01:21  ,  9 օգոստոսի, 2021

«Բարսելոնան» ուժեղ էր «Յուվենտուսից»

«Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Գամպերի գավաթը վիճարկեցին կատալոնական թիմն ու Թուրինի «Յուվենտուսը»։

Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։ Արդեն երրորդ րոպեին «Յուվենտուսի» դարպասը գրավեց հոլանդացի հարձակվող, 27-ամյա Մեմֆիս Դեպայը։ Գոլային փոխանցումը կատարեց Ավստրիան ներկայացնող 18-ամյա հարձակվող Յուսուֆ Դեմիրը։

57-րդ րոպեին «Բարսելոնայի» առավելությունը կրկնապատկեց 30-ամյա դանիացի հարձակվող Մարտին Բրայթուայթը։

Ավելացված ժամանակում դաշտի տերերի երրորդ գոլը խփեց 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Ռիկի Պուչը։

Թիմերը հանդես եկան հետեւյալ մեկնարկային կազմերով։

«Բարսելոնա»․ Նետո, Պիկե, Արաուխո, Ալբա, Բուսկետս, Ռոբերտո, Դեմիր, Գրիզման, Դեպայ, Բրայթուայթ։

«Յուվենտուս»․ Շչեսնի, Դե Շիլյո, Դե Լիգտ, Ռուգանի, Սանդրո, Բենտանկուր, Ռեմզի, Բեռնարդեսկի, Կուադրադո, Մորատա, Ռոնալդու։

Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Բարսելոնան» օգոստոսի 15-ին կընդունի «Ռեալ Սոսիեդադին»։ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի խաղը կանցկացնի օգոստոսի 22-ին՝ հյուրընկալվելով «Ուդինեզեին»։

Ժոան Գամպերի գավաթի խաղարկություն

«Բարսելոնա» - «Յուվենտուս»՝ 3։0

Մեմֆիս Դեպայ, 3, Մարտին Բրայթուայթ, 57, Ռիկի Պուչ, 90+2

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում