12:11  ,  28 հոկտեմբերի, 2021

Հարավամերիկյան հավաքականները պաշտոնապես դեմ արտահայտվեցին ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելուն

Հարավամերիկյան բոլոր հավաքականները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դեմ արտահայտվելով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությանը աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու վերաբերյալ։

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CONMEBOL) հայտարարությունում նշել է․

«CONMEBOL-ի Խորհուրդը առանձին նիստում եւս մեկ անգամ վերլուծել է աշխարհի առաջնությունը ամեն երկու տարին մեկ անցկացնելու առաջարկը եւ եզրակացրել․

Ոչ մի պատճառ, առավելություններ կամ արդարացումներ չկան ՖԻՖԱ-ի նախաձեռնած փոփոխություններին։ CONMEBOL-ի անդամ 10 երկրները հաստատում են, որ չեն մասնակցի աշխարհի առաջնությանը, եթե այն անցկացվի ամեն երկու տարին։

Քննարկվող նախագիծը հակադրվում է համաշխարհային ֆուտբոլային ավանդույթին՝ անտեսելով մոլորակի կարեւորագույն մարզական իրադարձություններից մեկի պատմությունը։

CONMEBOL-ը աջակցում է գործող ձեւաչափը որակավորման համակարգերով եւ պայմաններով։ Մենք համարում ենք, որ գործող մոդելը հաջողված է, հիմնված է մարզական նվաճումների վրա եւ արժանին է տալիս թիմերին՝ ջանքերի, տաղանդի ու հետեւողական աշխատանքի համար»,- նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ, նմանատիպ հայտարարությամբ հանդես էին եկել Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի շատ հավաքականներ։ ՖԻՖԱ-ի նախաձեռնությանը կողմ են արաբական երկրները։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում