15:55  ,  24 հուլիսի, 2021

Արթուր Դավթյանը՝ Տոկիոյից. Մրցակիցներիս ցատկերը շատ բարդ են, եզրափակիչում պետք է անեմ առավելագույնը

Հենացատում առաջին ցատկս լավ ստացեց, երկրորդի մասին ավելացնելու ոչինչ չունեմ. դրանից իդեալական չէր կարող լինել: Բոլորի մոտ մեծ լարվածություն կար, վայր ընկնողները շատ են: Տեսնենք՝ եզրափակիչում ինչպես կստացվի: Պետք է անեմ առավելագույնը, պետք է ցատկեմ ու կանգնեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական Տոկիոյից ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի գործող չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը դուրս է եկել Տոկիոյի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության եզրափակիչ:

Արթուր Դավթյանը հուլիսի 24-ին մասնակցեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի հենացատկի եւ նժույգ թափեր վարժության որակավորման փուլերին: Հենացատկում Դավթյանը փայլուն ելույթ ունեցավ եւ երկու ցատկերի հանրագումարում վաստակեց է 14.866 միավոր:

Նժույգ թափերում այս վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը վաստակեց 14.566 միավոր եւ գրանցեց գրանցեց 9-րդ տեղի արդյունքը՝ չհաղթահարելով որակավորման փուլի արգելքը:

«Հենացատկը հաջող ստացվեց ինձ մոտ: Առաջին ցատկը մի փոքր լավ չստացվեց: Իմ խնդիրը հենց այդ առաջին ցատկն է, որ կարողանամ վերջում գալ ու կանգնել, քայլ չանել, աշխատանքային գծից դուրս չգալ: Լավ էր, նորմալ ցատկել եմ: Երկրորդ ցատկի մասին ավելացնելու ոչինչ չունեմ: Կարծում եմ՝ իդեալական էր, դրանից ավելի լավ չէր կարող լինել:

Նժույգ թափեր վարժությունը կատարեցի, բայց չեմ կարող ասել՝ իդեալական էր: Լավ եմ կատարել իմ վարժությունը, ուղղակի մրցակիցներիս վարժությունները շատ բարդ էին: Խնդիրը հենց բարդությունն էր, որ միավորներով չբավականացրեց ինձ անցնել եզրափակիչ: Դեռ որակավորման երրորդ մրցափուլն է ընթանում, եւ դեռ չգիտեմ նժույգ թափերում ինչ հնարավորություն կունենամ պահեստայինում:

Ինչ վերաբերում է հենացատկին, եզրափակիչ անցել եմ, այս պահին առաջին տեղով, բայց դեռ կարող է ինչ-որ բան փոխվել: Հնարավոր է նաեւ զիջեմ դիրքերս, քանի որ երրորդ մրցահերթում էլ շատ ուժեղ ու բարդ տարրերով ցատկողներ կան: Օլիմպիական խաղերում մասնակիցների, այսինքն՝ իմ մրցակիցների մեջ կան ավելի բարդ ցատկողներ, ինձանից բարդ ցատկեր կատարողներ:

Եզրափակիչում պետք է կատարեմ առավելագույնը: Լարվածությունը մեծ է, շատ ընկնողներ կան: Տեսնենք, թե ինչպես կստացվի երզափակիչում»,- ասաց Արթուր Դավթյանը:

Տոկիո-2020-ի սպորտային մարմնամարզության տղամարդկանց որակավորման փուլի երրորդ մրցահերթը դեռ շարունակվում է: Մինչ այս պահը Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ընթացիկ առաջատարն է: Հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին:

Եզրափակիչ դուրս եկած 8-յակի վերջնական կազմը հայտնի կդառնա որակավորման փուլի երրորդ մրցահերթի ավարտից հետո: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ