20:08  ,  6 նոյեմբերի, 2021

Դավիթ Չալոյան. Նվաճումս նվիրում եմ պատերազմում զոհված հերոսներին, նաեւ գերության մեջ գտնվող մորեղբորս որդուն եւ ընկերոջս (ֆոտո)

Աշխարհի առաջնությունում մեծ նվաճումս նվիրում եմ 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսներին, ինչպես նաեւ գերության մեջ մինչ օրս գնտվող մորեղբորս որդուն եւ ընկերոջս: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց մեծ ներդումն ունեցան իմ այս մեծ հաղթանակում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից ասաց բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած 24-ամյա գյումրեցի Դավիթ Չալոյանը:

Նոյեմբերի 5-ին Չալոյանը եզրափակիչում ծանր մենամարտում 1:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մարկ Պետրովսկուն եւ նվաճեց արծաթե մեդալ: Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից ունեցել էր 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը:

Դավիթ, NEWS.am Sport-ը շնորհավորում  է քեզ  աշխարհի փոխչեմպիոնի  տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Ի՞նչ տպավորություններ ունես։

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Շատ ուրախ եմ, որ կարողացա դառնալ աշխարհի փոխչեմպիոն։ Մի քիչ տխրություն կա, որ ոսկե մեդալը մերը չի։

Առաջին անգամ էիր մեծահասակներում մասնակցում աշխարհի առաջնությանը։ Ինչպե՞ս էիր քեզ զգում Բելգրադի ռինգում մեծահասակների պայքարում։

Առաջին անգամ էի մասնակցում եւ ինձ շատ լավ էի զգում ռինգում։ Լավ մարզումային փուլ էինք անցել։ Շատ լավ էի պատրաստվել այս կարեւոր ստուգատեսին։

12 տարի անց քեզ հաջողվեց մեծ հաջողություն գրանցել հայկական բռնցքամարտում։ Սպասվա՞ծ էր։

Եթե անկեղծ՝ չէի սպասում, որ նման լուրջ հաջողության կհասնեմ, արծաթե մեդալ կնվաճեմ, բայց կարողացա բավական լավ արդյունք գրանցել։

Մինչեւ եզրափակիչ 4 ծանր մենամարտում հաղթեցիր։ Ո՞րը կառանձնացնես քեզ համար, ո՞րն ավելի  բարդ  տրվեց։

Իսկապես մինչեւ եզրափակիչ շատ ծանր մենամարտեր ունեցա։ Կառանձնացնեմ քառորդ եզրափակիչը՝ ուզբեկ Մոլուջոնովի հետ մենամարտս։ Նրան մեկ անգամ պարտվել էի այս տարի Մոկսվայում տեղի ունեցած բանակայինների աշխարհի առաջնությունում։  Ռեւանշ տեղի ունեցավ: Դժվարին պայքարում դարձա հաղթող։ Այս մենամարտով նաեւ ապահովում էի բրոնզե մեդալը, այդ պատճառով եւս բարդ պայքար էր, որտեղ հաղթանակ տանելը շատ կարեւոր էր։ Փառք Աստծո, հաղթեցի եւ ապահովեցի բրոնզե մեդալը։

Եզրափակիչում ի՞նչը պակասեց Մարկ  Պետրովսկուն հաղթելու  համար։

Կարծում եմ՝ եզրափակիչում փորձի պակաս կար ինձ մոտ։

Դավիթ, ինչպե՞ս եւ ո՞ւմ  խորհրդով ես սկսել զբաղվել բռնցքամարտով։

Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 15 տարեկանից։ Առաջին մարզիչներս եղել են Կարեն Ղազարյանն ու Ռուդիկ Մկրտչյանը։ Այժմ էլ նրանք են իմ անձնական մարզիչները, նրանց հետ եմ արել առաջին քայլերս։ Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել հայրիկիս խորհրդով։ Սիրում եմ այս մարզաձեւը։ Մենամապայքարային սպորտ է եւ կարող ես ավելի լավ արդյունք գրանցել։ Բռնցքամարտում ամեն ինչ քո ձեռքերում է, եւ դրանով էլ այն գրավում է ինձ։

Դավիթ, եթե անկեղծ, այս պահին քեզ բավարարու՞մ է արծաթե մեդալը, թե՞ ինչ–որ չափով ինքդ քեզնից գոհ չես։

Շատ մոտ էի ոսկե մեդալին, կարող էի չեմպիոն հռչակվել, բայց այս պահին ձեռք բերածովս շատ ուրախ եմ։ Աշխարհի փոխչեմպիոնությունը շատ բան կփոխի իմ կյանքում։

Ո՞ւմ ես նվիրում այս հաղթանակդ։

Նվիրում եմ 44-օրյա պատերազմում իրնեց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած մեր հերոսների հիշատակին ու նաեւ մորեղբորս տղային եւ ընկերոջս, որոնք մինչ օրս գտնվում են գերության մեջ։ Շնորհակալ եմ ծնողներիս, մարզիչներիս, բոլոր նրանց, որոնք իրենց մեծ ներդրումն ունեն իմ բոլոր հաջողություններում։ Սիրողական բռնցքամարտում գագաթնակետը օլիմպիական ոսկե մեդալն է։ Ձգտելու եմ հասնել օլիմպիական չեմպիոնի տիտղոսին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ ԱԻԲԱ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով