12:09  ,  14 հուլիսի, 2021

Դոնարումա․ «Միլանն» ընդմիշտ կմնա իմ սրտում

Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի 22-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հրաժեշտ է տվել «Միլանին» եւ ակումբի երկրպագուներին։ Նրա պայմանագիրը միլանյան թիմի հետ ավարտվել է հունիսի 30-ին։

«Այս ակումբն ընդմիշտ կմնա իմ սրտում։ Հեռանալու մասին որոշումը հեշտ չի տրվել, բայց երբեմն պետք է խիզախել եւ սկսել նոր փուլ կյանքում»,- գրել է Դոնարուման Ինստագրամում։

Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստը հուլիսի 14-ին կժամանի Փարիզ եւ 5 տարվա պայմանագիր կկնքի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Դոնարուման «Միլանի» հետ մասնակցել է 48 հանդիպման, բաց է թողել 54 գոլ, 15 խաղում անառիկ է պահել դարպասը։

Դոնարուման Եվրո-2020-ի եզրափակիչում Անգլիայի հետ դիմակայությունում հետ մղեց հետխաղային 11 մետրանոցներից երկուսը եւ ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում