20:10  ,  3 հոկտեմբերի, 2021

Արսեն Հարությունյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը 2 րոպե 16 վայրկյանում նվաճեց բրոնզե մեդալ:

61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարում 2019 թվականի Եվրոպայի չեմպիոնը մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Ռանդիվեր Ռանդիվերի հետ եւ առաջին մրցափուլում հաղթեց 10:0 հաշվով՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին:

 

21-ամյա Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 18:10 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովին:

Երկրորդ գոտեմարտում նա 8:2 հաշվով ուժեղ էր գտնվել 2021թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի նկատմամբ:

2 հաղթանակ տանելուց հետո Հարությունյանը կիսաեզրափակիչում մրցեց ամերիկացի Դաթոն Դուեյն Ֆիքսի հետ, որն առաջին մրցափուլում հաղթանակի հասավ ժամանակից շուտ՝ 10:0: Գոտեմարտը տևեց 34 վայրկյան:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը մրցագորգ դուրս եկած Վազգեն Թեւանյանը (65 կգ) զրկվեց բրոնզե մեդալ համար սփոփիչ գոտեմարտերից, Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար (79 կգ):

Վազգեն Թեւանյանը, երկու հաղթանակ տանելուց հետո (8:0, 5:1) քառորդ եզրափակիչում նկատողություններով 2:1 հաշվով պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Տումուր Օչիրին, որն էլ իր հերթին պարտվեց կիսաեզրափակիչում եւ զրկեց Թեւանյանին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար երկու սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել: Հայաստանի ներկայացուցիչը որակավորման փուլում 11:0 հաշվով տպավորից հաղթանակ տարավ ուկրաինացի Ռուստամ Ռասուեւի նկատմամբ, 1/8 երզափակիչում 4:8 հաշվով պարտվեց Իրանի ներկայացուցիչ Մոհամմեդ Աշղար Նոխոդիլարիմիին: Կիսաեզրափակիչում իրանցի Մոհամմեդ Աշղար Նոխոդիլարիմին 6:5 հաշվով հաղթեց Նիկա Կենտչաձեւին եւ կպայքարի ոսկե մեդալի համար: Արման Ավագյանի առաջին սփոփիչ գոտեմարտում կմրցի Արոն Քանեւայի հետ:

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, 61 կգ քաշային կարգ

Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում: Անձնական մարզիչներն են Գեւորգ Վարդանյանը եւ Արշախ Հայրապետյանը: Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018):

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: 2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ:

2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր՝ նվաճելով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հարությունյանը (57 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին եւ դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ մոնղոլ ըմբիշը եզրափակիչ դուրս չեկավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում