01:57  ,  12 հուլիսի, 2021

Իտալիան՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

Եվրո-2020-ի եզրափակիչում Իտալիայի հավաքականը հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց Անգլիային։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում անցկացված հանդիպումից առաջ տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության հանդիսավոր արարողությունը։

Հանդիպման արդեն երկրորդ րոպեին անգլիացիներիը բացեցին հաշիվը։ Արագ գրոհից հետո ՊՍԺ-ի 22-ամյա խաղացող Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա պաշտպան Լյուկ Շոուն, որն օգտագործեց Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա պաշտպան Կիրան Տրիպիեի փոխանցումը։

Լյուկ Շոուի գոլն ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում։ Անգլիայի հավաքականին 1 րոպե եւ 56 վայրկյան պահանջվեց գոլ խփելու համար։

Առաջին խաղակեսում տարածքային առավելություն ուներ Իտալիայի թիմը, որը գնդակին տիրեց ժամանակի 62 տոկոսը, սակայն սուր պահեր ստեղծել չկարողացավ։ Անգլիայի թիմը եւս Շոուի հարվածից բացի, այլ հարված մրցակցի դարպասին չկատարեց։

Ընդմիջումից հետո իտալացիների խաղացողներ, «Նապոլիի» 30-ամյա հարձակվող Լորենցո Ինսինիեի եւ Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հարվածներից հետո երեք սեյվի հեղինակ դարձավ «Էվերտոնի» 27-ամյա դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։

67-րդ րոպեին իտալացիներից պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին։ Նա Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 34 տարեկան եւ 71 օրական։

Հիմնական ժամանակում Իտալիան 5 հարված կատարեց մրցակցի դարպասին, Անգլիան՝ 1 անգամ։

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ժամանակ թիմերը չկարողացան գոլ խփել։ Եւ պատմության մեջ երկրորդ անգամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչում նշանակվեց 11 մետրանոցներ, որոնք ավելի հաջող իրացրին իտալացիները։

«Սասուոլոյի» 26-ամյա հարձակվող Դոմենիկո Բեռարդին առաջին հարվածեց եւ գրավեց դարպասը։ Լոնդոնի «Տոտենհեմի» 27-ամյա հարձակվող Հարի Քեյնը եւս չվրիպեց։ «Տորինոյի» 27-ամյա հարձակվող Անդրեա Բելոտիի հարվածից հետո Պիկֆորդը հետ մղեց։ «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա պաշտպան Հարի Մագուայրն առաջ մղեց անգլիացիներին։ Լեոնարդո Բոնուչին արդյունավետ իրացրեց իր հարվածը։ «Մանչեսթեր Յունայթեդի» 23-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հարվածեց ուղղահայաց դարպասաձողին եւ հավասարությունը վերականգնվեց։ «Յուվենտուսի» 27-ամյա հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկին հստակ կատարեց իր մոտեցումը։ «Մանչեսթեր Յունայթեդի» 21-ամյա նորեկ Ջեյդոն Սանչոյի հարվածից հետո սեյվի հեղինակ դարձավ Դոնարուման։

Ռեշֆորդն ու Սանչոն լրացուցիչ ժամանակի վերջում էին դուրս եկել փոխարինման։ Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա կիսապաշտպան Ժորժինյոն թույլ հարվածեց եւ Պիկֆորդը փրկեց դրությունը՝ որսալով ուղղահայաց դարպասաձողից հետ եկած գնդակը։

«Արսենալի» 19-ամյա կիսապաշտպան Բուկայո Սակայի հարվածից հետո Դոնարուման դարձյալ հետ մղեց, եւ Իտալիան երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ 1968 թվականից հետո։

Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ խաղաց Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ էին հասել եզրափակիչ:

«Ուեմբլիում» եզրափակիչին հետեւց 67 հազար հանդիսական։ Գլխավոր մրցավարը հոլանդացի Բյորն Կույպերսն էր։

Եվրո-2020, եզրափակիչ, Լոնդոն

Իտալիա - Անգլիա՝ 1։1, 11մ՝ 3։2 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)

Լեոնարդո Բոնուչի, 67 - Լյուկ Շոու, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ