Հայաստանի ներկայացուցիչներ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրեասյանը 3:2 հաշվով հաղթել է ուկրաինացի Դենիս Բորոհանին, իսկ Ավագյանն ուժեղ է գտնվել վրացի Գոգա Մամիաուրիից՝ 7:4:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին պայքարի մեջ մտած Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) նվաճել են եզրափակիչի ուղեգիր: Մայիսի 19-ին Ռազմիկ Պապիկյանը եզրափակիչում կմրցի վրացի Թեիմուրազ Վանիշվիլիի հետ, իսկ Հրայր Ալիխանյանը ոսկե մեդալը կվիճարկի ռուս Չերմեն Վալիևի հետ:
7 ըմբիշով մրցավայր մեկնած Հայաստանի թիմի կազմում Սկոպյեում հանդես էին եկել նաև Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որոնք հաջողության չեն հասել:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնութունում Արման Անդրեասյանը դարձել էր բրոնզե մեդալակիր՝ նվաճելով ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի միակ մեդալը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում