15:32  ,  8 հոկտեմբերի, 2021

Պրեմիեր լիգա․ Ռոնալդուն՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, Արտետան՝ մարզիչ (ֆոտո)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն անցած ամիս 3 խաղում խփել է 3 գոլ։ Նա 4 անգամ էլ ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել Անգլիայում, երբ առաջին անգամ միացել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

Մրցանակին հավակնում էին նաեւ 27-ամյա պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն («Մանչեսթեր Սիթի»), 28-ամյա գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը («Չելսի»), Ալան Սենթ-Մաքսիմենը («Նյուքասլ»), 29-ամյա եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), 23-ամյա սենեգալցի կիսապաշտպան Իսմաիլա Սառը («Ուոթֆորդ»)։

Կանսելուն սեպտեմբերին մասնակցել է Անգլիայի առաջնության երեք հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում, «Մանչեսթեր Սիթին» այդ խաղերում գոլ բաց չի թողել։ Ռյուդիգերը երեք խաղում խփել է մեկ գոլ, «Չելսիին» օգնել խոշոր հաշվով երկու հաղթանակ տանել՝ առանց գոլ բաց թողնելու։ Սենթ-Մաքսիմենը երեք խաղում խփել է մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։ Սալահը չորս խաղում անընդմեջ մեկական գոլ է խփել։ Սառը երեք գոլ է խփել երեք խաղում։

Սեպտեմբերի լավագույն մարզիչ է ճանաչվել Միկել Արտետան։ Իսպանացի մասնագետի գլխավորությամբ լոնդոնյան «Արսենալը» անցած ամիս հաղթանակով է ավարտել բոլոր հանդիպումները։ Երեք խաղում «Արսենալը» 1:0 հաշվով հաղթել է «Նորվիչ Սիթիին», 1։0 հաշվով՝ «Բարնլիին», 3։1 հաշվով՝ «Տոտենհեմին»։

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում էին նաեւ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան  («Մանչեսթեր Սիթի»), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), անգլիացի Գրեմ Փոթերը  («Բրայթոն») եւ անգլիացի Դին Սմիթը  («Աստոն Վիլա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով