22:44  ,  3 օգոստոսի, 2021

MMA-ում նորամուտը նշած Վալոդյա Ֆրանգուլյան. Ըմբշամարտի էջը դեռ չեմ ուզում փակել

Ըմբշամարտի էջը դեռեւս չեմ ուզում փակել, բայց այս պահին ցանկանում եմ նոր մարզական կարիերա ստեղծել խառը մենամարտերում: Այստեղ ադրենալին, մեծ էներգիա կա եւ շարունակելու մեծ ձգտում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը, որն օրերս նորամուտը նշեց խառը մենամարտերում:

Հուլիսի 25-ին հայ մարզիկը ամերիկյան Քալիֆորնիայի «Վալի Ցենտեր» մարզապալատում մասնակցեց Gladiator Challenge մրցաշարին եւ առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց մեքսիկացի մրցակցին։

Վալոդյա, շնորհավորում եմ խառը մենամարտերում հաղթանալով նորամուտի կապակցությամբ: Ե՞րբ եւ ինչպես որոշեցիր հանդես գալ MMA-ում:

Վաղուց էի ցանկանում տեղափոխվել խառը մենամարտեր, որոշումն էլ վաղուց էր եկել, ուղղակի դեռ չէի ցանկանում պաշտոնապես հայտարարություն անել, որ տեղափոխվում եմ այդ մարզաձեւ: Սպասում էի ճիշտ պահի, պատրաստվելուս, մարզումներիս փուլն անցնելուն եւ արդեն առաջին մենամարտիս: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ տեղափոխվում եմ խառը մենամարտեր:

Այսպիսով՝ ըմբշամարտում ավարտո՞ւմ ես մարզական կարիերադ, թե՞ համատեղելու ես:

Դեռ որեւէ հստակ որոշում չունեմ: Չեմ հայտարարում, որ ավարտում եմ մարզական կարիերաս ըմբշամարտում: Հնարավոր է՝ գամ եւ մասնակցեմ Հայաստանի առաջնությանը, միջազգային մրցաշարերի: Դեռ չեմ հեռացել հավաքականից:

Այս պահին արդեն հանդես եմ գալիս խառը մենամարտերում: Ցանկանում եմ կարիերա ստեղծել MMA-ում: ԱՄՆ-ում եմ պատկերացնում խառը մենամարտերում կարիերաս: Այստեղ կմարզվեմ, մենամարտեր կանցկացնեմ, Հայաստան կգնանք-կգանք: Այնպես չէ, որ վերջնական հիմնավորվել ենք այստեղ: Դեռ շատ սովորելու տեղ ունենք: Այստեղ է լավագույն դպրոցը խառը մենամարտերի համար:

Դեռ չեմ ուզում ըմբշամարտի էջը փակել: Այստեղ էլ շատ բան եմ սովորել ըմբշամարտի համար, որը հետագայում ինձ կօգնի մրցագորգում: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Հնարավոր է, որ դեռ հանդես գամ ըմբշամարտի մրցաշարերում:

Ի՞նչը դարձավ խառը մենամարտերում հանդես գալու պատճառ:

Վերջին տարիներին ինձ սկսել էր ավելի շատ դուր գալ խառը մենամարտերը: Հետեւում էի, ուսումնասիրում: Երբեք չէի զբաղվել այս մարզաձեւով, Հայաստանում չեմ մարզվել առհասարակ: Որոշումը վաղուց էր եկել, որեւէ կոնկրետ պատճառ չի եղել այս որոշումը կայացնելու համար: Ինքս ինձ համար խնդիր էի դրել, որ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերից հետո պետք է փորձեմ ուժերս խառը մենամարտերում: Եվ որոշումն այսպես էր, որ պետք է ԱՄՆ-ում սկսեմ մարզվել: Նախ ուզում էի 2019 թվականի Հայաստանի առաջնությունից հետո գալ ԱՄՆ, հետո որոշեցի, որ Տոկիո-2020-ից հետո կանեմ դա: Երբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Օլիմպիական խաղերը հետաձգվեց մեկ տարով, օլիմպիական վարկանիշային մրցաշարերը եւս հետաձգվեցին, արդեն հստակ որոշեցի, որ ճիշտ պահն է սկսել: Այդ ընթացն էլ մի փոքր ձգձգվեց, քանի որ ճանապարհները փակ էին եւ չէինք կարողանում մեկնել Հայաստանից: Ճանապարհները բացվելուն պես եկանք: Անմիջապես հաջորդ օրվանից սկսեցինք մարզվել:

Ինչպե՞ս ստացվեց անցումն ըմբշամարտից խառը մենամարտեր:

Ըմբշամարտը հոգեհարազատ է այս մարզաձեւին: Եթե պրոֆեսիոնալ ըմբիշ ես եղել, ավելի հեշտ է մտնել խառը մենամարտեր: Ըմբիշների հետ բոլորը դժվարանում են մենամարտել: Կարելի է ասել՝ ըմբշամարտն այս մարզաձեւի հիմքերից մեկն է: Եթե կարողանում ես ըմբշամարտի հնարք կատարել, ներքեւում աշխատել, դրանից հետո, եթե նույնսիկ մրցակիցդ կանգնում է, ավելի հոգնած է լինում: Այս պարագայում նախկինում ըմբշամարտով պրոֆեսիոնալ զբաղվածներն առավելություն են ունեն ութանկյունում:

Այստեղ շեշտադրությունը դրեցինք բռնցքամարտի, քիկբոքսինգի վրա: Մեզ հետ աշխատում է բռնցքամարտի մարզիչ: Օրական երկու մարզում հատկացնում ենք հենց բռնցքամարտին:

Ինչո՞ւ որոշեցիր հենց ԱՄՆ-ում սկսել զբաղվել այս մարզաձեւով:

Իրականում, չէի ուզում Հայաստանում զբաղվել, այդտեղ սկսել մարզվել, որ հիմքը սխալ չդրվեր: Շատ նրբություններ կան: Այնպես չէ, որ Հայաստանում մենք լավ մարզիչներ չունենք: Խառը մենամարտերի բռնցքամարտն այլ է: Կարող է լավ բռնցքամարտիկ լինես, բայց այս կռվի բռնցքամարտը բոլորովին այլ է: Նույնն ըմբշամարտում է: Մեր պրոֆեսիոնալ ըմբշամարտն այլ է, այստեղ ամեն ինչ կա, ամեն ինչ կարող ես անել ըմբշամարտով՝ խեղդելու հնարք եւ այլն:

Ովքե՞ր են քեզ հետ աշխատում ԱՄՆ-ում:

Տարբեր մարզադահլիճներում եւ մի քանի մարզիչների մոտ ենք աշխատում: Ինչպես հայտնի է, խառը մենամարտերում շուտով իր նորամուտը կնշի նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Միասին ենք եկել ԱՄՆ եւ միասին սկսել մարզվել: Երկուսիս մենեջերը UFC մարտիկ Էդմեն Շահբազյանի անձնական մարզիչ, մենեջեր, ԱՄՆ-ի «Գլենդեյլ ֆայթինգ քլաբի» ղեկավար Էդմոնդ Թարվերդյանն է: Հիմնականում հենց նրա ակումբում էլ մարզվում ենք: Մեզ հետ աշխատում է նաեւ ազատ ոճի ըմբշամարտի 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը:

Հուլիսի 25-ին անցրացրիր առաջին մենամարտդ եւ վստահ հաղթանակ տարար: Ինչպե՞ս էիր քեզ զգում ութանկյունում եւ կա՞ արդեն պայմանագիր պրոմոութերական ընկերություններից մեկի հետ:

Դեռ չունեմ պայմանագիր: Այս պահին չեմ ցանկանում մենամարտել պայմանագրով: Մի քանի մենամարտից հետո նոր կմտածենք որեւէ պրոմոութերի հետ պայմանագիր կնքելու մասին:

Առաջին մենամարտս շատ լավ անցավ: Հաղթեցի առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով: Մինչեւ առաջին մենամարտս արդեն լավ էի զգում ինձ ութանկյունում: Ըմբշամարտի գորգից հետո, իհարկե, մի փոքր անսովոր է, բայց առաջին մենամարտիս ժամանակ, երբ մտա ութանկյուն, այդ պահից արդեն ավելի պարզ դարձավ, որ ամեն ինչ լավ է: Այնպիսի տպավորություն էր, որ ես վաղուց եմ այս մարզաձեւում: Խառը մենամարտերը ադրենալին է, մեծ էներգիա կա եւ շարունակելու մեծ ձգտում: Մրցակիցս մեքսիկացի էր: Իմ առաջին մենամարտն էր, իսկ նրա համար՝ ոչ: Լավ ստացվեց:

Վալոդյա, այս օրերին ընթացող Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանն ու քո քաշային կարգում հանդես եկող, աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը: Որպես ավագ թիմակից, ի՞նչ կասես մեր օլիմպիականների մասին: Ի՞նչ սպասելիքներ ունես նրանցից:

Երկուսն էլ շատ լավ ըմբիշներ են, բարձրակարգ եւ գրագետ գոտեմարտեր անցկացնող: Մի քանի օր առաջ զրուցում էի նրանց հետ, հոգեբանորեն շատ լավ վիճակում են: Երկուսն էլ տրամադրված են մեդալի: Այստեղ այն պահն է, որ երկուսն էլ մեդալների իրական հավակնորդներ են: Երկուսն էլ կարող են: Այնպես չէ, որ մեկը մի քիչ ավելի, մյուսը՝ պակաս: Նրանք շատ ուժեղ են, ֆավորիտներ են եւ երկուսից էլ սպասում ենք մեդալներ: Կարող են նույնիսկ ոսկե մեդալներ նվաճել: Ուզում եմ, որ երկուսն էլ հաղթեն: Շատ եմ ուրախանում նրանց յուրաքանչյուր հաղթանակով: Ավելի ուրախ եմ, որ հենց նրանք են հանդես գալու Տոկիո-2020-ում: Նրանք կարող են ցանկացած մրցակցի հաղթել: Հաջողություն եմ մաղթում նրանց եւ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մեր բոլոր մարզիկներին: Ես հավատում ու սպասում եմ, որ այս Խաղերում ազատ ոճում մենք ունենալու ենք մեդալներ, մինչեւ անգամ՝ ոսկե:

Հիշեցնենք, որ ըմբշամարտում Վալոդյա Ֆրանգուլյանը հանդես էր գալիս 65 կգ քաշային կարգում: Վալոդյա Ֆրանգուլյանը և հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը վերջին շրջանում մարզվում են Լոս Անջելեսում: Մանուկյանը MMA-ում նորամուտը կնշի օգոստոսի 7-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով