18:49  ,  5 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Օգոստոսի 6-ին Հայաստանը կունենա 2 մասնակից

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը օգոստոսի 6-ին կունենա 2 մասնակից։

Ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգում պայքարը կսկսի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը։ Նա կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովի հետ: 25-ամյա ռուս ըմբիշը գործող աշխարհի չեմպիոն է (2019թ.) ու կրկնակի փոխչեմպիոն (2017, 2018), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2018):

Թևանյանի ու Ռաշիդովի գոտեմարտի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Մոգոմեդմուրադ Գաջիև (Լեհաստան) – Գեորգիոս Պիլիդիս (Հունաստան) զույգի հաղթողի հետ:

65 կգ քաշային կարգի մրցումը կմեկնարկի օգոստոսի 6-ին՝ Երևանի ժամանակով 06:30-ից:

Բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկած ու առնվազն բրոնզե մեդալ ապահոված Հովհաննես Բաչկովը (63 կգ) եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Քեյշոուն Դեւիսի հետ: Այս մարզաձեւում Հայաստանի վերջին ներկայացուցիչի մասնակցությամբ մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 09։32-ին։

Հայաստանի հավաքականի ավագը Տոկիո-2020-ում հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով