17:50  ,  6 մայիսի, 2021

ՈւԵՖԱ-ն պատրաստ է 2 տարով որակազրկել այն ակումբներին, որոնք չեն հրաժարվել Սուպերլիգայից

ՈւԵՖԱ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել այն ակումբների նկատմամբ, որոնք մինչև օրս չեն հրաժարվել եվրոպական Սուպերլիգայի մասնակցությունից:

ESPN-ի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն քննարկում է այդպիսի ակումբիներին որակազրկել 2 տարով և թույլ չտալ մասնակցել եվրագավաթներին: Դա առավելագույն պատժամիջոցն է ՈւԵՖԱ-ի գործող կանոնադրությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին եվրոպական 12 առաջատար ակումբներ պաշտոնապես հայտնել էին ֆուտբոլի Սուպերլիգայի ստեղծման մասին, սակայն 2 օր անց կազմակերպիչները հայտարարեցին մրցաշարի ժամանակավոր դադարեցման մասին: Սուպերլիգայի հիմնադիրներն էին իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:  Սուպերլիգայի մասնակցությունից այս պահին հրաժարվել են 7 թիմեր՝ «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և Մադրիդի «Աթլետիկոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում