09:35 25 դեկտեմբերի, 2021Մրցաշրջան-2021-ում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն, մի շարք փառահեղ հաղթանակներ տարավ, ի դեմս Արթուր Դավթյանի: Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նախ ապրիլի 24-ին հաղթեց Եվրոպայի առաջնությունում եւ անմոռուկով կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, ապա փայլեց Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում՝ նվաճելով անկախ Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը այս մարզաձեւում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մրցաշրջան-2021-ը, խոսել գերլարված եւ գերէմոցիոնալ տարվա հաղթանակների, հաջողությունների մասին եւ գնահատել թիմի, ինչպես նաեւ իր աշխատանքը:
Պարոն Սերոբյան, ինչպիսի՞ն ստացվեց մրցաշրջան-2021-ը Ձեզ համար: Ամփոփեք անցնող տարին:
Գերազանց տարի էր մեզ համար: Այս տարի մենք պատմություն կերտեցինք՝ ինչպես սպորտային մարմնամարզությունում, այնպես՝ հայկական սպորտում: Երկու մեծ իրադարձություն տեղի ունեցավ, երկուսն էլ աննկարագրելի հույզերով, որոնք գուցե էլ երբեք չկրկնվեն՝ ապրիլի 24-ին Եվրոպայի չեմպիոն դառնալը եւ Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դառնալ: Մյուս մարզաձեւերում էլ մեծ հաղթանակներ ունեցանք, բայց Արթուր Դավթյանի այս հաղթանակներն առանձահատուկ են:
Եթե բռնցքամարտում, ըմբշամարտում, ծանրամարտում չեմպիոններ դառնում են այս կամ այն քաշային կարգերում, մեկ ձեւում, Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նժույգ թափեր վարժությունում, օլիմպիական բրոնզե մեդալակիր՝ հենացատկում: Չլսված հաջողություն է, որ մեկ մարզիկ կարող է երկու միմյանցից շատ տարբեր ու բարդ ձեւերում այսպիսի փառահեղ հաջողություններ գրանցել, այն էլ մեկ տարում: Սա խոսում է Արթուրի որակների մասին: Ոչ բոլորն են հասկանում, թե ինչի է սա նշանակում: Այնպես, որ հաջողված եմ համարում տարին մեզ համար:
Ինչի՞ համար եք ափսոսում:
Ափսոսում եմ, որ աշխարհի առաջնությունում Վահագն Դավթյանը չկարողացավ մասնակցել հայտնի պատճառներով: Նա շատ լավ էր պատրաստվել: Չեմ ասում՝ գնալու էր, աշխարհի չեմպիոն դառնար, բայց նա ուժեղագույնների մեջ էր եւ միանշանակ մտնելու էր լավագույն 8-ի մեջ, լինելու էր մեդալային պայքարում: Ափսոսում եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց, եւ մենք բաց թողեցինք այդ կարեւոր մրցաշարը, գուցե նաեւ աշխարհի մեդալը:
Աշխարհի առաջնությունն ինձ շատ ուրախացրեց մի փաստով՝ Հարություն Մերդինյանը վերադարձավ մեծ սպորտ, պայքարեց աշխարհի առաջնությունում, ցույց տվեց իր բարձր կարգը, մտավ եզրափակիչ, ինչը նշանակում է՝ նա աշխարհի 8 ուժեղագույններից մեկն է: Շատ եմ ուրախացել այս փաստով, որ Հարութը որոշեց վերսկսել մարզումները, վստահ եւ շատ լավ մասնակցեց աշխարհի առաջնությանը եւ այդքան դադարից հետո, տարիներ անց նա կրկին ուժեղների մեջ է:
Տարին առանձնացնում եմ նաեւ այս իրադարձությունով, որ Արթուր Դավթյանի արդյունքները Հարություն Մերդինյանին ոգեւորեցին եւ նա վերադարձավ:
Հավաքականի անդամներից ովքե՞ր չարդարացրեցին:
Այնպես չի եղել, որ որեւէ մեկից սպասելիքներ ունեի եւ չստացվեց: Իր արդյունքները ցույց չտվեց Արթուր Թովմասյանը, բայց կար օբյեկտիվ պատճառ. ուսի վիրահատություն էր տարել: Ինչպե՞ս կարող եմ նրա արդյունքներից դժգոհ լինել, եթե գիտեմ նրա վիճակը: Վիրահատությունից հետո լավ հանդես եկավ Արթուր Ավետիսյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավեց: Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը բոլորիս ուրախացրեց՝ Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավելով: Այս մրցաշրջանում որեւէ մեկից դժգոհ չեմ: Արդյունքները սպասվածից ավելի են եղել:
Որպես մարզիչ՝ ո՞րն է եղել Ձեր մեծ երազանքը 2021-ում:
Օլիմպիական մեդալը: Իսկապես սա երազանք էր, որն իրականացավ: Ես ուղղակի երազում էի, որ մենք օլիմպիական մեդալ ունենայինք, կարեւոր չէր՝ ինչ գույնի:
Ո՞ր հաղթանակով առավել ուրախացաք՝ ապրիլի 24-ին Եվրոպայի չեմպիոնությա՞մբ, թե՞ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալով:
Շատ տարբեր են: Երկուսով էլ ուրախացել եմ, բայց այդ ուրախությունները տարբեր են միմյանցից:
Պատերազմից հետո խոշոր մրցաշարը, որին մասնակցեցինք, Եվրոպայի առաջնությունն էր: Այստեղ էինք առաջին անգամ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հանդիպում մրցապայքարում: Բոլորս շատ ընկճված էինք հոգեբանական առումով: Յուրաքանչյուրս զգացել ենք այդ պահը՝ պարտվածի հոգեբանությունը: Երբ Արթուրը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, մենք հաղթեցինք: Այդ պահին հաղթեցինք, հոգեբանությունը փոխվեց: Իսկ երբ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը դարձավ Եվրոպայի չեմպիոն, ուղղակի բառերով չեմ կարող նկարագրել՝ ինչ ապրումներ ունեցանք: Անձամբ ինձ համար՝ հպարտություն էր: Այդ ժամանակ եմ իմ թիմին ասել՝ շնորհակալություն: Եվրոպայի հաղթանակի զգացողությունը, հույզերը, ուրախությունն ուրիշ էին:
Օլիմպիական խաղերը, բրոնզե մեդալը լրիվ այլ հույզեր էին: Այստեղ այն հպարտությունը չէր, ինչ ապրեցի Եվրոպայի առաջնությունում, սա էլ այլ հոգեվիճակ էր. առաջին անգամ որպես մարզիչ հուզմունքից արտասվեցի: Հասանք գագաթնակետին: Երբ ինքդ քո առջեւ առաջադրանք ես դնում ու հասնում այդ գագաթնակետին՝ անգնահատելի է: Հաշվետու չէինք որեւէ մեկին, ապացուցելու խնդիր չունեինք: Լինում է չէ, որ մրցաշարի ես մասնակցում, բոլորը գոհ են արդյունքներից, քո աշխատանքից, բայց դու ինքդ քեզնից գոհ չես: Իսկ երբ է գալիս այդ գագաթնակետը, երբ հասկանում ես՝ որ գոհ ես այն արդյունքից, ինչ ունեք: Որպես մարզիչ հանգստացա՝ եղավ, ստացվեց:
Արթուրն օլիմպիական չեմպիոն էր: Այդ մեկ քայլը նրան զրկեց չեմպիոնությունից: Այսինքն՝ ամենաբարձր մակարդակով կարողացանք արդյունք տալ եւ դրանից արտասվեցի, որ արեցինք, մենք կարողացանք:
Ի՞նչ մտքերով եք ճանապարհում մրցաշրջան-2021-ը:
Մտքերս երկրում տիրող իրավիճակն է: Ուզում եմ, որ հանգիստ լինի, խաղաղ երկնքի տակ ապրենք, յուրաքանչյուրս լծվենք մեր գործին, չմտածենք երկրի մասին եւ մեր ոլորտներում փորձենք հաղթանակներ գրանցել: Այս հաջողված տարին նաեւ հույսով եմ ճանապարհում, որ 2022-ում կկարողանանք կրկնել: Նաեւ նպատակով եմ ճանապարհում, որ մեր մարզադահլիճը կառուցվի, վերջապես ունենանք մեր դահլիճը, մեր երեխաները լավ պայմաններում մարզվեն եւ չտեսնեն այն դժվարությունները, որոնք տեսան իմ տղաները:
Մենք շատ բարդ ճանապարհ անցանք մինչ այս հաղթանակները, ունեցանք հիասթափություններ, հաջողություններ, բայց թիմը չմասնատվեց, ճիշտ աշխատանքով, հաշվարկներով հասանք այս գագաթնակետին: Ես ինձանից գոհ եմ (ծիծաղում է,- Լ.Շ.): Գոհ եմ ճիշտ հաշվարկների, մոտեցումների համար: Օրինակ՝ Օլիմպիական խաղերը ես վստահեցի մարզիչ Հայկ Նազարյանին: Սխալ ընտրություն չկատարեցի. նա փայլուն արեց իր առջեւ դրված խնդիրը: Մրցավայրում ճիշտ աշխատեց Արթուրի հետ, ինչ-որ տեղ նաեւ ինձանից լավ, քանի որ գուցե իմ գերլարվածությունը ես փոխանցեի Արթուրին, եւ մենք հաջողություն չունենայինք: Այս հաշվարկների հարցում ես գոհ եմ ինձանից:
Ի՞նչ նապատկ եւ խնդիր եք դնում թիմի եւ Ձեր առջեւ մրցաշրջան-2022-ում:
2022 թվականը շատ հագեցած է մրցաշարերով: Կորոնավիրուսով պայմանավորված մրցաշարերը, որոնք հետաձգվել էին, անցկացվելու են գալիք մրցաշրջանում՝ Համաշխարհային ուսանողական խաղեր, պատանիների Եվրոպական փառատոն: Մենք ունենք Եվրոպայի առաջնություն, Ունիվերսիադա, աշխարհի առաջնություն, երիտասարդների Եվրոպայի առաջնություն: Եվրոպայի առաջնություններում փորձելու ենք թիմային պայքարում լինել: Մրցումային տարին կսկսենք հունվարից՝ Թբիլիսիի հավաքով, ապա կանցկացնենք Հայաստանի առաջնություն եւ անմիջապես կմեկնենք աշխարհի գավաթների: 3 իրար հաջորդող աշխարհի գավաթ է անցկացվելու՝ փետրվարի 2-ից. Գերմանիա, Քաթար եւ Կահիրե: 4-րդը տեղի է ունենալու Բաքվում, որին չենք մասնակցելու:
Սպորտային մարմնամարզությունում կանոնների փոփոխություն կա. աշխարհի առաջնությունում առանձին գործիքներով եզրափակիչին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար մարմնամարզիկները պետք է միավորներ վաստակեն այս 4 աշխարհի գավաթի խաղարկություններից:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.