12:11  ,  10 մայիսի, 2021

Կարեն Վարդանյան. Հայ կարատեիստները Տոկիո-2020-ին մասնակցելու հնարավորություն ունեն

Հայաստանի առաջատար կարատեիստներ Դավիթ եւ Անիտա Մակյանները ունեն բոլոր հնարավորությունները Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար անհրաժեշտ վարկանիշային միավորները լրացնելու համար: Կարատեիստները վարկանիշների համար կպայքարեն Փարիզում հունիսին կայանալիք մրցաշարում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանը:

Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում անցկացվել է  KARATE1 PREMIER LEAGUE - LISBON 2021 միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝  Դավիթ Մակյան (-75 կգ) եւ Անիտա Մակյան (-68 կգ): Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր չեն զբաղեցրել, բայց, Կարեն Վարդանյանի խոսքով, ֆեդերացիան ունի մեծ սպասելիքներ, քանի որ կարատեսիտները մոտ են օլիմպիական վարկանիշները լրացնելուն:

Պարոն Վարդանյան, հայկական կարատեն ի՞նչ մակարդակում է այսօր, կարատեիստներն ի՞նչ հավակնություններ ունեն միջազգային մրցահարթակում:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նպատակը մեծ նվաճումներ ունենալն է: Պաշտոնական առաջնություններում խոշոր հաղթանակներն արդեն մոտ են: Այդպես՝ հայկական կարատեի պատմության մեջ առաջին անգամ 2020 թվականին WKF Եվրոպայի առաջնությունում 14-15 տարեկանների տարիքային խմբում Մհեր Ղարազյանը նվաճեց արծաթե մեդալ: Մենք ունեցել ենք երրորդ տեղեր, բայց Եվրոպայի փոխչեմպիոն առաջին անգամ էինք ունենում: Բացի այդ, Հայաստանի մեծահասակների հավաքականի առաջատարներ Դավիթ եւ Անիտա Մակյաններն իրենց քաշային կարգերում մտնում է աշխարհի 200 լավագույն կարատեիստների մեջ: Սա մեծ ձեռքբերում է հայկական կարատեի համար:

Հայաստանում կարատեի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Շատ են կարատեով զբաղվողները: Ապրիլի 11-ին Երեւանի «Միկա» մարզահամալիում անցկացրինք մանկապատանեկան, երիտասարդների և մինչեւ 21 տարեկանների Հայաստանի 32-րդ առաջնությունը, որին մասնակցեց 290 մարզիկ: Մակարդակը գոհացնող է, բոլոր տարիքային խմբերում մեծ մրցակցություն կա: Մեկ ամիս առաջ էլ մեծահասակների առաջնությունը եղավ՝ 18-35 տարեկանների տարիքային խմբում: Հաշվի առնելով մեկ տարի ձգված սահմանափակումները՝ մարզիկների վիճակը լավ էր:

Ինչպես հայտնի է, 2016-ից կարատեն ընդգրված է Օլիմպիական խաղերի ծրագրում: Դրանց մեջ ընդգրկված է կարատեի 4 ձեւ, որն ընդհանրացված ասում են՝ սպորտային կարատե: Սպորտային կարատեում ունենք մարզիկներ, որոնք հավակնում են օլիմպիական վարկանիշների: Այսինքն՝ ունենք բավական ներուժ, որ մեր մի քանի մարզիկներ հասցնեն լրացնել օլիմպիական վարկանիշները:

Ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ հնարավորություններ ունեն:

Դավիթ եւ Անիտա Մակյաններն են, որոնք նաեւ այս տարվա Հայաստանի չեմպիոններն են: Նրանք պայքարում են Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Հունիսի 11-13-ը Փարիզում տեղի է ունենալու օլիմպիական վարկանիշային մրցաշար, որտեղ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում մեր կարատեիստները կլրացնեն իրենց միավորները: Նրանք արդեն ունեն բավարար միավորներ, բայց դեռ պետք է լրացնել: Այժմ գերնպատակն այդ մրցաշարին լավագույնս պատրաստվելն ու հաջող մասնակցություն ունենալն է:

Մինչև այդ ունենք Եվրոպայի առաջնություն, որը լրացնում է համաշխարհային դասակարգման աղյուսակային միավորները եւս: Եթե կարողանան Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել, ինչը մեր գերխնդիրն է, միջազգային դասակարգման աղյուսակում իրենց դիրքերը կտրուկ կբարելավեն, օլիմպիական վարկանիշները լրացնելու շանսերն էլ ավելի կմեծանան: 

Ի դեպ, Մակյաններն օրերս մասնակցեցին Պորտուգալիայի միջազգային մրցաշարին: Ո՞րն էր պատճառը, որ նրանց ելույթները հաջող չստացվեցին:

Այս մրցաշարում լավ արդյունքներ չունեցանք: Դավիթ Մակյանը -75կգ քաշայինների պայքարում երկու հաղթանակ տանելուց հետո 1/16 եզրափակիչում պարտվեց։

Անիտա Մակյանը -68 կգ քաշայինների պայքարում միայն մեկ փուլ հաղթահարեց եւ պարտվեց: Այնտեղ մրցակցությունը շատ ուժեղ էր, բայց չենք հուսահատվում, քանի որ առջեւում ավելի կարեւոր մրցաշարեր ունենք: Ամբողջ ուժը պետք է կենտրոնացնենք նախ Եվրոպայի առաջնության, ապա վարկանիշային մրցաշարի վրա:

Ի՞նչ կազմով եք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը եւ ի՞նչ սպասելիքներ կան:

Մեծահասակների Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու մայիսի 19-23-ը Խորվաթիայում: Հայաստանը մասնակցելու է ամբողջական կազմով, բոլոր՝ տասը քաշային կարգերում կունենանք ներկայացուցիչներ: Լավ մարզումային փուլ ենք անցել, ունեցանք հավաք Երեւանի Օլիմպավանում եւ մեդալների սպասելիքներով կմեկնենք մրցավայր:

Բոլորի նպատակը մեծահասակներում Եվրոպայի ոսկե մեդալ նվաճելն է եւ հավատում ենք, որ կստացվի, քանի որ արդեն ժամանակն է, որ կարատեում ունենանք Եվրոպայի չեմպիոններ:

Քա՞նի մասնակցով եք մեկնելու Փարիզի վարկանիշային մրցաշարին:

Կմեկնենք 5 մասնակցով: Դավիթ եւ Անիտա Մակյաններից բացի, հանդես կգան նաև Գեղամ Նիկողոյսնը, Մկրտիչ Ղզարյանը և Միխայիլ Մխիթարյանը: Այս պահին հավաքականից իրական հնարավորություններ ունեն միայն Դավիթ եւ Անիտա Մակյանները: Մեր մարզիկները կարող են լրացնել օլիմպիական վարկանիշները: Վստահ կասեմ, որ մեր կարատեիստները շատ լավ են մարզվում, նպատակը մեկն է՝ հաջող մասնակցություն օլիմպիական վարկանիշ:

Լուսինե Շահբազյան

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ