11:12  ,  5 սեպտեմբերի, 2021

Լեւոն Արոնյան․ Պետք է հայտնի դառնանք ոչ թե տխուր իրադարձություններով, այլ մեր հաջողություններով

Այն, ինչի համար ես պայքարում եմ, իմ ազգի համար է: Մենք ունեն Տիգրան Պետրոսյան, ես կուզեի փորձել հասնել նրան: Փոքր ազգ ենք, բայց պետք է փորձենք փոխվել եւ հասնել մեծ հաղթանակների: Պետք է հայտնի դառնանք ոչ թե տխուր իրադարձություններով, այլ մեր հաջողություններով: 

Այս մասին ապագա շախմատիստների հետ հանդիպմանն ասել է շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Լեւոն Արոնյանը հանդիպել է իր եւ Գաբրիել Սարգսյանի անվան վերաբացված շախմատի դպրոցի սաների հետ:

Հանդիպմանը ներկա էին դպրոցի աշակերտներն ու ծնողները, որոնք հնարավորություն ունեցան հարցեր ուղղել գրոսմայստերին, լսել նրա շախմատային կյանքի պատմությունն ու խորհուրդներ՝ շախմատում հաջողության հասնելու համար:

«Երբ առաջին անգամ գնացի շախմատի տուն, հասկացա, թե ինչպիսի շախմատի ոգի կա այնտեղ: Շախմատի տանը ուզում ես պայքարես, հաղթես, արդար լինես, արդար հաղթես, իսկ սպորտում առանց արդարության դժվար է հաջողության հասնել: Այդտեղից իմ սերը սկսվեց շախմատի նկատմամբ: Շախմատի տանը ես հասկացա, որ շախմատը միայն սպորտային բնազդը չի զարգացնում՝ գնամ, ջարդեմ, այլ մարդու մեջ արթնացնում է այլ զգացողություններ: Օրինակ՝ դու պետք է հարգես քո թշնամուն, մրցակցին: Եթե դու միայն քո քայլերի մասին մտածես, միշտ պարտվելու ես: Շախմատում հաղթում է այն մարդը, որը հասկանում է, թե իր մրցակիցն ինչ է ուզում եւ փորձում է դրա դեմ պայքարել, մի քայլ առաջ լինել:

Ամենաանհարմար մրցակիներս եղել են խորամանկ մրցակիցները, որոնք սկզբնախաղում ուժեղ են. օրինակ՝ Վլադիմիր Կրամնիկը, Մագնուս Կարլսենը: Նրանց դեմ դժվար է լինում խաղալ, քանի որ նրանք կարող են կանխատեսել դիմացինի քայլերը, մտածում են սկզբնախաղում ինչպես անակնկալի բերել քեզ: Ինձ այդպիսի դժվարություններն ուժ են տալիս: Միշտ ուզում եմ ինձ փորձել. կյանքում ամենաշատը դա եմ սիրում: 

Ինձ համար երկար տարիներ խնդիր է եղել Վասիլի Իվանչուկի հետ խաղալ: Նա շատ ուժեղ շախմատիստ է, բայց այդքան ուժեղ չէր, որ ինձ միշտ հաղթեր: Մեկ անգամ Գերմանիայի Լիգայի մրցաշարի էի մասնակցում եւ գիտեի, որ Իվանչուկն այդ ընթացքում այլ երկրում մրցաշար է խաղում: Մտածում էի, որ չի հասցնի գալ, իմ մրցաշարում խաղալ, քանի որ նախորդ օրն իր մրցաշարի վերջին խաղն էր: Հետո իմացա, որ իր խաղն ավարտել է, երկար ճանապարհ անցել, եկել, որ ինձ հետ խաղա: Այդ ժամանակ նա ինձ անընդհատ հաղթում էր: Գերմանիայում էլ եկավ, ինձ արագ պարտության մատնեց գնաց: Այդ ժամանակ 8 հաղթանակի առավելություն ուներ ինձ հետ: Մինչ այդ ,ամեն անգամ նրան պարտվելուց հետո ասում էի՝ դե խաղացող չի, ինչպես եմ ես նրան պարտվում, ինչ իրավունք ունեմ նրան պարտվել: Հետո սկսեցի մտածել, թե ինչու եմ ես նրան պարտում: 21 տարեկանում պարտվում էի, հաղթանակներս սկսեցին 25-ում: Սկսեցի ուսումնասիրել նրա ոճը: Հասկացա, որ նա մի փոքր լավ դիրքերում շատ լավ է խաղում: Շախմատում հետաքրքիր տարօրինակ բան կա՝ եթե մի բանից ուժեղ ես, դրա հակառակում թույլ ես: Եթե մի քանի դիրքերում լավ ես խաղում, դրա հակառակ դիրքերում շատ վատ ես խաղում: Հենց այդ ժամանակ հասկացա, որ սխալ եմ տրամադրվում Իվանչուկի հետ խաղերում՝ գնամ, ջարդեմ, քանի որ նա հենց դա է ուզում: Նրա հետ պետք է ստանալ մի քիչ լավ դիրք: Դրանից հետո շատ լավ դիրքերով եմ նրան հաղթել: Այս պահին հաշվի մեջ նրանից առավել եմ 1-2 հաղթանակով: Շախմատիստներս ասում ենք՝ «պլյուս եմ հետը»:

Աշխարհի ամենահաջողակ մարդկանց, աշխարհի չեմպիոնների մասին հետաքրքիր բացահայտում եմ արել. կամ նրանց հայրիկները չափից շատ փափուկ մարդիկ են, կամ նրանք առանց հայրիկի են մեծացել: Շախմատը կենտրոնացած է էգոյի, այսինքն՝ մեկ մարդու վրա: Դու պետք է կենտրոնանաս, զարգանաս, իսկ դրա համար քեզ ավելի շատ սեր է պետք, քան լարվածություն կողքից: Հայ շախմատիստների շրջանում շատ եմ տեսել դեպքեր, երբ հայրերն իշխող են, բայց նրանց երեխաներն ուժեղ շախմատիստ չեն դառնում: Սա իմ կարծիքն է, գուցե տարօրինակ է, բայց հայկական շախմատում կան դեպքեր, երբ ծնողը չի ճնշում երեխային, նա ավելի հաճելի է զբաղվում, սովորում: Իսկ հայ հայրերի դեպքում, երբ երեխան պարտվում է, աշխարհը նրանց համար շրջվում է: Ծնողների աջակցությունը շատ կարեւոր է յուրաքանչյուր մարզաձեւում երեխայի հաջողության հասնելու համար, բայց դա պետք է լինի ազատ շփման մեջ:

Իմ ծնողներն, օրինակ, ինձ այդքան շատ չեն ասել՝ վայ, շատ ապրես, որ հաղթել ես: Մեծ նվաճումների ժամանակ են ասել, բայց փոքր մրցաշարերում հաղթանակներ ունենալիս, այդքան չեն ասել: Իմ մեջ դաստիարակել են այնպիսի գիծ, որ յուրաքանչյուր հաղթանակի դեպքում ես կարծեմ՝ այդպես էլ պետք է լիներ: Պարտություններիցս միշտ նեղվել եմ, բայց հաղթանակների դեպքում չէի հրճվում, ասում, թե տեսաք ինչ արեցի:

Շատ կարեւոր է, որ վաղ տարիքից ապագա շախմատիստներն ունենան տարբեր հետաքրքրություններ, զբաղվեն տարբեր բաներով: Երբ ունենում են տարբեր հետաքրքրություններ, շախմատում պարտությունները նրանց համար աշխարհի վերջը չեն լինում: Ուրախ եմ, որ ծնողներս փորձել են ինձ տարբեր ուղղություններով զարգացնել, եւ ես հեշտ եմ հաղթահարել պարտությունները»,- մանրամասնեց Լեւոն Արոնյանը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի առաջատար շախմատիստը խոսեց նաեւ Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսազերափակիչում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ անհաջող խաղի, Էլինա Դանիելյանի՝ Եվրոպայի չեմպիոնության եւ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների խաղի մասին:

«Էլինա Դանիելյանը հրաշալի խաղաց Եվրոպայի առաջնությունում: Բոլորով շատ ենք հպարտանում իր խաղի համար: Արդյունքն ամեն ինչ ասում է եւ բառերն ավելորդ են վերլուծելու համար Էլինայի այս մեծ հաղթանակը: Շատ եմ ուրախանում, որ Էլինան պայքարում եւ հասնում է հաջողության:

Այս Եվրոպայի անհատական առաջնությունում մեր տղաները մի քիչ լավ չեն խաղում, եւ ես հասկանում եմ պատճառը: Նրանք պատվաստված չէին եւ Իսլանդիայում մեկ շաբաթ մեկուսացվեցին: Պարզ է, որ առողջ մարդն էլ մեկ շաբաթ սենյակի պատերից բացի ոչինչ չտեսնի, կդառնա անառողջ: Հովհաննես Գաբուզյանն է լավ խաղում: Նա շատ տաղանդավոր շախմատիստ է եւ կարող է մեծ բարձունքների հասնել, բայց պետք է իր մեջ բաներ փոխի եւ այդ մասին ինքը գիտի: Այդ փոփոխություններից հետո, համոզված եմ, որ կհասնի մեծ հաջողությունների:

Ինչ վերաբերում է իմ խաղին Aimchess US Rapid օնլայն մրցաշարում, կիսաեզրափակիչում Մագնուս Կարլսենի հետ լավ չխաղացի: Առաջին խաղը շատ վատ սկսեցի, հետո շանսեր ունեի երրորդում, չորրորդում, բայց շատ անհաջող խաղացի: Ճիշտն ասած՝ ամաչում եմ կիսաեզրափակիչի խաղիս համար, մի քիչ սառնասիրտ չեղա» ,- նշեց Լեւոն Արոնյանը:

Գրոսմայստերը խոստովանեց, որ տեղափոխվում է ԱՄՆ շախմատով լրջորեն զբաղվելու նպատակով, բայց այդ ամենն անում է իր ազգի համար:

«Ես չեմ պլանավորում մարզչական աշխատանք անել: Իմ նպատակը շախմատում աշխարհի չեմպիոն դառնալն է: Գնում եմ Ամերիկա, որովհետեւ այնտեղ ինձ հնարավորություն են տալու, որ  շարունակեմ լրջորեն զբաղվել շախմատով եւ ավելի ուժեղանալ: Շատ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն իմ մասին՝ «Լեւոնը կարող է արդեն մարզչություն անել», «Լեւոնը էլ չպիտի շախմատ խաղա» եւ այլն: Ես ունեմ իմ կարծիքը եւ այն է՝ կյանքը նվիրել շախմատին: Ես կարծում եմ, որ դա իմ պարտքն է՝ շարունակել խաղալ շախմատ, ավելի ուժեղանալ: Կարծում եմ, որ եթե մարդն ունի ինչ-որ տաղանդ, պետք է փորձի դա իրացնել, հասնել մաքսիմումի: Այն, ինչի համար ես պայքարում եմ, իմ ազգի համար է:  Մենք ունեն Տիգրան Պետրոսյան, ես կուզեի փորձել հասնել նրան: Փոքր ազգ ենք, բայց պետք է փորձենք փոխվել եւ հասնել մեծ հաղթանակների, ցույց տալ աշխարհին, հայտնի դառնալ: Մենք պետք է հայտնի դառնանք ոչ թե տխուր իրադարձություններով, այլ մեր հաջողություններով: 

Վերջին օնլայն մրցաշարում քառորդ եզրափակիչում խաղացի Ադրբեջանը ներկայացնող Շահրիյար Մամեդյարովի հետ: Միշտ լարվածություն կա նրանց հետ խաղերում: Ուրախ եմ, որ երկու օրերի խաղերում հաջողության հասա Ադրբեջանը ներկայացնող շախմատիստի նկատմամբ: Բայց այնպես չի, որ անպայման ամեն ադրբեջանցու կամ թուրքի պետք է ատեմ: Ինձ մոտ այդպես չի, ես չեմ կարող ազգի ատել: Ես մարդուն պետք է գնահատեմ: Շատ մարդիկ իրենք էլ են գերիներն իրենց ազգի, իրենց պետության: Շատերը հասկանում են, որ իրենց ներքին ատելությունն ուղղակի պետական ծրագիր է»,- ընդգծեց Լեւոն Արոնյանը:

Հայաստանի առաջատար շախմատիստը սեպտեմբերի 6-ին մեկնում է ԱՄՆ: Այս տարվա փետրվարի 26-ին ֆեյսբուքյան գրառմամբ Արոնյանը հայտարարեց Հայաստանից հեռանալու եւ ԱՄՆ հավաքական տեղափոխվելու որոշման եւ դրանց պատճառների մասին: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում