18:12  ,  31 հուլիսի, 2021

Արթուր Աբրահամ․ Հովհաննես Բաչկովը շատ խելացի մենամարտով հաղթեց ադրբեջանցուն (ֆոտո)

Հովհաննես Բաչկովը շատ խելացի մենամարտով հաղթեց ադրբեջանցուն եւ ցույց տվեց, որ հայերը միշտ իրենցն անում են աշխարհում ամեն տեղ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:

Հուլիսի 31-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերում 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը Հովհաննես Բաչկովը (63 կգ) 1/8 եզրափակիչում մենամարտեց 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ եւ տարավ տպավորիչ հաղթանակ՝ 4։1։

«Դիտել եմ Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովի մրցելույթը: Շատ ուրախ եմ, որ մեր Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն եւ ցույց տվեց, որ հայերը միշտ իրենցն անում են աշխարհում ամեն տեղ։

Շատ խելացի մենամարտ արեց, շատ լավ կպավ, ապրի մեր Բաչկովը։ Հուսով եմ, որ շուտով կմտնի մեկ երկրորդ եզրափակիչ։ Հետևում եմ Տոկիո 2020-ին, հատկապես բռնցքամարտին, ծանրամարտին, ըմբշամարտին։ Քաջալերում եմ և հաղթանակներ եմ մաղթում մեր բոլոր մարզիկներին Օլիմպիական խաղերում»,- ասաց Արթուր Աբրահամը:

Բաչկովի հաղթանակը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում: Հայ օգտատերերը ցնծությամբ տեղադրում են Բաչկով-Չելեբեւ մենամարտից լուսանկարներ եւ տեսագրություններ, մասնավորապես Հովհաննես Բաչկովի դիպուկ հարվածը Չելեբիեւի ծնոտին պատկերող կադրերը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով