Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց Բրազիլիայի հավաքականը, որը կրկնեց Ռիո-2016-ի հաջողությունը:
Եզրափակիչում բրազիլացիները լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեցին Իսպանիայի հավաքականին:
38-րդ րոպեին բրազիլացիները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն անգլիական «Էվերտոնի» հարձակվող Ռիշարլիսոնը չկարողացավ անվրեպ իրացնել այն: Այնուամենայնիվ, առաջին խաղակեսի վերջնամասում հարավամերիկյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ գերմանական «Հերտայի» կիսապաշտպան Մատեուս Չունայի գոլի շնորհիվ:
Երկրորդ խաղակեսում իսպանացիների պատասխան գոլը խփեց «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Օյարզաբալը, որն աչքի ընկավ 61-րդ րոպեին:
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ բրազիլացիներին հաղթանակ պարգևեց ռուսական «Զենիթի» հարձակվող Մալկոմի գոլը:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալակիր էր դարձել Մեքսիկայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 3:1 հաշվով հաղթել էր Ճապոնիայի թիմին:
Տոկիո-2020, ֆուտբոլ, տղամարդիկ, եզրափակիչ
Բրազիլիա - Իսպանիա՝ 2:1 (տեսանյութ)
Մատեուս Չունա, 45+2, Մալկոմ, 109 – Միկել Օյարզաբալ, 61
Չիրացված 11 մետրանոց՝ Ռիշարլիսոն, 38 (Բրազիլիա)
ABRAÇOS QUE VALEM OURO!
— CBF Futebol (@CBF_Futebol) August 7, 2021
Fotos: Lucas Figueiredo / CBF pic.twitter.com/qR019W6sCu
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում