23:29  ,  8 օգոստոսի, 2021

Հայաստանի հավաքականի թեկնածուն նորամուտը նշեց ռուսական Պրեմիեր լիգայում

Մերձմոսկովյան «Խիմկիի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դավիթ Դավիդյանը նորամուտը նշեց ռուսական Պրեմիեր լիգայում։

Երրորդ տուրում «Խիմկին» ընդունեց «Ռոստովին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Դավիդյանը փոխարինման դուրս եկավ 90-րդ րոպեին։

«Ռոստովի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

23-ամյա Դավիդյանը նախորդ մրցաշրջանից առաջ միացել էր «Ալաշկերտին», որի կազմում Հայաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 19 խաղի, դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանում Դավիդյանը հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում» ու «Արարատում»:

Այս ամռանը Դավիդ Դավիդյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ ազգային թիմին:

«Խիմկիի» հետ նա կնքել է երկու տարվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ «Խիմկիում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը, որը «Ռոստովի» դեմ խաղում մնաց պահեստայինների նստարանին։

«Խիմկին» 4 միավորով 6-րդն է, «Ռոստովն» ունի 1 միավոր եւ նախավերջինն է։

Ռուսաստանի առաջնություն, երրորդ տուր

«Խիմկի» - «Ռոստով»՝ 1։1

Դենիս Գլուշակով, 70, 11մ -  Նիկոլայ Կոմլիչենկո, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում