17:05  ,  9 ապրիլի, 2021

Կարեն Ավագյան. Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորների վառ հիշատակին

Սպասված էր հաղթանակս, ես գիտեի, որ լինելու է։ Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորների վառ հիշատակին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայից ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Կարեն Ավագյանը։

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ավագյանը 89 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկամարտի 375 կգ արդյունքով եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։ Այդ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը 365 կգ երկամարտի արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

21-ամյա ծանրորդի համար Եվրոպայի առաջնությունն առաջինն էր մեծահասակների մակարդակում։

Կարեն, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։ Սպասվա՞ծ էր քեզ համար այս հաղթանակը։

Շնորհակալ եմ շատ։ Սպասված էր ինձ համար։ Չեմպիոն դեռ նախորդ տարի պետք է դառնայի, քանի որ տրամադրվել, պատրաստվել էի 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը, բայց կորոնավիրուսը հետաձգեց ծրագրերս, չեմպիոնությունս։ Մեկ տարվա դադարը նաեւ օգնեց, որ առավելագույնս պատրաստվեմ այնպես, որ չհաղթելու տարբերակ չմնա։ Ինձ հաղթանակը շատ էր պետք, շատ էի ուզում հաղթել։

Ամենասկզբից էլ եկել էի չեմպիոնության. այնպես չէր, որ սա պատահական ստացված հաջողություն էր։ Ես գիտեի, որ մոտեցմանն ինչ քաշ պետք է բարձրացնեմ, որքան կարող եմ եւ որքան չեմ կարող։

Լիարժեք գո՞հ ես քո մասնակցությունից։

Պոկում վարժությունից շատ գոհ եմ։ 170 կգ երբեք չէի բարձրացրել։ Մի փոքր դժգոհ եմ հրում վարժությունից, որովհետեւ 204 կգ-ն իմ ուժերից վեր չէր։ Ես կարող էի բարձրացնել, բայց չստացվեց։

Ի՞նչը խանգարեց։

Շտապողականությունը. շտապում էի հաղթել։ Իմ սխալն էր, կարող էի բարձրացնել։ Սա իմ առաջին փորձն էր մեծահասակներում, առհասարակ եւ Եվրոպայի առաջնությունում։

Կարեն, քեզ հետ մեդալային պայքարում էր նաեւ Անդրանիկ Կարապետյանը։ Դա քեզ մոտ լարվածություն ստեղծո՞ւմ էր մրցահարթակում։ 

Մրցահարթակում երբեք չեմ կենտրոնանում այն մտքի վրա, թե ինձ հետ հաղթանակի, մեդալի համար ովքեր են պայքարում։ Կենտրոնանում եմ միայն ինձ վրա ու նպատակս իմ կիլոգրամները բարձրացնելն է լինում։ Այդպես նաեւ չեմ լարվում, թե ով է ինձ հետ նույն պայքարում։

Նշեցիր, որ քո առաջին փորձն էր մեծահասակների մակարդակում։ Լարվածություն կա՞ր։

Ոչ մի լարվածություն չունեի, ընդհանրապես։ Երեւի նրանից, որ շատ վստահ էի, գիտեի, որ կարող եմ, որովհետեւ գիտեի՝ ինչ ճանապարհ եմ անցել, ինչպես եմ պատրաստվել։ Ինձ համար այս հաղթանակը շատ կարեւոր էր։ Այն պետք էր ինձ համար, ուզում էի հաղթել ինքս ինձ համար։

Կարեն, ինչպե՞ս որոշեցիր զբաղվել ծանրամարտով եւ այն դարձնել քեզ կյանքի ուղի։

Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից։ Այնպես է եղել, որ իմ մորեղբայրները, հորեղբայրները, նրանց որդիները, բոլոր ավագ եղբայրներս ծանրամարտով են զբաղվել։ Մանկուց՝ լսելով, որ այս քեռիս հավաքի է գնացել, մյուսը՝ մրցումների է, մեծ եղբայրս մարզման է գնում եւ այլն... ինձ համար այդ կյանքի մեջ մտնելը երազանք էր դարձել։ Լացելով եմ գնացել ծանրամարտի, որովհետեւ ինձ չէին ընդունում փոքր լինելու պատճառով։ Ասում էին՝ դեռ շատ փոքր ես, կմեծանաս, կգաս։

Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղից եմ։ Ես եւ Անդրանիկ Կարապետյանը նույն գյուղից ենք եւ նույն մարզադպրոցում ենք մարզվել։ Փոքր տարիքում հետեւում էի՝ ինչպես է Անդրանիկը գնում-գալիս մարզումների, մրցումների։ Երբ նա դարձավ պատանիների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ես ավելի ոգեշնչվեցի, ուրախացա ու որոշեցի՝ ես էլ պետք է այդպես չեմպիոն դառնամ։ Ինձ համար մեծ հպարտություն էր, որ ես Անդրանիկի հետ նույն գյուղից եմ, նույն մարզադահլիճում եմ մարզում։

Ի՞նչ հույզեր ունեցար, երբ այսօր արթնացար ու հասկացար, որ Եվրոպայի չեմպիոն ես։

Դեռ չեմ զգացել ոչինչ, ասես՝ ոչինչ չի էլ եղել, կամ չեմ գիտակցում դեռ: Իմ կյանքում ոչինչ չփոխվեց՝ ես նույն Կարենն եմ, բնավորությամբ շատ հանգիստ։ Տպավորություն է, թե ամեն ինչ այսկերպ էլ պետք է լիներ։ Չեմ ցանկանում փոխվել, այս մեդալն ինձ չի փոխի։

Հետեւում եմ սոցցանցերի աժիոտաժին։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ մարդիկ ուրախացել են։ Այս հաղթանակի, հաջողության համար շնորհակալ եմ մեր հավաքականին։ Մենք ունենք աշխարհի ամենաուժեղ, ամենալավ ու ամենամոտիվացնող հավաքականը։ Ինձ նաեւ շատ օգնեց ընտանիքս։ Առանց նրանց այս հաղթանակը չէինք ունենա, որովհետեւ իրականում այնքան հեշտ չէր, ինչպես թվում է մրցահարթակից։ Շնորհակալ եմ իմ անձնական մարզիչ Վիգեն Խաչատրայնին, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, որ հավատացին ինձ։

Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորների հիշատակին։ Այն մի պահը, որ կարողացել եմ բոլորին, մեր ազգին ուրախացնել, դրա համար երջանիկ եմ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով