12:32  ,  21 սեպտեմբերի, 2021

ԱԱ-2021․ Որոշվել է Հայաստանի հավաքականի կազմը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հոկտեմբերի 18-24-ը Ճապոնիայի Կիտակուշու քաղաքում կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ սեպտեմբերի 5-19-ը ուսումնամարզական հավաք անցավ Թբիլիսիում, որն ուղղված էր ԱԱ-ի նախապատրաստական փուլին եւ կազմի վերջնական որոշմանը: Հավաքի օրերին հավաքականի անդամները փորձամրցում անցկացրին, որի արդյունքներով որոշվել է  կազմը:  

«Թբիլիսիում երկշաբաթյա հավաք անցկացրինք, որին մասնակցում էին հավաքականի անդամներից Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը: Հավաքին չէին մասնակցում Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը: Նրանք պատրաստվել են Երեւանում Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում: Արթուր Դավթյանն ազատված է այս աշխարհի առաջնությունից:

Ինչպես արդեն նշել էի, աշխարհի առաջնության կազմը որոշվելու էր ընտրական փորձամրցման արդյունքներով: Սեպտեմբերի 18-ին օղակների վարժությունում անցկացրինք օնլայն փորձամրցում Վահագն Դավթյանի եւ Արթուր Ավետսիյանի միջեւ. Դավթյանը՝ Երեւանից, Ավետիսյանը Թբիլիսիից: Որոշվեց, որ աշխարհի առաջնությանը կմասնակցի Վահագն Դավթյանը:

Աշխարհի առաջնության կազմում կլինեն նաեւ Հարություն Մերդինյանը եւ Գագիկ Խաչիկյանը: Այս երեք մարմնամարզիկներով ենք մասնակցելու: Տղաների հետ մրցավայրում կաշխատի մարզիչ Հայկ Նազարյանը: Ես հրավիրված եմ որպես մրցավար»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Գլխավոր մարզիչի խոսքով, երկու մարմնամարզիկներն էլ արժանի են ԱԱ-ի կազմ ընդգրկվել, բայց մրցավայր մեկնելու եւ մասնակիցների թվի հետ կապված խնդիրներ կան:

«Ինչպես Վահագնը, այնպես էլ Արթուր Ավետիսյանը, արժանի են աշխարհի առաջնության մեկնել: Նրանք երկուսն էլ ուժեղների մեջ են, բայց խնդիրներ կան մասնակիցների թվի առումով: Դեռ անորոշություն կա մրցավայր մեկնելու հետ կապված: Վիզաներ չունենք, բայց տոմսերն արդեն գնել ենք: Կորոնավիրուսով պայմանավորված, դեռ անհասկանալի վիճակ է»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Գլխավոր մարզիչին թիմի մարզավիճակը գոհացնում է:

«Սեպտեմբերի 20-ին ենք վերադարձել Թբիլիսիից: Շատ լավ հավաք անցկացրինք: Ինչ նախատեսել էին, արեցինք: Հավաքը կշարունակենք Երեւանում:

Տղաները լավ մարզավիճակում են: Գագիկ Խաչիկյանն աշխարհի առաջնությունում միայն նժույգի վարժություն կանի, բայց նա 6 գործիքներ էլ անում է: Բարդացրել է իր վարժությունը: Ամենաբարդերից մեկն է լինելու նրա վարժությունը: Եթե լավ կատարի, եզրափակիչ դուրս կգա:

Հարություն Մերդինյանը լավ մարզավիճակում է: Շատ լավ է կատարում իր վարժությունը: Իր տարիքի համար «հալալ է»: Ես տեսագրությունով էի հետեւում Մերդինյանի վարժությանը եւ լավ էր: Դեռ նոր ենք վերադարձել, մարզումներին նորից կվերանայենք:

Փորձամրցմանը Վահագն Դավթյանը շատ լավ կատարեց իր վարժությունը: Շատ լավ է պատրաստվել՝ իր նոր աշխատանքին զուգահեռ: 4 լիարժեք վարժություն է ինձ ցույց տվել. ամենալավ կատարումներն է արել: Զարմացած եմ: Աշխատասեր տղա է Վահագնը: Ի դեպ, ուրախ եմ նրա նոր պաշտոնի համար: Շատ լավ ընդունեցի նրա որոշումը: Նրա ներկայությունն ավելի շատ կնպաստի մեր եւ մյուս մարզաձեւերի աշխատանքի, խնդիրների բարձրաձայնմանը, մարզադպրոցների աշխատանքները ճիշտ ներկայացնելուն»,- նկատեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Հակոբ Սերոբյանը տեղեկացրեց, որ թբիլիսյան երկշաբաթյա հավաքին մասնակցել են նաեւ երիտասարդները՝ տղաներ եւ աղջիկներ: Երիտասարդներին մեծահասակների հավաքին ընգրկելը նպատակային է եղել:

«Հավաքին մասնակցում էին նաեւ երիտասարդներից՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Նորայր Հախոյանը, աղջիկներից՝ Մարիետա Բուչախչյանը եւ Մաներ Պողոսյանը: Երիտասարդները պատրաստվում են սեպտեմբերի 21-23-ն անցկացվելիք երիտասարդների Հայաստանի առաջնությանը:

Երիտասարդներին հավաքին ընդգրկել էինք հատուկ նպատակով: 2022 թվականին մեծահասակների Եվրոպայի առաջնությանը զուհահեռ անցկացվելու է նաեւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Նպատակ ունենք թիմ ներկայացնել:  Ունենք լավ երիտասարդներ: Նպատակն է՝ փորձենք տղաներին:

Ըստ նոր կանոնադրության՝ որպեսզի հնարավորություն ունենանք 2022 թվականի աշխարհի առաջնությանը թիմով մասնակցել, պետք է Եվրոպայի առաջնությունում 13-րդ տեղը զբաղեցնենք: Այս նպատակով երիասարդներին ընդգրկում են հավաքների, փորձենք այսօրվանից նրանց փորձարկել հիմնական կազմում: Պետք է բազմամարտիկներ ունենանք, որ մեկը մյուսին լրացնի»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Մարմնամարզիկներիը Ճապոնիա կմեկնեն հոկտեմբերի 13-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով