամեն թիմում կա երեք արտասահմանցի խաղացող, բացառությամբ 2021 թվականի Հայաստանի չեմպիոն «Լես Ֆոքսիսի»: Երեք խաղացող էլ ունենք «Հատիսում»:

Ձեր նշած ընտրական մրցաշարին մասնակցելու համար բասկետբոլիստները դրսից հատուկ էին ժամանե՞լ Հայաստանը: Ի՞նչ կարգով է կատարվել լեգեոներների ընտրությունը: 

Ոչ, նրանք այստեղ մասնակցում էին 3x3 մրցաշարի: Այնտեղից հրավիրեցինք մասնակցել ընտրական մրցաշարի: Կազմեցինք թիմեր եւ խաղացին միմյանց դեմ: Այդ ընթացքում Ա լիգայի թիմերի մարզիչներն իրենց համար ընտրեցին խաղացողների եւ նրանց հետ կնքեցին պայմանագրեր:

Ինչպե՞ս, ո՞ւմ առաջարկով ստանձնեցիք թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը:

Առաջարկը եղավ Վահագն Հարությունյանից 2021 թվականի դեկտեմբերին: Քանի որ «Հատիսն» ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, ես ընդունեցի առաջարկը: 2009 թվականին նախկին «Հատիս» ակումբի հիմնադիրներից մեկն եմ: Սա նոր մարտահրավեր էր ինձ համար, որպեսզի զարկ տանք բասկետբոլի կանանց «Հատիս» ակումբի պատմության նոր էջին: Ես եղել եմ նախկին «Հատիսի» երկրորդ մարզիչը, ակումբի գլխավոր քարտուղարը: Այն ժամանակ՝ 2009-2010 թվականներին, երբ «Հատիսը» թնդում էր, ես եղել եմ ակումբի կազմում եւ այդ փառահեղ ճանապարհը անցել եմ մեր աղջիկների հետ:

Այսինքն՝ ցանկություն ունեք վերակագնե՞լ «Հատիսի» հաղթական ավանդույթները: Հնարավո՞ր է:

Ամեն ինչ հնարավոր է: Փորձում ենք, ձգտում ենք գնալ դրան, որպեսզի «Հատիս» ակումբի անունը կրկին թնդա, այնպես, ինչպես այն ժամանակ էր. նորից երկրպագուներով լեցուն դահլիճներ ունենանք, մարդիկ սպասեն, գան մեր խաղերին, հաջող մրցելույթներ ունենանք եվրագավաթներում:

Նշեցիք, որ Դուք եղել եք նախկին «Հատիսի» ակունքներում: Ո՞րն էր ակումբի հաջողության գաղտնիքը:

Ճիշտ էր ընտրված գլխավոր մարզիչը, խաղացողների կազմը: Ես հիշում եմ, որ կարճ ժամանակում մենք կարողացանք ստեղծել լավ մթնոլորտ, լավ ակումբ, որը շատ քիչ բյուջեով հաղթում էր ուժեղագույն թիմերին, ինչպես օրինակ «Բեշիկթաշին», «Չեւակատային», հավասար էր խաղում հունական «Անտինակիոսի» եւ ռուսական «Նադեժդայի» հետ: Մենք ունեցել ենք շատ լուրջ կազմ: Հիմա ուզում ենք վերականգնել այդ ամենը, հաղթանակներ պարգեւել մեր ազգին, այդ բերկրանքը նորից զգալ կանանց բասկետբոլում:

Ի՞նչ կազմ ունի այժմ «Հատիսը» եւ ներկայիս կազմով ինչպե՞ս եք գնահատում հնարավորությունները: 

Դեռ հաստատման փուլում ենք: Այժմ լավ կազմ ունենք, իհարկե, Հայաստանի առաջնության համար: Մեր առջեւ դրված խնդիր ունենք՝ հաղթել Ա լիգան: Դեռ պարտություն չունենք, հաղթելով առաջ ենք շարժվում: Այս պահին առաջին տեղում ենք: Եթե այս տարի հաղթենք Հայաստանի առաջնությունում, հնարավորություն կունենանք միջազգային մրցաշարերին մասնակցել: Նախատեսում ենք մասնակցել 2023 թվականի Եվրագավաթին: Իհարկե, դեռ վաղ է այս մասին խոսելը, քանի դեռ պետք է ապահովենք Հայաստանի չեմպիոնությունը: Հետագայում արդեն Եվրագավաթին մասնակցելու հարցը կորոշվի ակումբի ղեկավարության եւ հովանավորների կողմից:

«Հատիս» անունը կանանց հայկական բասկետբոլի բրենդն է: Բոլորը գիտեն, ճանաչում են: Ամեն գնով պետք է փորձենք պահպանել եւ վերականգնել «Հատիսի» հաղթանակները:

Ինչ վերաբերում է «Հատիսի» ներկայիս կազմին, այս լիգայի համար գտնում եմ, որ լավ է: Երեք լեգեոներ ունենք, մնացած խաղացողները Երեւանից են: Գուցե փլեյ-օֆֆից առաջ նաեւ փոփոխությունների գնանք: Կապված է թիմի ելույթներից: Թիմը դեռ կուժեղացնենք:

Որպես մարզիչ մեծ ներուժ եմ տեսնում թիմում: Անշուշտ, նախկին «Հատիսի» խաղացողների մակարդակն ավելի բարձր էր. ունեինք Ուկրաինայի հավաքականի երկու խաղացող, Սերբիայի հավաքականի երկու խաղացող, ի դեպ Սերբիայի հավաքականը օլիմպիական փոխչեմպիոն է: Իսկ եթե խոսում ենք այս երկրների կանանց բասկետբոլի մասին, այսօրվա դրությամբ նրանք ամենաուժեղն են Եվրոպայում, նաեւ աշխարհում: Այս համեմատության ֆոնին ներկայիս «Հատիսի» խաղացողների մակարդակը ցածր է:

Այդ ամենից բացի, ներկայիս «Հատիսի» բյուջեն էլ շատ է զիջում նախկին ակումբի բյուջեին: Աշխատում ենք ամեն գնով բարձր արդյունքներ ունենալ եւ հնարավորությունների չափով կրկնել այն հաջողությունները, այն փառահեղ մրցելույթները, որ ունեցել է նախկին «Հատիսը»: Եթե որոշենք մասնակցել Եվրագավաթին, խաղացողների որակը միանշանակ կլավացնենք, հրավերներ կանենք:

Բացի այն, որ անելու ենք հնարավորը «Հատիսի» փառահեղ ճանապարհը կրկնելու համար, նաեւ փորձում ենք պահպանել «Հատիսի» շունչը: Իմ առաջարկով թիմի մարզահագուստը նույնն է, ինչ նախկին «Հատիսինն» էր: Այն հաճելի հիշողություններ է արթնացնում երկրապուգների, նաեւ մեզ մոտ, ավելի ոգեշնչում է մեր խաղացողներին լավ արդյունքներ գրանցել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում