23:50 24 ապրիլի, 2021Ինձ համար երազանք է եղել ապրիլի 24-ին հաղթել որեւէ մրցաշարում եւ անմոռուկով կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Երազանքս իրականացավ: Հաղթանակս նվիրում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Շվեյցարիայից ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Հայաստանի առաջատար մարմնամարզիկը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժությունում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց 14.266 միավորով:
Արթուր, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Սպասո՞ւմ էիր:
Շնորհակալ եմ: Ամենաշատն ուրախ եմ ոչ այնքան իմ չեմպիոնության համար, այլ որ այս օրով Հայաստանի դրոշը ծածանվեց եւ հիմնը հնչեց, այս կարեւոր օրով հաղթեցինք: Կրկնակի ուրախ եմ, որ ԱՄՆ նախագահն ընդունեց ցեղասպանությունը: Պատմական օր Հայաստանի համար:
Իրականում, չէի սպասում, որ չեմպիոն կդառնամ նժույգ թափերում: Այսօր մրցահարթակ էի դուրս եկել մեդալ նվաճելու, բայց որ մեդալը կլինի ոսկե, անկեղծ չէի պատկերացնում: Մտածում էի, որ կկարողանամ երրորդ տեղ զբաղեցնել՝ գնահատելով մրցակիցներիս ու մրցակությունը:
Պատվո հարթակին կանգնեցիր Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկով: Նախապես պատրաստվե՞լ էիր:
Այսօր բոլորս էինք պատրաստվել հաղթելու, մեդալ նվաճելու դեպքում անմոռուկներով դուրս գալ պարգեւատրման: Նպատակ ունեինք անմոռուկներով մասնակցել մրցումներին, բայց պարոն Սերոբյանի հետ քննարկեցինք, հասկացանք, որ վարժությունները կատարելիս գուցե խանգարի: Որպեսզի որեւէ խնդիր չառաջանա, ավելի լավ կլինի՝ պարգեւատրման ժամանակ անմոռուկներով լինենք, եթե, իհարկե, մեդալ նվաճենք: Ստացվեց սպասվածից ավելին:
Ուրախ ու հպարտ եմ, որ Հայաստանի, հայ ազգի համար այս կարեւոր օրով բարձրացրի մեր եռագույնն ու հնչեց օրհներգը:
Պատերազմից հետո հաղթանակի զգացողություններն ինչպիսի՞ն են մարզիկի համար:
Կռիվը կրկնակի է, հաղթելու ցանկությունը՝ եռակի ու մեզանից յուրաքանչյուրը փորձում է անել իր առավելագույնը: Պարտավորեցնող է, որ պատերազմից հետո պետք է հաղթանակներ գրանցենք, որպեսզի մեր ազգն ուրախանա, հպարտանա: Սա մեր՝ մարզիկներիս հաղթանակը չէ: Այժմ, ավելի քան երբեւէ, յուրաքանչյուր հաղթանակ մեր ազգինն է, յուրաքանչյուր հայինը:
Հաղթեցի իմ ոչ հիմնական գործիքում: Իմ ուժեղ գործիքը հենացատկն է, որի համար մեդալային պայքարը, չեմպիոնի կոչումը նվաճելու կռիվը վաղն եմ տալու: Չգիտեմ՝ վաղն ինչպես կստացվի, բայց կանեմ ամեն բան, որ վաղը նույնպես ուրախանալու, հպարտանալու եւս մեկ առիթ ունենանք, հաղթանակի զգացողություններ ապրեն բոլորը: Ավելի բարձր արդյունքի կսպասեի հենացատկից, քան՝ նժույգ թափերից:
Պատերազմից հետո այլ են զգացողությունները, հաղթանակն այլ կերպ ես ընկալում, ընդունում եւ ապրում: Պետք է ոչինչ չխնայենք, որ դժվար իրավիճակներից, ցավալի օրերից հետո կարողանանք այսպիսի նվաճումներով բարձրացնել հայի ոգին:
Մեր մարզաձեւում ցույց տվեցինք, որ խաղաղ պայմաններում մենք ուժեղ ենք իրենցից եւ որ հայերը հաղթող ազգ են: Ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ Թուրքիան ոչինչ չկարողացան անել, չկարողացան մեզ հաղթել: Շատ ուրախ եմ, որ Արթուր Ավետիսյանն իր արդյունքով հաղթեց թուրքին, բայց ափսոսում եմ, որ մեդալ չնվաճեց:
Նշեմ, որ չկա այստեղ լարված մթնոլորտ մեր եւ նրանց միջեւ: Օրինակ՝ հյուրանոցում թուրքերն ապրում են մեր հարեւանությամբ: Լարված հարաբերություններ չունենք, չկա թշնամական վերաբերմունք: Շփում չունենք միմյանց հետ, միայն գուցե բարեւենք հանդիպելիս ու վերջ, բայց յուրաքանչյուրս էլ մեր մեջ գիտենք՝ ինչ է, ինչպես է, ինչ օր է այսօր եւ այլն: Ոչ նրանք, ոչ մենք ցույց չենք տալիս ոչինչ:
Ի՞նչ էիր զգում պատվո հարթակին կանգնած:
Այդ պահին կենտրոնացել էի այն մտքի վրա, թե երեւո՞ւմ է իմ անմոռուկը: Ինձ համար դա էր կարեւոր խնդիրը, որ այնպես կանգնեմ, այնպես փակցված լինի, որ երեւա, ամբողջ աշխարհը տեսնի: Այդ մասին միշտ երազել եմ՝ հաղթել ապրիլի 24-ին եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության խորհրանիշով կանգնել պատվո հարթակին: Երազանք էր եւ իրականացավ:
Ապրիլի 24-ին տարածս հաղթանակը նվիրում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպե՞ս ես տրամադրված վաղվա եզրափակիչին: Պատրա՞ստ ես կրկնել հաջողությունդ:
Այսօրվա ոսկե մեդալն ինձ ավելի ոգեւորեց վաղվա իմ հիմնական գործիքի՝ հենացատկի եզրափակիչին: Մարտական ու հաղթական եմ տրամադրված եւ հույս ունեմ կրկին ուրախացնել բոլորին, այդ թվում՝ ինքս ինձ: Որակավորման փուլում ոտքս մի փոքր ցավեցրի, բայց լուրջ խնդիր չկա, վնասվածք չեմ ստացել: Վաղն ամեն ինչ լավ կլինի:
Լուսինե Շահբազյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.