23:08  ,  21 հոկտեմբերի, 2021

Արթուր Ալեքսանյանը նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը (ֆոտո)

Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը: Տոնական օրվա առթիվ դեռ նախորդ օրվա կեսգիշերից օլիմպիական չեմպիոնը սկսել էր ընդունել շնորհավորանքներ:

30-ամյակի կապակցությամբ աշխարհի եռակի չեմպիոնին շնորհավորել են հայկական մարզաշխարհի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, ընկերներ ու բարեկամներ:

Եվրոպայի հնգակի չեմպիոնը 30-ամյակը նշել է ընկերների շրջապատում Գյումրիի «Տիգրան Մեծ» ռեստորանային համալիրում:

Տոնական տորթն օլիմպիական չեմպիոնի պատկերով է՝ Հայաստանի եռագույնով:

«Շնորհակալ եմ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Անցել ենք միասին դժվար, բայց հաղթական ճանապարհ ու շարունակելու ենք»,- գրել է Արթուր Ալեքսանյանն Ինստագրամում:

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում: Անձնական մարզիչը հայրն է՝ Գեւորգ Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանը 2012թ., 2013 թ., 2014թ., 2018թ. եւ 2020 թվականների Եվրոպայի չեպիոն է, 2014թ., 2015թ. եւ 2017 թվականների աշխարհի չեմպիոն, 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն, 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

2011-ից Հայաստանի լավագուն մարզիկների շարքում է, 4 անգամ գլխավորել է լավագույն տասնյակը: Արթուր Ալեքսանյանը 2012-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով, 2014-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ 2016 թվականից Գյումրու եւ Երեւանի պատվավոր քաղաքացի է: 2019 թվականից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան է: Ամուսնացած չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս