Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանն ավարտեց ելույթը (ֆոտո)

14:20   30 հուլիսի, 2021

Լողի Հայաստանի չեմպիոն Արթուր Բարսեղյանն ավարտեց ելույթը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Հուլիսի 30-ին 19-ամյա լողորդը մասնակցեց 50 մետր ազատ ոճի մրցմանը, որտեղ գրանցեց 23.14 վայրկյան արդյունք և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 5-րդ լողահերթում Արթուր Բարսեղյանը գրավեց երրորդ տեղը:

Ընդհանուր հաշվարկում Հայաստանի ներկայացուցիչը 73 լողորդների մեջ 43-րդն էր: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-16-րդ տեղ գրաված մասնակիցները:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին մասնակցել էր նաև 100 մետր ազատ ոճի մրցմանը, որտեղ չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը և 70 մասնակիցների մեջ 38-րդ տեղն էր գրավել 49.78 վայրկյան արդյունքով:

Լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճում 45-րդ տեղն էր զբաղեցրել 51 մասնակիցների մեջ:

Հայ լողորդներն ավարտեցին ելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Արթուր Բարսեղյան, լող, 50 եւ 100 մետր ազատ ոճ

Ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Արմինե Ավետիսյան

Արթուր Բարսեղյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող: Մեծահասակների կազմում առաջին լուրջ փորձը եղել է 2016 թվականի ԱՄԷ աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ եւ բարելավել իր արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել:

2017 թվականին Հունգարիայում մասնակցել է Եվրոպական օլիմպիական փառատոնին, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը: Նույն տարում պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվ:

2018 թվականին Հելսինկիի միջազգային մրցաշարում նվաճել է պատանիների Օլիմպիական խաղերի վարկանիշ: 2018 թվականին Արգենտինայում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճ մրցաձեւում 22.69 արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը:

2019 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը եւ լրացրել  B վարկանիշ: 2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է, 2021 թվականի Բուլղարիայի բաց առաջնոթյան չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:

Ամուսնացած չէ:

Տոկիո-2020-ի ուղեգիրը նվաճել է՝ 2019 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում B վարկանիշ լրացնելով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.