17:42  ,  1 հուլիսի, 2021

Հաբեթնակ Կուրղինյան. Շատ լուրջ ենք տրամադրված, որովհետեւ հնարավոր է՝ ունենանք օլիմպիական չեմպիոններ

Շատ լուրջ ենք տրամադրված, որովհետեւ հնարավոր է՝ ունենանք օլիմպիական չեմպիոններ: Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ են հաղթանակների:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն (57 կգ)  ու Վազգեն Թեւանյանը (65 կգ) շարունակում են Խաղերի նախապատրաստական փուլը:

Հունիսի 29-ին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ օլիմպիականները մեկնել են Վլադիկավկազ՝ Տոկիո 2020-ից առաջ նախավերջին ուսումնամարզական հավաքին: Հարությունյանին եւ Թեւանյանին արտագնա հավաքում օգնում են Հայաստանի հավաքականի անդամները:

Պարոն Կուրղինյան, ինչպե՞ս է ընթանում Օլիմպիական խաղերի նապատրաստական փուլը: Քանի՞ հավաք եք անցել եւ դեռ քանի՞սը կունենաք:

Վարկանիշային մրցաշարից անմիջապես հետո սկսեցինք Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլն ըստ ծրագրի: Ունեցանք ֆիզպատրաստության հավաք Ծաղկաձորում, ապա շարունակեցինք Երեւանի «Օլիմպավանում»: Այստեղ աշխատեցինք երիտասարդական հավաքականի հետ: Երեւանում հիմնական շեշտադրությունը արագաուժային վարժություններն էին, գորգային մարզումները, բայց ոչ ծանրաբեռնված:

Հունիսի 30-ից հուլիսի 13-ը հիմնական ծանրաբեռնված հավաքը կանցնենք Վլադիկավկազում: Այստեղ արդեն կենտրոնանալու ենք տեխնիկայի, տակտիկայի վրա, հնարքների վրա ենք աշխատելու: Վլադիկավկազում համատեղ հավաք է լինելու տարբեր երկրների թիմերի հետ: Այն անցկացվում է հենց Օլիմպիական խաղերի մասնակիցների համար: Արսեն Հարությունյանի եւ Վազգեն Թեւանյանի հետ հավաքին կմասնակցեն հավաքականի մի քանի անդամներ:

Խաղերից առաջ վերջին հավաքը կանենք Երեւանում, որտեղից էլ կմեկնենք Տոկիո:

Աստիճանաբար գալիս ենք լավագույն մարզավիճակին: Ըստ փուլերի ենք աշխատում: Տղաների ինքնազգացողությունը լավ է, տրամադրվածությունը՝ հրաշալի: Մրցակցային մարզավիճակին կհասնենք արդեն օգոստոսին՝ Օլիմպիական խաղերի շեմին:

Տոկիո 2020-ում Արսեն Հարությունյանի եւ Վազգեն Թեւանյանի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում:

Երկուսի հնարավորություններն էլ բարձր են: Գտնում եմ, որ նրանք կարող են իրենց ցանկացած մրցակցին էլ հաղթել: Որեւէ մեկին չեն զիջում: Նախորդ մրցումներն էլ ցույց տվեցին, որ նրանք կարող են հաղթահարել յուրաքանչյուր մրցակցի արգելք. հաղթել են աշխարհի, օլիմպիական չեմպիոնների ու մեդալակիրների:

Ասել, որ իրենց բոլոր մրցակիցներից առավել են, չի կարելի, բայց եւ ցածր էլ չեն հնարավորություններով: Թե ֆիզիկապես, թե հոգեպես պատրաստ են բոլորին հաղթել, չեմպիոն դառնալ: Տեխնիկայի եւ տակտիկայի վրա դեռ աշխատանք ունենք, բայց հոգեբանորեն պատրաստ են: Մրցումները ցույց են տվել, որ հոգեպես իրենք մեծ մարզիկներ են եւ արդեն պատրաստ են այդ հաղթանակները տանել:

Իսկ դուք պատրա՞ստ եք նրանց հաղթանակներին:

Ես էլ եմ պատրաստ, իսկապես (ծիծաղում է):

Այսինքն՝ վստա՞հ եք, որ լինելու է օլիմպիական մեդալ:

Այո, մեդալները կլինեն նրանց, մեր մեծ աշխատանքի արդյունքը: Հետաքրքիրը հենց այդ արդյունքն է, թե ինչ հետեւանք կունենա այս տեխնիկական, տակտիկական, հոգեբանական պատրաստվածությունը: Պատճառ չեմ տեսնում, որ ինչ-որ մի տեղ իրենք կարող են պարտվել: Հնարավոր է՝ պարտվեն, բայց իսկապես իրենք պատրաստ են հաղթել:

Տարբեր ժամանակներում ազատ ոճի Հայաստանի օլիմպիական թիմը մեծ կազմով է ներկայացել Խաղերին: Տոկիո 2020-ում երկու օլիմպիականով ներկայանալը Ձեզ բավարարու՞մ է:

Իսկապես միշտ ունեցել ենք 2-ից ավելի մասնակիցներ ու չեմ կարող ասել, թե մեծ կազմում որակ չենք ունեցել: Բոլոր ժամանակներում շատ ուժեղ ըմբիշներ են ներկայացրել մեր երկիրն Օլիմպիական խաղերում:

Ներկա պահին մեկնում ենք Տոկիո հավաքականի այն երկու մասնակիցներով, որոնցից իրական  մեդալային ակնկալիքներ կան: Արսենն ու Վազգենն այն ըմբիշներն են, որ ամբողջ ըմբշամարտի աշխարհը նրանցից ակնկալում է մեդալ, ընդհուպ մինչեւ ոսկե: Արսենն էլ, Վազգենն էլ մեդալների իրական հավակնորդների թվում են Հայաստանի օլիմպիական հավաքականում:

Այդ տեսանկյունից, որպես գլխավոր մարզիչ, պատասխանատվությունը մեծ չի՞:  Կա՞ որոշակի հոգեբանական ճնշում, որ այդ սպասելիքները պետք է ամեն գնով արդարացնել:

Պատասխանատվություն կա դրա մեջ, բայց այդ պատասխանատվությանն էլ պատասխանատվությամբ պետք է վերաբերվել, ակնկալել, սպասել: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն է գլխավոր մարզիչի կարգավիճակում: Ամեն մարզիչի համար Խաղերը գագաթնակետն է, բայց հեռու եմ այն մտքից, որ սա իմ մարզչական գործունեության գագաթնակետն է: 

Դիտարկում եմ, որպես հերթական փուլ: Ինչպես տղաները, այնպես էլ մենք՝ մարզիչներս, քայլ առ քայլ եկել ենք այս կետին եւ այժմ այն պահն է, որ մեր երկիրը պետք է պատշաճ ներկայացնենք Օլիմպիական խաղերում: Շատ լուրջ ենք տրամադրված, որովհետեւ հնարավոր է ունենանք օլիմպիական չեմպիոններ:

Պարոն Կուրղինյան, երկու ուժեղագույն ըմբիշներից ո՞վ է ավելի մոտ օլիմպիական ոսկե մեդալին:

Սա այն եզակի հարցն է, որին իսկապես չեմ կարող պատասխանել: Երկուսից էլ հավասար սպասում եմ, երկուսի հնարավորություններն էլ շատ մեծ են: Իսկապես չեմ կարող տարանջատել՝ այս ըմբիշը շատ ավելի մոտ է, քան մյուսը: Տարբեր քաշային կարգեր, ուժեղ մրցակիցներ, երկուսն էլ ֆավորիտներ են համարվում: Երկուսն էլ յուրահատուկ են իրենց քաշային կագերում եւ իրենց տեղն ունեն ոսկե մեդալի համար պայքարող ուժեղագույնների մեջ:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ