08:54  ,  4 հոկտեմբերի, 2021

Արսեն Հարությունյանը՝ Օսլոյից․ Աշխարհի առաջնությունում ինքս ինձ ապացուցելու շատ բան ունեի

Աշխարհի առաջնությունում ինքս ինձ ապացուցելու շատ բան ունեի: Ուզում էի անպայման մեդալ նվաճել, որ ես իմ աշխատանքը կարողանամ գնահատել: Ուրախ եմ, որ ստացվեց: Այս մեդալով ինձ համար ամեն ինչ կսկսվի մեծ սպորտում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նորվեգիայից ասաց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Արսեն Հարությունյանը:

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) նվաճեց բրոնզե մեդալ:

Արսեն, շնորհավորում եմ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի կապակցությամբ: Ի՞նչ տպավորություններ ունես այս պահին:

Շնորհակալ եմ շատ: Սա իմ առաջին մեդալն էր աշխարհի առաջնությունում: Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել այն, եւ այն ինձ համար մեծ արժեք ունի. այս մեդալից ամեն ինչ կսկսվի ինձ համար մեծ սպորտում:

Սպասվա՞ծ էր մեդալը քեզ համար:

Ես եկել էի աշխարհի առաջնության չեմպիոն դառնալու նպատակով, բայց, ցավոք, բրոնզ նվաճեցի:

Մեկնաբանիր գոտեմարտերդ: Երկու հաղթանակից հետո պարտվեցիր ԱՄՆ-ի ներկայացուցիչին: Հոգնածությու՞նն էր պատճառը, թե՞ ուժեղ էր մրցակիցդ:

57 կգ քաշային կարգից հետո, 61 կգ քաշում ինձ համար դժվար էր ընտելանալը: Առաջին մրցումս էր այս քաշում: Մինչեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտը չէի հարմարվում 61-ում, բայց վերջում կարողացա ինձ հավաքել եւ ճիշտ գոտեմարտ վարել բրոնզե մեդալի համար պայքարում: Հնդիկ ըմբիշին հանդիպել էի մեկ անգամ եւ պարտվել էի: Շատ ուրախացա, որ կարողաց 10:0 հաշվով նրան հաղթել:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցագորգում, կարծես, այն Արսենն էր, որը 2019 թվականին Եվրոպայի առաջնությունում հայտարարեց իր մասին...

Նոր Արսեն չէր: Ուղղակի վերջին գոտեմարտում կարողացա ինձ հավաքել ու 61 կգ քաշում ճիշտ գոտեմարտ անցկացնել:

Ինչպե՞ս էիր քեզ զգում Օսլոյի մրցագորգում Տոկիո-2020-ում անհաջող մասնակցությունից հետո:

Ես ինքս ինձ շատ բան ունեի ապացուցելու այս աշխարհի առաջնությունում: Ուզում էի անպայման մեդալ նվաճել, որ ինքս իմ աշխատանքը կարողանամ գնահատել:

Արսեն, բրոնզե մեդալն այն էր, ի՞նչ կարող էիր այս պահին, թե՞ ուղղակի չհաջողվեց ոսկե մեդալ նվաճել:

Բրոնզե մեդալն այն չէր, ինչ կարող էի: Ավելին կկարողանայի անել, եթե 61 կգ քաշային կարգում մրցման մասնակցած լինեի: Ես հանդես եմ գալիս 57 կգ քաշային կարգում: Տարբերությունը շատ էր ինձ համար: Չէի կարողանում գտնել ճիշտ գոտեմարտելու ձեւը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում միայն կարողացա:

Այս աշխարհի առաջնությունից առաջ հետեւե՞լ էիր աստղերի դասավորությանը:

Ցավոք, ոչ: Օլիմպիական խաղերից հետո ամեն ինչ մոտս «տակնուվրա» եղած էր: Օր ու գիշեր մարզվում էի եւ ոչնչի մասին չէի մտածում:

Ու՞մ ես նվիրում բրոնզե հաղթանակդ:

Նվիրում եմ իմ սիրած աղջկան, իմ ապագա կնոջը: Նա ինձ շատ է օգնում իմ մարզական կարիերայում եւ ամեն հարցում իմ կողքին է եւ ինձ շատ է ոգեւորում:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս