09:15  ,  8 մարտի, 2021

Պետրոս Ավետիսյան. Հուսով եմ` կվերադառնամ Հայաստանի հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը նախորդ տարվա հունվարից խաղում էր  «Տոբոլում», որի կազմում դարձավ Ղազախստանի փոխչեմպիոն: Ղազախստանի ավարտված առաջնությունում Երևանի «Փյունիկի», «Ուրարտուի» ու «Արարատ-Արմենիայի» նախկին ֆուտբոլիստը հայ մասնագետ Գրիգորի Բաբայանի գլխավորած թիմի կազմում մասնակցեց 11 խաղի և դարձավ մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Այս ձմռանը 25-ամյա ֆուտբոլիստը հեռացավ ղազախական ակումբից և միացել էր «Տամբովին», սակայն ռուսական ակումբ տեղափոխությունը չկայացավ, ինչից հետո նա պայմանագիր կնքեց Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր Երևանի «Նոայի» հետ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Պետրոս Ավետիսյանն ամփոփեց ավարտված մրցաշրջանը, խոսեց «Նոա» տեղափոխության ու առաջիկա ծրագրերի մասին:

Պետրոս, առաջին մրցաշրջանն անցկացրիր արտասահմանում: Ինչպիսի՞ն էր այն քեզ համար:

Ցանկանում եմ կենտրոնանալ միայն դրականի վրա և խոսել միայն այն դրական պահերի մասին, որոնք ստացա այդ ընթացքում: Դա ինձ համար շատ հետաքրքիր փորձ էր ինչպես ֆուտբոլային, այնպես էլ ընդհանրապես կյանքի առումով:

Ավարտված առաջնությունում հազվադեպ էիր հայտնվում «Տոբոլի» մեկնարկային կազմում: Լիովին չհարմարվեցի՞ր ղազախական ֆուտբոլին, թե՞ թիմում մրցակցությունը չափազանց մեծ էր:

Մեկնարկային կազմի ընտրությունը կատարում է մարզիչը և կարծում եմ՝ տեղին չի լինի, եթե ես պատասխանեմ այդ հարցին: Ես փորձում էի հնարավորինս լավ աշխատել ինչպես մարզումներին, այնպես էլ ընկերական ու պաշտոնական խաղերին: Սակայն կարող եմ ասել, որ իմ դիրքում լավ ֆուտբոլիստները շատ էին:

Հայաստանից հեռանալիս նշել էիր, որ ցանկանում ես խաղալ ավելի ուժեղ առաջնությունում ու առաջադիմել: Ըստ քեզ՝ կարիերայի այդ փուլում Ղազախստան տեղափոխվելը նպաստո՞ւմ է երիտասարդ ֆուտբոլիստների զարգացմանը:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է, և ֆուտբոլիստներն ընտրում են առկա տարբերակներն ու առաջնությունները: Ամեն դեպքում, Հայաստանի առաջնությունում երկար տարիներ հանդես գալուց հետո դա նոր մարտահրավեր և հնարավորություն էր, քանի որ հայտնվում ես միջազգային միջավայրում: Իսկ եթե երիտասարդ խաղացողն ունի արևմտյան լավ առաջնություն տեղափոխվելու հնարավորություն, բնականաբար, ավելի լավ է ընտրել այդ տարբերակը:

«Տոբոլը» գլխավորում է հայ մասնագետ Գրիգորի Բաբայանը, որին քչերն են ճանաչում Հայաստանում: Ինչպիսի՞ն է նա որպես մարզիչ ու անհատականություն:

Գրիգորի Բաբայանը լավ մասնագետ է: Նա միշտ փորձում է կատարելագործվել ու նորամուծություններ մտցնել թիմում:

Նախորդ տարվա հունվարին քո տեղափոխությանը «Տոբոլ» մասնակցել էր Դմիտրի Սելյուկը: Շարունակո՞ւմ ես համագործակցել այդ գործակալի հետ:

Այո, մեր համագործակցությունը շարունակվում է:

Ազգերի լիգայի ավարտված մրցաշարում հրավեր չստացար Հայաստանի հավաքականից: Հիասթափությունը մե՞ծ էր, թե, այնուամենայնիվ, կհամաձայնես, որ ակումբում քիչ խաղաժամանակ ստանալու պայմաններում հավաքականում՝ հատապես քո խաղային դիրքում, կարևոր խաղացող դառնալը բարդ կլիներ:

Ցանկացած ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ ու պաշտպանել իր ազգային հավաքականի գույները, ես նույնպես բացառություն չեմ: Բնականաբար, չէի կարող ուրախ լինել հավաքական չհրավիրվելու կապակցությամբ: Ամեն դեպքում, ես լավատես եմ և հուսով եմ, որ կվերադառնամ ազգային հավաքական:

Նախորդ մրցաշարջանում «Տոբոլում» էին խաղում Վրաստանի հավաքականի առաջատարներից Ջաբա Կանկավան ու Նիկա Կվեկվեսկիրին: Նրանց հետ քննարկումներ ունեցե՞լ եք Հայաստանի ու Վրաստանի հավաքակնների միջև խաղերից առաջ ու հետո:

Բնականաբար, տարբեր զրույցներ ու քննարկումներ եղել են:

«Տոբոլից» հեռանալուց հետո միացել էիր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող «Տամբովին», սակայն տեղափոխությունդ չկայացավ: «Տամբովի» նորեկներն այս մրցաշրջանում գրեթե աշխատավարձ չեն ստանալու ակումբից: Պատրա՞ստ էիր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղալու համար հանդես գալ առանց վարձատրության:

Չէի ցանկանա խոսել այդ թեմայով: Տեղափոխությունը չի կայացել, և ամեն բան անցյալում է: Պետք է առաջ նայել և կենտրոնանալ «Նոայի» կազմում հաջող ելույթների վրա:

«Նոա» տեղափոխվելուց հետո նշել էիր, որ ամենաշատն այդ ակումբն էր ցանկանում քեզ տեսնել իր կազմում: Դմիտրի Գունկոյի հետ զրույցից հետո ի՞նչ կարծիքի ես, մարզիչն ի՞նչ ակնկալիքներ ունի քեզանից:

Շատ լավ կարծիք ունեմ մարզչական շտաբի և ակումբի մասին: Մարզումները շատ հետաքրքիր են կազմակերպված: Հուսով եմ, որ կկարողանամ արդարացնել ակումբի սպասելիքները: Մրցաշրջանի ընթացքում ամեն բան ավելի պարզ կլինի:

Ի՞նչ ծրագրեր ունես «Նոայի» հետ կապված, որքա՞ն երկար ես պատրաստվում խաղալ Հայաստանում:

Այժմ իմ բոլոր մտքերն այն մասին են, որպեսզի օգնեմ թիմին հասնել այս մրցաշրջանում իր առջև դրված նպատակներին: Իսկ, թե ինչ տեղի կունենա հետո, ցույց կտա ժամանակը:

«Նոան» դարձավ քո 5-րդ ակումբը: Ակումբի հաճախակի փոփոխությունը չի՞ ազդում երիտասարդ ֆուտբոլիստի աճի վրա:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպքն առանձնահատուկ է: Մի դեպքում երիտասարդ ֆուտբոլիստի աճի վրա կարող է ազդել ակումբ փոխելը, իսկ մեկ այլ դեպքում՝ նույն թիմում մնալը:

«Նոայի» կազմում առաջին անգամ հայտավորվել էիր «Լոռիի» դեմ նախորդ խաղին, սակայն խաղաժամանակ չստացար։ Դա մարզչական որոշո՞ւմ էր, թե՞ դեռ լիովին պատրաստ չես խաղադաշտ դուրս գալուն։

Ընդամենը 2 օր առաջ էի միացել «Նոային» և տրամաբանակար էր, որ թիմը խաղաց այն կազմով, որով պատրաստվել էր այդ հանդիպմանը: Ես լավ եմ զգում ինձ և պատրաստ եմ խաղալ: Կարծում եմ՝ առաջիկա հանդիպմանը դուրս կգամ խաղադաշտ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս