18:11  ,  9 մարտի, 2021

Ֆերդինանդ Կարապետյան. Ադրբեջանցու հետ գոտեմարտը ամենակարեւորն էր այս մրցաշարում (ֆոտո)

Ադրբեջանցու հետ գոտեմարտում հաղթելը սկզբունքային էր. ես ցանկանում էի մի փոքր ուրախություն պարգեւել իմ ազգին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), որը բրոնզե մեդալակիր է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում տեղի ունեցած «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարում:

Հայաստանի առաջատար ձյուդոիստը մեդալի ճանապարհին քառորդ եզրափակիչում իպոն հնարքով ժամանակից շուտ հաղթել էր ադրբեջանցի Ռուստամ Օրուջովին, կիսաեզրափակիչում՝ պարտվել ղազախ Ժանսայ Սմագուլովին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Չեյն Գիեմից:

Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը պահպանում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսերը:

Ֆերդինանդ, շնորհավորում եմ մրցաշրջանի առաջին հաղթանակիդ կապակցությամբ: Առաջին վարկանիշային մրցաշարում անհաջող հանդես եկար: Ինչպե՞ս հաջողվեց պարտությունից հետո մեդալ նվաճել Տաշկենտում:

Մրցաշրջանի առաջին վարկանիշային մրցաշարում հաջող հանդես չեկա, քանի որ տատամի դուրս եկա երկարատեւ դադարից ու վնասվածքներից հետո։ Ես ունեի վնասվածքներ, ապաքինման եւ վերականգնման փուլում էի, ինչի պատճառով բաց էի թողել հավաքականի երկու հավաք։ Դեռ լիարժեք չէի վերականգնվել, արդեն պետք է պատրաստվեի առաջին վարկանիշային մրցաշարին: Ապաքինվելուն զուգահեռ նաեւ մարզվում էի:

Թել Ավիվի մրցաշարի որակավորման փուլում հանդիպեցի օլիմպիական չեմպիոնին: Պարտվեցիբայց չընկճվեցի, քանի որ առաջին անգամվա համար, կարծում եմ, այդպես էլ պետք է լիներ:

Թել Ավիվի տատամիում ես չէի գտել իմ այն ինքնավստահությունը, որն ունենում եմ սովորաբար: Օլիմպիական չեմպիոնի հետ գոտեմարտում աստիճանաբար եկավ ինքնավստահությունս. զգում էի, որ կարող եմ նրան հաղթել, քանի որ մեկ անգամ չէ, որ հաղթել եմ: Մրցավարները մի քանի նկատողություն տվեցինք ինձ, որոնց հաշվին էլ միավորներով պարտվեցի:

Երբ վերադարձա Թել Ավիվից, գլխավոր մարզիչի հետ վերլուծեցինք եւ հասկացանք սխալներս: Թել Ավիվից ուղեւորվեցինք Ուզբեկստան, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցանք Տաշկենտի մրցաշարից առաջ:

Շատ լավ պատրաստվեցի, տրամադրվեցի բարձր արդյունքի եւ արդյունքը եղավ մեդալով:

Ի՞նչը չբավարարեց ոսկե մեդալ նվաճելու համար:

Ես, իհարկե, տրամադրվել էի ոսկե մեդալի: Առհասարակ ցանկացած մրցաշարում գերնպատակս ոսկե մեդալն է լինում, բայց այստեղ եւս իմ սխալի պատճառով ոսկե մեդալը բաց թողեցի ձեռքիցս:

Կիսաեզրափակիչում ղազախ մրցակցի հետ գոտեմարտում ես ինձ հրաշալի էի զգում: Մեկնարկից ինքս էի տանում գոտեմարտը, ամեն ինչ շատ լավ էր, բայց ավելացված ժամանակում կորցրեցի պահը, փոքր սխալ թույլ տվեցի եւ միավոր նվիրեցի ղազախին:

Ես պետք է եզրափակիչում լինեի, քանի որ շատ լավ էի պատրաստվել, բայց ունենք այն, ինչ ունենք: Կանգ չենք առնում, պետք է շարունակենք աշխատել սխալների վրա:

Քառորդ եզրափակիչում անցկացրիր շատ կարեւոր գոտեմարտ ադրբեջանցի մրցակցի հետ: Ի՞նչ նշանակություն ուներ այդ դիմակայությունը։

Այս մրցաշարում ինձ շատ ոգեւորեց քառորդ եզրափակիչում ադրբեջանցի մրցակցի նկատմամբ տարած հաղթանակս: Մենք մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք տատամիում: Նա շատ ուժեղ ձյուդոիստ է, Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն: Տիտղոսակիր մարզիկ է եւ գիտակցում էի, որ նրան հաղթելը հեշտ չի լինելու:

Սկզբունքային գոտեմարտ էր ընթանում: Ես ցանկանում էի հաղթել նրան իմ ազգի համար, ու ես ցանկանում էի հաղթել նախորդ երկու պարտություններից հետո: Մենք երկու անգամ հանդիպել ենք եւ երկու դեպքում էլ գոտեմարտի վերջում ես պարտվել եմ:

Դրանից զատ, ինձ համար ադրբեջանցու հետ գոտեմարտը երեւի այս մրցաշարի ամենակարեւոր պայքարն էր: Բոլոր ուժերս կենտրոնացրել եւ ներդրել էի նրան հաղթելու խնդրի վրա: Բացի այդ, ես մեծ ինքնավստահություն ունեի, որ ցանկացած իրավիճակում հաղթողը ես եմ լինելու: Ինձ համար սա կարեւոր էր այնքանով, որ ես ներկայացնում էի իմ ազգին եւ իրավունք չունեի պարտվելու: Չնայած պետք է նշեմ, որ որեւէ ագրեսիա, լարվածություն մեր միջեւ չկար: Ուղղակի սկզբունքային էր հաղթելը:

Գոտեմարտից առաջ անդադար մտածում էի, թե ինչպես պետք է անցկացնեմ այն: Ես, որպես մարզիկ, պարտավոր եմ ինչ-որ կերպ ոգեւորել իմ ազգին, Հայաստանին: Այս հաղթանակներով մենք կարող ենք նորից ոտքից կանգնել, գոտեպնդվել եւ առաջ նայել:

Այս գիտակցումով մտա տատամի եւ խնդիր դրեցի իմ առաջ՝ ոչ մի դեպքում սխալ թույլ չտալ: Առաջին վայրկյաններից ակտիվություն ցուցաբերեցի: Ուզում էի հենց սկզբից նրան գցել ու հաղթել: Ինձ հաջողվեց, ես արեցի այն, ինչ նախատեսել եւ ցանկանում էի: Ուրախ եմ, որ այս հաղթանակով մի փոքր ուրախություն պարգեւեցի իմ ազգին: Ինձ հաճելի է, որ իմ հաղթանակով շատերն ուրախացան:

Քանի՞ միավոր վաստակեցիր Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

500 միավոր վաստակեցի այս մրցաշարում: Շարժվում ենք առաջ ավելի բարձր միավորների ու մեծ նվաճումների հետեւից:

Բրոնզե մեդալով այդքան էլ չեմ հպարտանում, բայց հպարտ եմ, որ կարողացա հաղթանակի բերկրանքը պարգեւել հայ ազգին՝ ադրբեջանցուն պարտության մատնելով: Ես միշտ ձգտում եմ ոսկե մեդալի եւ նույն ոգով շարունակելու եմ դեպի Օլիմպիական խաղեր:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ