Լողի Հայաստանի չեմպիոն Արթուր Բարսեղյանն ավարտեց ելույթը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Հուլիսի 30-ին 19-ամյա լողորդը մասնակցեց 50 մետր ազատ ոճի մրցմանը, որտեղ գրանցեց 23.14 վայրկյան արդյունք և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 5-րդ լողահերթում Արթուր Բարսեղյանը գրավեց երրորդ տեղը:
Ընդհանուր հաշվարկում Հայաստանի ներկայացուցիչը 73 լողորդների մեջ 43-րդն էր: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-16-րդ տեղ գրաված մասնակիցները:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին մասնակցել էր նաև 100 մետր ազատ ոճի մրցմանը, որտեղ չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը և 70 մասնակիցների մեջ 38-րդ տեղն էր գրավել 49.78 վայրկյան արդյունքով:
Լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճում 45-րդ տեղն էր զբաղեցրել 51 մասնակիցների մեջ:
Հայ լողորդներն ավարտեցին ելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
Արթուր Բարսեղյան, լող, 50 եւ 100 մետր ազատ ոճ
Ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երեւանում:
Անձնական մարզիչ՝ Արմինե Ավետիսյան
Արթուր Բարսեղյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող: Մեծահասակների կազմում առաջին լուրջ փորձը եղել է 2016 թվականի ԱՄԷ աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ եւ բարելավել իր արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել:
2017 թվականին Հունգարիայում մասնակցել է Եվրոպական օլիմպիական փառատոնին, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը: Նույն տարում պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվ:
2018 թվականին Հելսինկիի միջազգային մրցաշարում նվաճել է պատանիների Օլիմպիական խաղերի վարկանիշ: 2018 թվականին Արգենտինայում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճ մրցաձեւում 22.69 արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը:
2019 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը եւ լրացրել B վարկանիշ: 2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է, 2021 թվականի Բուլղարիայի բաց առաջնոթյան չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:
Ամուսնացած չէ:
Տոկիո-2020-ի ուղեգիրը նվաճել է՝ 2019 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում B վարկանիշ լրացնելով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում