15:31  ,  11 օգոստոսի, 2021

Գեւորգ Ալեքսանյանը պատասխանել է Միխայիլ Մամիաշվիլիին եւ որոշել մրցավարական գրքույկը վերադարձնել UWW-ին (ֆոտո)

Գեւորգ Ալեքսանյանն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային (UWW) կվերադարձնի իր մրցավարական գրքույքը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Երկար տարիներ լինելով մրցավար եւ այս ամենի միջով անցնելով՝ որոշել եմ հետ վերադարձնել մրցավարական գրքույկս: Եթե կա մեկը, որ ինձ կասի՝ խանգարել եմ իրեն ու կապացուցի դա, ներողություն կխնդրեմ ու կընդունեմ իմ մեղքը: Իմ մրցավարական գրքույկը որոշել եմ հետ վերադարձնել միջազգային ֆեդերացիային: Հրաժարվում եմ այդպիսի մրցավարական կազմի, ղեկավարության հետ աշխատել ցանկացած մրցումներում: Սա իմ որոշումն է: Եթե խանգարող հանգամանքներ չեղան, անպայման հետ եմ վերադարձնելու եւ ասելու, որ նրանց հետ չեմ կարող նույն ճանապարհն անցնել որպես մրցավար, բայց հաստատ պայքարելու եմ որպես մարզիչ, մարզիկներին արդար դատելու համար: Կլինի Արթուրը, հավաքականի մյուս անդամները, նոր եկող երեխա, նրանց միջոցով պայքարելու եմ միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի դեմ»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանի հայր եւ անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը պատասխանել է նաեւ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուս Մուսա Եվլոեւի եւ Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիի՝ իր որդու մասին հայտարարություններին:

«Արթուր Ալեքսանյանի մասին շատերը կարծիք արտահայտեցին: Եվլոեւն ասաց, որ երեք անգամ հաղթել է Արթուրին: Չեմ էլ ցանկանում Եվլոեւին համեմատել Արթուրի հետ: Արթուրն իր կյանքում շատ է ունեցել հաղթանակներ, պարտություններ, բայց երբեք հետո չի կանգնել ու հայտարարել, որ այս մեկից կամ մյուսից ուժեղ էր: Եվլոեւին ուզում եմ հիշեցնել 2018, 2019, 2020 ու 2021 թվականները: Թող վերանայի իր հաջողություններն ու Արթուրինը:

Միխայիլ Մամիաշվիլիին չէի պատասխանի, եթե նա մամուլում հանդես եկած չլիներ: Մենք առանձին զրուցել ենք, բայց նա որոշեց հայտարություն անել մամուլի միջոցով: Ես պատասխանում եմ նրան նույն կերպ ու հույս ունեմ, որ իմ պատասխանը նրան կհասնի:

Միխայիլ Մամիաշվիլին իր մարզական կարիերայում գրանցած արդյունքներով շատ-շատ հետ է Արթուր Ալեքսանյանից: Նա չունի այնքան նվաճում, որքան Արթուրը: Նա հայտարարել է, թե միայն թույլ մարզիկը նման արտահայտություն կաներ պարտվելուց հետո: Խոսքը Արթուրի՝ ռուս լրագրողին ասված արտահայտության մասին է: Հիմա դիմում եմ Մամիաշվիլիին. ուժեղ մարզի՞կն է այսքան տարի անընդհատ խանգարելով մյուսներին այդքան մեդալ տանում, գողանում: Ինչ հնարավորություն կա, որ երկրներից կարողացել են, հնարավորություն ունեցել են, գողանում են մեդալները: Մամիաշվիլիին խորհուրդ կտամ իր ֆեդերացիայում ցույց տալ մի ըմբիշի, որը 10-ը տարվա մեջ այնքան մեդալ է նվաճել, որքան Արթուր Ալեքսանյանն իր երկրի համար: Արթուրն ապացուցել է, որ ինքը շատ ուժեղ է: Արթուրը չեմպիոն է, բացի այդ, մարդ տեսակով անհամեմատելին է ձեր հետ, խոսքս ուղղում եմ Մամիաշվիլուն»,- նշեց Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ տեղը գրավել էր Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որն օլիմպիական ոսկե ու բրոնզե մեդալներին գումարեց նաև արծաթե մեդալ: 

Մեդալ նվաճելուն մոտ էր նաև Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն էր կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում ու լքել պայքարը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով