23:50  ,  24 ապրիլի, 2021

Արթուր Դավթյան. Ինձ համար երազանք է եղել ապրիլի 24-ին հաղթել որեւէ մրցաշարում (ֆոտո)

Ինձ համար երազանք է եղել ապրիլի 24-ին հաղթել որեւէ մրցաշարում եւ անմոռուկով կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Երազանքս իրականացավ: Հաղթանակս նվիրում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Շվեյցարիայից ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժությունում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց 14.266 միավորով:

Արթուր, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Սպասո՞ւմ էիր:

Շնորհակալ եմ: Ամենաշատն ուրախ եմ ոչ այնքան իմ չեմպիոնության համար, այլ որ այս օրով Հայաստանի դրոշը ծածանվեց եւ հիմնը հնչեց, այս կարեւոր օրով հաղթեցինք: Կրկնակի ուրախ եմ, որ ԱՄՆ նախագահն ընդունեց ցեղասպանությունը: Պատմական օր Հայաստանի համար:

Իրականում, չէի սպասում, որ չեմպիոն կդառնամ նժույգ թափերում: Այսօր մրցահարթակ էի դուրս եկել մեդալ նվաճելու, բայց որ մեդալը կլինի ոսկե, անկեղծ չէի պատկերացնում: Մտածում էի, որ կկարողանամ երրորդ տեղ զբաղեցնել՝ գնահատելով մրցակիցներիս ու մրցակությունը:

Պատվո հարթակին կանգնեցիր Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկով: Նախապես պատրաստվե՞լ էիր:

Այսօր բոլորս էինք պատրաստվել հաղթելու, մեդալ նվաճելու դեպքում անմոռուկներով դուրս գալ պարգեւատրման: Նպատակ ունեինք անմոռուկներով մասնակցել մրցումներին, բայց  պարոն Սերոբյանի հետ քննարկեցինք, հասկացանք, որ վարժությունները կատարելիս գուցե խանգարի: Որպեսզի որեւէ խնդիր չառաջանա, ավելի լավ կլինի՝ պարգեւատրման ժամանակ անմոռուկներով լինենք, եթե, իհարկե, մեդալ նվաճենք: Ստացվեց սպասվածից ավելին:

Ուրախ ու հպարտ եմ, որ Հայաստանի, հայ ազգի համար այս կարեւոր օրով բարձրացրի մեր եռագույնն ու հնչեց օրհներգը:

Պատերազմից հետո հաղթանակի զգացողություններն ինչպիսի՞ն են մարզիկի համար:

Կռիվը կրկնակի է, հաղթելու ցանկությունը՝ եռակի ու մեզանից յուրաքանչյուրը փորձում է անել իր առավելագույնը: Պարտավորեցնող է, որ պատերազմից հետո պետք է հաղթանակներ գրանցենք, որպեսզի մեր ազգն ուրախանա, հպարտանա: Սա մեր՝ մարզիկներիս հաղթանակը չէ: Այժմ, ավելի քան երբեւէ, յուրաքանչյուր հաղթանակ մեր ազգինն է, յուրաքանչյուր հայինը:

Հաղթեցի իմ ոչ հիմնական գործիքում: Իմ ուժեղ գործիքը հենացատկն է, որի համար մեդալային պայքարը, չեմպիոնի կոչումը նվաճելու կռիվը վաղն եմ տալու: Չգիտեմ՝ վաղն ինչպես կստացվի, բայց կանեմ ամեն բան, որ վաղը նույնպես ուրախանալու, հպարտանալու եւս մեկ առիթ ունենանք, հաղթանակի զգացողություններ ապրեն բոլորը: Ավելի բարձր արդյունքի կսպասեի հենացատկից, քան՝ նժույգ թափերից:

Պատերազմից հետո այլ են զգացողությունները, հաղթանակն այլ կերպ ես ընկալում, ընդունում եւ ապրում: Պետք է ոչինչ չխնայենք, որ դժվար իրավիճակներից, ցավալի օրերից հետո կարողանանք այսպիսի նվաճումներով բարձրացնել հայի ոգին:

Մեր մարզաձեւում ցույց տվեցինք, որ խաղաղ պայմաններում մենք ուժեղ ենք իրենցից եւ որ հայերը հաղթող ազգ են: Ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ Թուրքիան ոչինչ չկարողացան անել, չկարողացան մեզ հաղթել: Շատ ուրախ եմ, որ Արթուր Ավետիսյանն իր արդյունքով հաղթեց թուրքին, բայց ափսոսում եմ, որ մեդալ չնվաճեց:

Նշեմ, որ չկա այստեղ լարված մթնոլորտ մեր եւ նրանց միջեւ: Օրինակ՝ հյուրանոցում թուրքերն ապրում են մեր հարեւանությամբ: Լարված հարաբերություններ չունենք, չկա թշնամական վերաբերմունք: Շփում չունենք միմյանց հետ, միայն գուցե բարեւենք հանդիպելիս ու վերջ, բայց յուրաքանչյուրս էլ մեր մեջ գիտենք՝ ինչ է, ինչպես է, ինչ օր է այսօր եւ այլն: Ոչ նրանք, ոչ մենք ցույց չենք տալիս ոչինչ:

Ի՞նչ էիր զգում պատվո հարթակին կանգնած:

Այդ պահին կենտրոնացել էի այն մտքի վրա, թե երեւո՞ւմ է իմ անմոռուկը: Ինձ համար դա էր կարեւոր խնդիրը, որ այնպես կանգնեմ, այնպես փակցված լինի, որ երեւա, ամբողջ աշխարհը տեսնի: Այդ մասին միշտ երազել եմ՝ հաղթել ապրիլի 24-ին եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության խորհրանիշով կանգնել պատվո հարթակին: Երազանք էր եւ իրականացավ:

Ապրիլի 24-ին տարածս հաղթանակը նվիրում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպե՞ս ես տրամադրված վաղվա եզրափակիչին: Պատրա՞ստ ես կրկնել հաջողությունդ:

Այսօրվա ոսկե մեդալն ինձ ավելի ոգեւորեց վաղվա իմ հիմնական գործիքի՝ հենացատկի եզրափակիչին: Մարտական ու հաղթական եմ տրամադրված եւ հույս ունեմ կրկին ուրախացնել բոլորին, այդ թվում՝ ինքս ինձ: Որակավորման փուլում ոտքս մի փոքր ցավեցրի, բայց լուրջ խնդիր չկա, վնասվածք չեմ ստացել: Վաղն ամեն ինչ լավ կլինի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ