19:45  ,  4 օգոստոսի, 2021

Լևանդովսկին չի բացառել, որ մեկ տարուց կհեռանա «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ զրույց է ունեցել ապագայի վերաբերյալ, հաղորդում է SportBild-ը:

32-ամյա ֆուտբոլիստը մարզիչին վստահեցրել է, որ նախկինի պես մոտիվացված է և ցանկանում է նոր տիտղոսներ նվաճել «Բավարիայի» հետ: Միևնույն ժամանակ, Լևանդովսկին չի բացառում, որ 2022 թվականին կհեռանա գերմանական ակումբից:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Լևանդովսկին կարիերայում առաջին անգամ արժանացել էր «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, որը շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին: Գերմանիայի ավարտված առաջնությունում նա դարձավ 41 գոլի հեղինակ: Լևանդովսկին գերազանցեց Գերդ Մյուլերի՝ Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը: Գերմանացի լեգենդար հարձակվողը «Բավարիայի» կազմում ռեկորդը սահմանել էր 1971/72թթ. մրցաշրջանում՝ խփելով 40 գոլ:

Ռոբերտ Լևանդովսկին 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», որի  հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում