18:49 5 օգոստոսի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը օգոստոսի 6-ին կունենա 2 մասնակից։
Ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգում պայքարը կսկսի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը։ Նա կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովի հետ: 25-ամյա ռուս ըմբիշը գործող աշխարհի չեմպիոն է (2019թ.) ու կրկնակի փոխչեմպիոն (2017, 2018), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2018):
Թևանյանի ու Ռաշիդովի գոտեմարտի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Մոգոմեդմուրադ Գաջիև (Լեհաստան) – Գեորգիոս Պիլիդիս (Հունաստան) զույգի հաղթողի հետ:
65 կգ քաշային կարգի մրցումը կմեկնարկի օգոստոսի 6-ին՝ Երևանի ժամանակով 06:30-ից:
Բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկած ու առնվազն բրոնզե մեդալ ապահոված Հովհաննես Բաչկովը (63 կգ) եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Քեյշոուն Դեւիսի հետ: Այս մարզաձեւում Հայաստանի վերջին ներկայացուցիչի մասնակցությամբ մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 09։32-ին։
Հայաստանի հավաքականի ավագը Տոկիո-2020-ում հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.