13:17  ,  10 ապրիլի, 2021

Սամվել Գասպարյանը` Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն (ֆոտո)

Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարն անցավ Հայաստանի ներկայացուցիչների գերիշխանությամբ: Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Արսեն Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Սամվել Գասպարյանը երկամարտում գրանցեց 390 կգ (176+214) և 10 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված Արսեն Մարտիրոսյանին՝ 380 կգ (171+209):

Երրորդ տեղը գրաված Ադրբեջանի ներկայացուցիչ Դադաշ Դադաշբայլին երկամարտում գրանցեց 379 կգ (177+202):

Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ մեկ կգ զիջելով Դադաշ Դադաշբայլիին: Գյումրեցի ըմբիշը պոկեց 171 ու 176 կգ, իսկ 178 կգ-ն բարձրացնել չհաջողվեց: Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունից հետո 171 կգ արդյունքով չորրորդն էր:

Հրում վարժությունում Սամվել Գասպարյանից 2 մոտեցում պահանջվեց չեմպիոնի կոչումն ապահովելու համար: Նախ նա բարձրացրեց 209 կգ, ապա՝ 214 կգ, իսկ երրորդ մոտեցմանը չգնաց և նվաճեց փոքր ոսկե մեդալի: Արսեն Մարտիրոսյանը հրեց 205 ու 209 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Նախորդ՝ Բաթումի-2019 Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտի 377 կգ արդյունքով գրավել էր երկրորդ տեղը:

Ապրիլի 10-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան նաև Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև Կարեն Ավագյանը (89 կգ), իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) գրավել էին չորրորդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) զրո էր ստացել հրում վարժությունում:

14 ծանրորդով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 11-ին, մրցահարթակ դուրս կգան Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս