20:34  ,  27 հուլիսի, 2021

Տոկիո–2020. Հուլիսի 28–ին Հայաստանը կունենա 1 մասնակից

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը հուլիսի 28–ին կունենա մեկ մասնակից։

Լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցի ազատ ոճի 100 մետրի մրցմանը։ Նա ընդգրկված է նախնական փուլի երկրորդ լողահերթում։ Մեկնարկը նախատեսված է Երեւանի ժամանակով 14։04–ին։

Վարսենիկ Մանուչարյան, լող, 100 մետր ազատ ոճ

Ծնվել է 2003 թվականի հուլիսի 11-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Կարեն Բարսեղյան։

Վարսենիկ Մանուչարյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, մրցանակակիր:

Վարսենիկ Մանուչարյանի առաջին լուրջ փորձը միջազգային մրցաշարում եղել է 2017 թվականին Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնը, որտեղ բարելավել իր անձնական արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել: Անձնական արդյունքների բարելավում գրանցել է նաեւ 2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում: 2018 թվականին մասնակցել է Հելսինկիում տեղի ունեցած պատանիների Եվրոպայի առաջնությանը, ապա նաեւ Չինաստանում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությանը: Խոշոր մրցաշարերում հայ լողորդը դեռեւս մրցանակային տեղեր չի զբաղեցրել:

2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է:

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամն է՝ 18 տարեկան:

Տոկիո-2020-ի ուղեգիրը ստացել է սպիտակ քարտի միջոցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով