21:34  ,  12 օգոստոսի, 2021

ԵԼ. «Ալաշկերտը» դուրս թողեց «Կայրաթին» եւ կխաղա «Գլազգո Ռեյնջերսի» հետ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց ղազախական «Կայրաթի» հետ եւ առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 3։2։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։

«Ալաշկերտի» կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոն։ Հաղթական գոլը 103–րդ րոպեին խփեց բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը։

Հյուրերը հիմնական ժամանակի վերջնամասն անցկացրին 10 ֆուտբոլիստներով։ 62–րդ րոպեին հեռացվեց Բելառուսը ներկայացնող պաշտպան Դենիս Պոլյակովը։ Լրացուցիչ ժամանակի երկրորդ րոպեին էլ կարմիր քարտ ստացավ ղազախ պաշտպան Այբոլ Աբիկենը, որը առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին դարձել էր գոլի հեղինակ։

«Կայրաթի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ եւ ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

Ալմաթիում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0:

«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Գլազգո Ռեյնջերսի» հետ եւ կապահովի առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին Շոտլանդիայում։ Պատասխան խաղը Երեւանում կանցկացվի օգոստոսի 26-ին։

Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղ

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Կայրաթ» (Ղազախստան)՝ 3։2 (հիմնական ժամանակ՝ 2։2),  (առաջին խաղ՝ 0։0)

Ժոզե Էմբալո, 43, 50, Ալեքսանդր Գլիշիչ, 103 - Այբոլ Աբիկեն, 45+1, Արթուր Շուշենաչեւ, 61

Հեռացումներ՝ Դենիս Պոլյակով («Կայրաթ»), 62, Այբոլ Աբիկեն («Կայրաթ»), 91

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով