09:15  ,  21 մարտի, 2021

Արսեն Հարությունյան. Զգում էի, որ այդ օրերին իմ աստղն է փայլելու երկնքում (ֆոտո)

Ես հավատում էի, որ մրցաշարի օրերին երկնքում իմ աստղ է փայլելու եւ ես ինձ լավ եմ զգալու Բուդապեշտի մրցագորգում:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուդապեշտից ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում տարած հաղթանակը բնութագրեց ազատ ոճի ըմբշամարտի 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2020 թվականի աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Արսեն Հարությունյանը:

Հունգարիայում մարտի 18-19-ը տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում 21-ամյա ըմբիշը դարձավ ոսկե մեդալակիր եւ նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Մինչեւ եզրափակիչ հասնելը Հարությունյանը հաղթեց բելառուս Ուլադզիսլաու Անդրեյեուին (10:2), վրացի Բեկա Բուջիաշվիլիին (10:5) եւ ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին (10:0), իսկ ոսկե մեդալը վիճարկեց բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ եւ հաղթեց 8:3 հաշվով:

Արսեն, շնորհավորում եմ հաղթանակի եւ ուղեգիր նվաճելու կապակցությամբ: Բա՞րդ էր:

Չէի ասի, թե բարդ տրվեց ինձ օլիմպիական ուղեգիրը, հաղթանակը եզրափակիչում, որովհետեւ հոգեբանորեն պատրաստ էի եւ լավ մարզավիճակում էի գտնվում: Երբ լավ մարզավիճակում ես լինում եւ հոգեբանական առումով պատրաստ ես լինում հաղթելու, ոչինչ չի կարող քեզ խանգարել հաղթանակի ճանապարհին: Այս մրցաշարն ինձ համար շատ կարեւոր էր օլիմպիական ուղեգիր նաճելու առումով: Լիարժեք տրամադրվել էի, որ պետք է այդ ուղեգիրը ձեռք բերեմ, շատ լավ պատրաստվել էի այդ պայքարին:

Մրցաշարից առաջ  մի պահ հետադարձ հայացք գցեցի, հիշեցի՝ ինչ ճանապարհ եմ անցել, որն է եղել այդ ճանապարհի գերնպատակս: Եվ այժմ պահն է, որ վերցնեմ մասնակցության իմ իրավունքը ու շարժվեմ դեպի Օլիմպիական խաղեր: Ու այս պարագայում այլեւս հետնահանջի տարբերակ չկա, պետք է ամեն գնով տրամադրվեի, պատրաստվեի, որ հենց առաջին վարկանիշայինից ապահովեի ուղեգիրը:

Միտքը, որ յուրաքաչյուր հաղթանակ Բուդապետշի մրցագորգում որոշիչ է լինելու քո գերնպատակի համար, լարվածություն չէր առաջացնո՞ւմ:

Վստահ էի բարձրանում մրցագորգ, լարվածություն չունեի, քանի որ գիտեի՝ ես ինչ մարզավիճակում եմ եւ ինչ կարող եմ անել: Լավ գոտեմարտեր եմ անցկացրել, գոհ եմ իմ մասնակցությունից: Նույն ոգով պետք է շարունակեմ:

Ո՞ր գոտեմարտը կառանձնացնես:

Այս մրցաշարում որեւէ գոտեմարտ չեմ առանձնացնի: Բոլոր մրցակիցներս էլ ուժեղ էին, բոլորի հետ էլ առավելությամբ եմ պայքարել, գրեթե բոլորը նույն կերպ է ստացվել: Բոլոր մրցակիցներիս հետ էլ նույն տրամադրվածությամբ եմ գոտեմարտել, առավելության հասնելու նպատակով մտել գորգ: Ու չէի մտածում, թե որ փուլում եմ՝ մեկնարկային գոտեմարտս է, թե եզրափակիչը:

Կիսաեզրափակիչից հետո շատ էի ուրախացել, բայց գիտակցում էի, որ իմ պայքարը դեռ չի ավարտվել: Այո, իմ գերնպատակը ուղեգիր նվաճելն էր, բայց, եթե սկսել եմ ճանապարհս, այն պետք է մինչեւ վերջ անցնեմ, որեւէ իրավունք չունեմ կես ճանապարհից հետ կանգնել:

Ինքս ինձ համար բնավորություն եմ ձեւավորել՝ յուրաքանչյուր նախաձեռնած քայլ պետք է գնալ մինչեւ վերջ: Չեմ կարող հասնել եզրափակիչ ու դուրս չգալ մրցագորգ, որովհետեւ կարեւոր նվաճումս արդեն ունեմ: Սիրում եմ ամեն ինչ մինչեւ վերջ ավարտել:

Շուտով առաջին մասնակցությունդ կլինի Օլիմպիական խաղերին: Ինչպե՞ս ես տրամադրված օլիմպիական պայքարին:

Իմ ուժերի չափով ինչ կարող եմ, կանեմ: Օլիմպիական խաղերի հետ կապված առանձնահատուկ տրամադրվածություն չունեմ եւ փորձում եմ չունենալ: Մրցագորգը նույն է, մրցակիցներս՝ նույնպես, միայն մրցաշարերի անուններն են տարբեր՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, նույն կերպ էլ Օլիմպիական խաղեր: Ինչպես իմ առավելագույն հնարավորություններով պատրաստվում եմ մյուս մրցաշարերին, այնպես էլ կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին: Հայաստան վերադառնալուց հետո մեկ շաբաթ կհանգստանամ եւ կսկսեմ Տոկիոյի նախապատրաստական փուլը: Այստեղ էլ կարեւորը լավագույն մարզավիճակ ունենալն ու հոգեբանորեն պատրաստ լինելն է:

Լուսիենե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով