22:38  ,  9 ապրիլի, 2021

ԵԱ․ Հակոբ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում:

Հրում վարժությունում 212 կգ արդյունքով Մկրտչյանն արժանացավ նաեւ փոքր արծաթե մեդալի:

Այս քաշում հանդես եկող Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Դավիթ Հովհաննիսյանը զրո ստացավ:

Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում միայն առաջին մոտեցումը հաջողությամբ կատարեց՝ բարձրացնելով 160 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցումներում ձախողեց:

Հրում վարժությունը Մկրտչյանը սկսեց 205 կգ-ով եւ հաջողությամբ կատարեց: Փայլուն մոտեցավ նաեւ 212 կգ-ոց ծանրաձողին: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 215 կգ, բայց Մկրտչյանին չհաձողվեց բարձրացնել քաշը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 165 կգ, բայց նրան չհաջողվեց գլխավերեւում պահել ծանրաձողը:

Երկրորդ մոտեցմամբ 165 կգ ծանրաձողը պոկեց, բայց ձախողեց երրորդ մոտեցումը, որի համար պատվիրել էր 170 կգ: Հովհաննիսյանը հրում վարժության երեք մոտեցումներն էլ ձախողեց եւ զրո ստացավ:

Հայ ծարորդը առաջին մոտեցման ժամանակ 195 կգ-ոց ծանրաձողը գցեց ոտքին, բայց լուրջ վնասվածք չստացավ: Հայաստանի հավակաքանի մարզիչներ Հովհաննիսյանին խորհուրդ տվեցին հրաժարվել պայքարից, բայց Եվրոպայի բրոնզե մեդալակիրը պնդեց շարունակել երկրորդ փորձը: Հովհաննիսյանի մոտ չստացվեց նաեւ երկրորդ ու երրորդ մոտեցումները:

Ապրիլի 3-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է մեկ ոսկե, երկու բրոնզե եւ 6 փոքր մեդալներ: Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Կարեն Ավագյանը՝ 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Ավագյանը պոկում վարժությունում 175 կգ-ով փոքր ոսկե մեդալի է արժանացել, հրում վարժությունում՝ 200 կգ-ով փոքր արծաթ: Նույն քաշում բրոնզե մեդալակիր է դարձել Անդրանիկ Կարապետյանը: Հրում վարժությունում 170 կգ-ով Կարապետյանն արժանացել է նաեւ փոքր բրոնզե մեդալի:

Բրոնզե մեդալ է նվաճել նաեւ կանանց հավաքականից 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը 227 կգ երկամարտի արդյունքով: Հրում վարժությունում 129 կգ-ով արժանացավ փոքր արծաթե մեդալի:

Կանանց հավաքականից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Յայլյանը 90 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում բարձրացրել է 105 կգ։ Տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում

Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը (150+196), հրում վարժությունում Հարությունյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 14 ծանրորդով է ներկայացել:

Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Այդ օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում: Ապրիլի 11-ին՝ առաջնության վերջին օրը, մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս