09:10  ,  16 սեպտեմբերի, 2021

18-ամյա Էրիկը լողալով անցել է Սեւանա լիճը ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Հայաստանի թիմի ավագի (ֆոտո)

Լողորդ, ջրագնդակի Երեւանի «Հիլզ» ակումբի թիմի ավագ Էրիկ Ստեփանյանը լողալով հատել է Սեւանա լիճը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված ընկերոջ, ջրագնդակի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիկ Հակոբյանի:

18-ամյա Էրիկը Սեւանի մեկ ափից մյուսն է անցել 57 րոպեում՝ հաղթահարելով 4,4 կմ տարածություն:   

Երիտասարդ մարզիկը NEWS.am Sport-ին պատմել է մարզիչ-ընկերոջը նվիրված նախաձեռնության, մտահղացման նպատակի եւ Սեւանը հատելու բարդության մասին:  

«4 տարի զբաղվում եմ լողով, 2 տարի՝ ջրագնդակով: Երբ նոր էի տեղափոխվել ջրագնդակի թիմ, ինձ հետ անհատական աշխատեց հավաքականի գլխավոր մարզիչ Գուրգեն Հակոբյանի որդին՝ Հենրիկը: Նա այդ ժամանակ արդեն մեծ հաջողություններ ուներ մարզաձեւում, Հայաստանի հավաքականի ավագն էր, դրան զուգահեռ նաեւ աշխատում էր մեր ակումբում՝ որպես մարզիչ:  

Այն հաջողությունները, որոնց ես հասել եմ սպորտում, մասնավորապես ջրագնդակում, Հենրիկի շնորհիվ է եղել: Նա ինձ սովորեցրեց թիմային մարզաձեւի նրբությունները: Նրա շնորհիվ շատ սիրեցի ջրագնդակը: Լողով ավելի երկար եմ զբաղվում, մրցաշարերի մասնակցում, բայց երբ տեղափոխվեցի ջրագնդակ, հասկացա, որ այս մարզաձեւում ամեն ինչ այլ է, ավելի ուրախ է, ակտիվ, հետաքրքիր, պայքարն էլ՝ թեժ:

Իմ մարզիչը Գուրգեն Հակոբյանն է, բայց, երբ անհատական աշխատեցի Հենրիկի հետ՝ մտերմացանք: Փորձեցի որպես մարզիկ, մարզիչ ու, ամենակարեւորը, որպես լավ մարդ նրանից վերցնել լավագույն որակները:

Պատերազմից հետո, միշտ ուզում էի ինչ-որ կերպ Հենրիկի հիշատակին նվիրված որեւէ քայլ անել: Շարունակեցի աշխատել Գուրգեն Հակոբյանի հետ:

Սեւանում Հենրիկի հիշատակին նվիրված տարածություն հաղթահարելու մտահղացումն իմն էր: Այդ մասին առաջինը պատմեցի Գուրգեն Հակոբյանին: Նա ողջունեց մտահղացումս եւ օգնեց իրագործել այն:

Առաջին անգամ էի այդքան երկար տարածություն անցնում Սեւանում: Բարդ չէր այդքան, անսովոր էր մոտ մեկ ժամ անդադար լողալ: Անպատրաստ մարդը չի կարող այդքան տարածություն անցնել Սեւանում: Շատ տարբեր է՝ ինչ լողավազանում այդքան լողաս, ինչ՝ Սեւանում:

Մեկ ափից մյուսը դուրս եկա՝ դեպի թերակղզի, որն ուղիղ 4.4 կմ է: Մինչ այդ,  ընկեր Գուրգենի հետ երկար մարզվեցինք: Ինձ այդ տարածությունը հաղթահարելու հարցում շատ օգնեց նաեւ պարող լինելս: 13 տարի զբաղվում եմ դասական պարով «Նարեկ» համույթում եւ, երեւի, նաեւ դրա շնորհիվ կարողացա այս եղականին, մկաններիս պատրաստվածության հաշվին, հասնել այդ արդյունքի:

Ուրախ եմ, որ կարողացա մտահղացումս իրականություն դարձնել: Ինձ այդ հարցում օգնեց Հենրիկի հայրը. Նա ինձ հետ միասին Սեւանում էր: Սկզբում ծնողներս դեմ էին, վախենում էին, բայց մարզիչիս հետ նրանց համաձայնությունն էլ ստացա: Օգնեցին նաեւ Սեւանի ջրափրկարարները: Դիմեցինք նրանց եւ օգնեցին առանց խնդրի, համազգեստ տրամադրեցին, ինձ ուղեկցեցին լողալու ընթացքում»,- ասաց Էրիկ Ստեփանյանը:

Երիտասարդ մարզիկը շուտով զորակոչվելու է բանակ: Միակ անհանգստությունը՝ մարզաձեւով զբաղվելու հնարավորություն ունենալն է:   

«Ջրագնդակով կարճ ժամանակ եմ զբաղվում: «Հիլզ» թիմի ավագն եմ: Դեռ մեծ հաջողություններ չունենք մրցաշարերում, քանի որ նորաստեղծ թիմ ենք: Հայաստանում մեծ հեռանկար կա այս մարզաձեւում: Սիրված է մարզաձեւը: Յուրաքանչյուր տարի ինքս մեծ առաջընթաց եմ տեսնում։ Կարծում եմ՝ շուտով արդյունքը կտեսնենք:

18 տարեկան եմ, շուտով անցնելու եմ զինծառայության: Միակ խնդիրս այն է, որ հնարավորություն ունենամ ինչ-որ կերպ շարունակել մարզվել, զբաղվել այս մարզաձեւով:

Կարճ ժամանակում հասցրել եմ տարվել, սիրել մարզաձեւը: Հավաքականի անդամները, ջրագնդակով զբաղվողները նույնպես սիրով են խաղում: Հենրիկ Հակոբյանի շնորհիվ նաեւ մեր մարզաձեւը սիրվեց, առաջընթաց ունեցավ: Նա հավաքականի ավագն էր եւ իր հետեւից տանում էր ամբողջ թիմին:

Ի դեպ, Հենրիկը խաղացել է 9 համարով: Ես նույնպես խաղում եմ 9 համարով ու ինձ համար մեծ պատիվ է խաղալ նրա համարի ներքո:

Զինծառայությունից հետո նպատակ ունեմ ավելի երկար տարածություն հաղթահարել Սեւանում՝ լճի ամբողջ երկարությամբ, որը եւս կնվիրեմ Հենրիկի հիշատակին»,- նշեց Էրիկ Ստեփանյանը:

18-ամյա Հենրիկ Հակոբյանը եղել է Արցախյան պատերազմի առաջին զոհերից: Պատերազմը սկսվելու առաջին գիշերը թշնամու ԱԹՍ-ն հարվածել է զինվորներ տեղափոխող ավտոբուսին, որի մեջ եղել է նաեւ Հենրիկը: Որդու զոհվելու մասին ծնողներն իմացել են դեպքից մի քանի օր անց:

Հենրիկ Հակոբյանը 2020 թվականի օգոստոսին էր զորակոչվել բանակ: Ծառայությունն անցել էր  Մարտակերտում, որպես ականանետորդ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով