09:35  ,  25 դեկտեմբերի, 2021

Հակոբ Սերոբյան․ Գերազանց տարի էր, մենք պատմություն կերտեցինք (ֆոտո)

Մրցաշրջան-2021-ում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն, մի շարք փառահեղ հաղթանակներ տարավ, ի դեմս Արթուր Դավթյանի: Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նախ ապրիլի 24-ին հաղթեց Եվրոպայի առաջնությունում եւ անմոռուկով կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, ապա փայլեց Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում՝ նվաճելով անկախ Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը այս մարզաձեւում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մրցաշրջան-2021-ը, խոսել գերլարված եւ գերէմոցիոնալ տարվա հաղթանակների, հաջողությունների մասին եւ գնահատել թիմի, ինչպես նաեւ իր աշխատանքը:

Պարոն Սերոբյան, ինչպիսի՞ն ստացվեց մրցաշրջան-2021-ը Ձեզ համար: Ամփոփեք անցնող տարին:

Գերազանց տարի էր մեզ համար: Այս տարի մենք պատմություն կերտեցինք՝ ինչպես սպորտային մարմնամարզությունում, այնպես՝ հայկական սպորտում: Երկու մեծ իրադարձություն տեղի ունեցավ, երկուսն էլ աննկարագրելի հույզերով, որոնք գուցե էլ երբեք չկրկնվեն՝ ապրիլի 24-ին Եվրոպայի չեմպիոն դառնալը եւ Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դառնալ: Մյուս մարզաձեւերում էլ մեծ հաղթանակներ ունեցանք, բայց Արթուր Դավթյանի այս հաղթանակներն առանձահատուկ են:

Եթե բռնցքամարտում, ըմբշամարտում, ծանրամարտում չեմպիոններ դառնում են այս կամ այն քաշային կարգերում, մեկ ձեւում, Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նժույգ թափեր վարժությունում, օլիմպիական բրոնզե մեդալակիր՝ հենացատկում: Չլսված հաջողություն է, որ մեկ մարզիկ կարող է երկու միմյանցից շատ տարբեր ու բարդ ձեւերում այսպիսի փառահեղ հաջողություններ գրանցել, այն էլ մեկ տարում: Սա խոսում է Արթուրի որակների մասին: Ոչ բոլորն են հասկանում, թե ինչի է սա նշանակում: Այնպես, որ հաջողված եմ համարում տարին մեզ համար:

Ինչի՞ համար եք ափսոսում:

Ափսոսում եմ, որ աշխարհի առաջնությունում Վահագն Դավթյանը չկարողացավ մասնակցել հայտնի պատճառներով: Նա շատ լավ էր պատրաստվել: Չեմ ասում՝ գնալու էր, աշխարհի չեմպիոն դառնար, բայց նա ուժեղագույնների մեջ էր եւ միանշանակ մտնելու էր լավագույն 8-ի մեջ, լինելու էր մեդալային պայքարում: Ափսոսում եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց, եւ մենք բաց թողեցինք այդ կարեւոր մրցաշարը, գուցե նաեւ աշխարհի մեդալը:  

Աշխարհի առաջնությունն ինձ շատ ուրախացրեց մի փաստով՝ Հարություն Մերդինյանը վերադարձավ մեծ սպորտ, պայքարեց աշխարհի առաջնությունում, ցույց տվեց իր բարձր կարգը, մտավ եզրափակիչ, ինչը նշանակում է՝ նա աշխարհի 8 ուժեղագույններից մեկն է: Շատ եմ ուրախացել այս փաստով, որ Հարութը որոշեց վերսկսել մարզումները, վստահ եւ շատ լավ մասնակցեց աշխարհի առաջնությանը եւ այդքան դադարից հետո, տարիներ անց նա կրկին ուժեղների մեջ է:

Տարին առանձնացնում եմ նաեւ այս իրադարձությունով, որ Արթուր Դավթյանի արդյունքները Հարություն Մերդինյանին ոգեւորեցին եւ նա վերադարձավ:

Հավաքականի անդամներից ովքե՞ր չարդարացրեցին:

Այնպես չի եղել, որ որեւէ մեկից սպասելիքներ ունեի եւ չստացվեց: Իր արդյունքները ցույց չտվեց Արթուր Թովմասյանը, բայց կար օբյեկտիվ պատճառ. ուսի վիրահատություն էր տարել: Ինչպե՞ս կարող եմ նրա արդյունքներից դժգոհ լինել, եթե գիտեմ նրա վիճակը: Վիրահատությունից հետո լավ հանդես եկավ Արթուր Ավետիսյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավեց: Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը բոլորիս ուրախացրեց՝ Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավելով:  Այս մրցաշրջանում որեւէ մեկից դժգոհ չեմ: Արդյունքները սպասվածից ավելի են եղել:

Որպես մարզիչ՝ ո՞րն է եղել Ձեր մեծ երազանքը 2021-ում:

Օլիմպիական մեդալը: Իսկապես սա երազանք էր, որն իրականացավ: Ես ուղղակի երազում էի, որ մենք օլիմպիական մեդալ ունենայինք, կարեւոր չէր՝ ինչ գույնի:

Ո՞ր հաղթանակով առավել ուրախացաք՝ ապրիլի 24-ին Եվրոպայի չեմպիոնությա՞մբ, թե՞ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալով:

Շատ տարբեր են: Երկուսով էլ ուրախացել եմ, բայց այդ ուրախությունները տարբեր են միմյանցից:

Պատերազմից հետո խոշոր մրցաշարը, որին մասնակցեցինք, Եվրոպայի առաջնությունն էր: Այստեղ էինք առաջին անգամ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հանդիպում մրցապայքարում: Բոլորս շատ ընկճված էինք հոգեբանական առումով: Յուրաքանչյուրս զգացել ենք այդ պահը՝ պարտվածի հոգեբանությունը: Երբ Արթուրը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, մենք հաղթեցինք: Այդ պահին հաղթեցինք, հոգեբանությունը փոխվեց: Իսկ երբ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը դարձավ Եվրոպայի չեմպիոն, ուղղակի բառերով չեմ կարող նկարագրել՝ ինչ ապրումներ ունեցանք: Անձամբ ինձ համար՝ հպարտություն էր: Այդ ժամանակ եմ իմ թիմին ասել՝ շնորհակալություն: Եվրոպայի հաղթանակի զգացողությունը, հույզերը, ուրախությունն ուրիշ էին:

Օլիմպիական խաղերը, բրոնզե մեդալը լրիվ այլ հույզեր էին: Այստեղ այն հպարտությունը չէր, ինչ ապրեցի Եվրոպայի առաջնությունում, սա էլ այլ հոգեվիճակ էր. առաջին անգամ որպես մարզիչ հուզմունքից արտասվեցի: Հասանք գագաթնակետին: Երբ ինքդ քո առջեւ առաջադրանք ես դնում ու հասնում այդ գագաթնակետին՝ անգնահատելի է: Հաշվետու չէինք որեւէ մեկին, ապացուցելու խնդիր չունեինք: Լինում է չէ, որ մրցաշարի ես մասնակցում, բոլորը գոհ են արդյունքներից, քո աշխատանքից, բայց դու ինքդ քեզնից գոհ չես: Իսկ երբ է գալիս այդ գագաթնակետը, երբ հասկանում ես՝ որ գոհ ես այն արդյունքից, ինչ ունեք: Որպես մարզիչ հանգստացա՝ եղավ, ստացվեց:

Արթուրն օլիմպիական չեմպիոն էր: Այդ մեկ քայլը նրան զրկեց չեմպիոնությունից: Այսինքն՝ ամենաբարձր մակարդակով կարողացանք արդյունք տալ եւ դրանից արտասվեցի, որ արեցինք, մենք կարողացանք:

Ի՞նչ մտքերով եք ճանապարհում մրցաշրջան-2021-ը:

Մտքերս երկրում տիրող իրավիճակն է: Ուզում եմ, որ հանգիստ լինի, խաղաղ երկնքի տակ ապրենք, յուրաքանչյուրս լծվենք մեր գործին, չմտածենք երկրի մասին եւ մեր ոլորտներում փորձենք հաղթանակներ գրանցել: Այս հաջողված տարին նաեւ հույսով եմ ճանապարհում, որ 2022-ում կկարողանանք կրկնել: Նաեւ նպատակով եմ ճանապարհում, որ մեր մարզադահլիճը կառուցվի, վերջապես ունենանք մեր դահլիճը, մեր երեխաները լավ պայմաններում մարզվեն եւ չտեսնեն այն դժվարությունները, որոնք տեսան իմ տղաները:

Մենք շատ բարդ ճանապարհ անցանք մինչ այս հաղթանակները, ունեցանք հիասթափություններ, հաջողություններ, բայց թիմը չմասնատվեց, ճիշտ աշխատանքով, հաշվարկներով հասանք այս գագաթնակետին: Ես ինձանից գոհ եմ (ծիծաղում է,- Լ.Շ.): Գոհ եմ ճիշտ հաշվարկների, մոտեցումների համար: Օրինակ՝ Օլիմպիական խաղերը ես վստահեցի մարզիչ Հայկ Նազարյանին: Սխալ ընտրություն չկատարեցի. նա փայլուն արեց իր առջեւ դրված խնդիրը: Մրցավայրում ճիշտ աշխատեց Արթուրի հետ, ինչ-որ տեղ նաեւ ինձանից լավ, քանի որ գուցե իմ գերլարվածությունը ես փոխանցեի Արթուրին, եւ մենք հաջողություն չունենայինք: Այս հաշվարկների հարցում ես գոհ եմ ինձանից:

Ի՞նչ նապատկ եւ խնդիր եք դնում թիմի եւ Ձեր առջեւ մրցաշրջան-2022-ում:

2022 թվականը շատ հագեցած է մրցաշարերով: Կորոնավիրուսով պայմանավորված մրցաշարերը, որոնք հետաձգվել էին, անցկացվելու են գալիք մրցաշրջանում՝ Համաշխարհային ուսանողական խաղեր, պատանիների Եվրոպական փառատոն: Մենք ունենք Եվրոպայի առաջնություն, Ունիվերսիադա, աշխարհի առաջնություն, երիտասարդների Եվրոպայի առաջնություն: Եվրոպայի առաջնություններում փորձելու ենք թիմային պայքարում լինել: Մրցումային տարին կսկսենք հունվարից՝ Թբիլիսիի հավաքով, ապա կանցկացնենք Հայաստանի առաջնություն եւ անմիջապես կմեկնենք աշխարհի գավաթների: 3 իրար հաջորդող աշխարհի գավաթ է անցկացվելու՝ փետրվարի 2-ից. Գերմանիա, Քաթար եւ Կահիրե: 4-րդը տեղի է ունենալու Բաքվում, որին չենք մասնակցելու:

Սպորտային մարմնամարզությունում կանոնների փոփոխություն կա. աշխարհի առաջնությունում առանձին գործիքներով եզրափակիչին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար մարմնամարզիկները պետք է միավորներ վաստակեն այս 4 աշխարհի գավաթի խաղարկություններից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով