12:22  ,  7 մարտի, 2021

Հովհաննես Գաբուզյան. Լեւոն Արոնյանի գնալով Հայաստանի հավաքականը թուլանում է

Ես համալրում եմ հավաքականն այն շրջանում, երբ թիմի ուժեղագույն խաղացողը հեռանում է: Պետք է ընդունել, որ Լեւոն Արոնյանի հեռանալով թիմը թուլանում է: Պետք է չընկճվել, պետք է խաղալ եւ փորձել ուժեղացնել այն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց 81-րդ առաջնության հաղթող Հովհաննես Գաբուզյանը:

25-ամյա շախմատիստը Հայաստանի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր՝ նվաճելով չեմպիոնի կոչումն ու ապահովելով նաեւ տեղն ազգային հավաքականում։ Հովհաննես Գաբուզյանը Հայաստանի չեմպիոն է դարձել նաեւ 2017 թվականին:

Հովհաննես, շնորհավորում եմ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանն առաջնությունը որակեց աննախադեպ, քանի որ ուժեղ կազմ էր մասնակցում: Ինչպե՞ս հաջողվեց այդ ուժեղ կազմում առաջատարի դիրքերը պահպանել մինչեւ վերջ:

Նման մրցաշարերում, երբ  գրեթե բոլորը գրոսմայստերներ են, միշտ շատ լարված է անցնում պայքարը: Որեւէ մեկը չի կարող ասել, թե հեշտ ստացվեց: Այս անգամ բավական վստահ էր ելույթս մրցաշարի հենց սկզբից: Գրեթե միավորներ չեմ կորցրել, շատ հաղթանակներ էի տանում: Իրար հաջորդող հաղթանակներն ինձ ավելի էին ոգեւորում:

Որեւէ մեկը չի կարող նախքան մրցաշարն ասել, թե լավ մարզավիճակում է գտնվում. ընթացքում ես հասկանում: Ես կեսից հասկացա, որ լավ մարզավիճակում եմ ու գնալով ավելի հաջող էր ստացվում, վստահությունն ավելանում էր:

Առաջին խաղը ոչ ոքի ավարտեցի, երկրորդ, երրորդ հաղթանակներից հետո ավելի վստահ էի ինձ զգում:

Ո՞ր տուրերը, ո՞ւմ հետ պարտիաները բարդ ստացվեց:

Հեշտ հաղթանակներ չունեցա: Բոլոր պարտիաները շատ բարդ էին: Այնպես ստացվեց, որ ես եւ Արման Փաշիկյանը մրցաշարի հենց սկզբից որոշակի միավորներով առաջ էինք մյուսներից: Հիմնական պայքարը մեր միջեւ էր: Մի քանի տուր Արմանն էր ինձանից առաջ կես միավորով: Եթե չեմ սխալվում՝ 5-րդ տուրում Փաշիկյանը պարտվեց, ես նրանից առաջ անցա կես միավորով: Այդպես մինչեւ մրցաշարի վերջին տուրը ես եւ ինքն էինք պայքարում չեմպիոնության համար եւ պայքարը հենց այդ կես միավորով էր ընթանում:

Կառանձնացնեմ նրա հետ խաղը 8-րդ պարտիայում: Ես նրանից կես միավորով առաջ էի եւ այդ պարտիան որոշիչ էր երկուսիս համար: Մեծ մրցակցություն կար, քանի որ երկուսս էլ փորձում էինք լավ խաղալ: Ոչ ոքի ավարտվեց պարտիան եւ այդ կես միավորի լարվածությունը շարունակեց մնալ:

Արդեն 10-րդ տուրում երկուսս էլ պարտություն կրեցինք: Հենց այդ ժամանակ ես ապահովեցի իմ առաջատարի դիրքը, որովհետեւ լրացուցիչ միավորներով առաջ էի: Նույնիսկ եթե Արմանն ինձ հավասարվեր միավորով, լրացուցիչով առաջ էի լինելու:

Մեկ տարուց ավելի խաղատախտակի առջեւ մրցաշարեր չէիք ունեցել: Տեւական դադարը նպաստե՞ց չեմպիոնի կոչումը նվաճելուն:

Ոչ միայն ես, գրեթե բոլորս խաղատախտակի առաջ երկար ժամանակ չէինք խաղացել: Մի փոքր անսովոր էր, քանի որ այդքան երկար դադար չէի ունեցել մի քանի տարվա ընթացքում: Դադարը ոչ թե իր դրական ազդեցությունն ունեցավ, այլ ուղղակի հաճելի էր խաղալը: Այնքան երկար չէի խաղացել, կարոտել էի եւ դրանով պայմանավորված ինձ վրա լավ անդրադարձավ այդ դադարը:

Հովհաննես, նախորդ անգամ Հայաստանի չեմպիոն եք դարձել 2017 թվականին: Մինչ այս ի՞նչ արդյունքներ են եղել եւ ինչո՞ւ չի հաջողվել կրկնել հաջողությունը Հայաստանի առաջնությունում:

Եթե մեկ անգամ հաղթում ես, որեւէ մեկը չի կարող ասել, որ երկրորդ անգամ էլ կհաղթես, հատկապես բարձրագույն խմբում. շատ ուժեղ մրցաշար է: 2018-ին եւ 2019-ին լավ հանդես չեկա, ապա մեկ տարի բաց թողեցի ԱՄՆ-ում գտնվելու պատճառով: Այնտեղ դադար չեմ ունեցել, մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի:

2017-ին, երբ առաջին անգամ դարձա Հայաստանի չեմպիոն, մի փոքր սխալ մոտեցում էի ցուցաբերել մրցաշարին. շատ լարված էի մոտեցել մրցաշարին, մի քանի ամիս պատրաստվել էի: Այդ տարի 5-րդ տուրից հետո վերջին տեղում էի ընթանում: Լարվածությունս արդեն բաց էի թողել, ընդունել էի այն փաստը, որ մրցաշարը շատ վատ եմ խաղացել, արդեն պարտված եմ անցկացրել մրցաշարը: Արդյունքում՝ հանգիստ սկսեցի խաղալ ու իրար հաջորդող մի քանի հաղթանակներ ունեցա: Այսինքն՝ լարվածությունս անցավ ու սկսեցի հաղթանակներ տանել: Կես միավորի առավցելությամբ դարձա չեմպիոն:

Այդ չեմպիոնությունն ինձ համար շատ ծայրահեղական ստացվեց: Այս առաջնությունում այլ տրամարդվածությամբ էի մոտեցել, որ պետք է ուղղակի լավ շախմատ խաղալ: Բացարձակ լարվածություն չկար, ուղղակի կենտրոնացած էի լավ պարտիաներ անցկացնելու վրա: Ոչ մի արդյունք, ոչ մի ավելորդ միտք ինձ չէր խանգարում: Նույնիսկ հաղթանակներ գրանցելու դեպքում փորձում էի ավելորդ էմոցիաների վրա էներգիա չվատնել, որպեսզի դրանք ինձ չխանգարեն:

Նախորդ տարի Հայաստանի չեմպիոն դարձավ Սամվել Տեր-Սահակյանը, բայց պանդեմիայի պատճառով հնարավորություն չունեցավ օգնել հավաքականին: Դուք ի՞նչ տրամադրվածությամբ եք մոտենում եւ որքանո՞վ եք պատրաստ Ձեր ներուժը դնել ազգային հավաքականում:  

Այս պահին կրկին պանդեմիայով պայմանավորված որեւէ հստակեցված մրցաշար չունենք, որին պետք է հավաքականը մասնակցի: Հնարավորություններիս չափով պատրաստ եմ օգտակար լինել ազգային ընտրանուն: Պետք է փորձել պահպանել լավ մարզավիճակ, որպեսզի հարկ եղած դեպքում, էական չի առաջիկայում ունենք մրցաշար, թե ոչ, պատրաստ լինել մտնել թիմային պայքարի մեջ:

Հավաքականը համալրում եք այն շրջանում, երբ Լեւոն Արոնյանը հեռանում է...

Լեւոն Արոնյանի գնալով թիմը թուլանում է: Պետք է նոր սերունդ աճի, երիտասարդներն աճեն, նրան փոխարինողներ պետք է գան, բայց Լեւոնի մակարդակին հասնելը կարճ ժամանակում  շատ բարդ է: Լեւոնն աշխարհի լավագույններից է եւ մեզ երկար տարիներ է պետք նրան փոխարինող ունենալու համար: Պետք է ձգտել այդ արդյունքին, ժամանակի հետ հավաքականն ուժեղացնել: Չեմ կարծում, որ անհնար է, ուղղակի երկար ժամանակ է պետք:

Հոգեբանական առումով Լեւոն Արոնյանի բացակայությունն ի՞նչ ազդեցություն կունենա հավաքականի, Ձեզ վրա խոշոր մրցաշարերում:

Անհերքելի փաստ է, որ Լեւոն Արոնյանի հետ մեր հավաքականը շատ ուժեղ էր: Պետք է չընկճվել, պետք է ուղղակի խաղալ, ընդունել այս ամենը, նրա որոշումը եւ փորձել հարմարվել իրավիճակին: Բնական է, թիմը թուլանում է: Պետք է ընդունել այս փաստը, քանի որ ներկա պահին նրան մոտ վարկանիշով խաղացող չունենք. երկրորդ համարի հետ տարբերությունը մեծ է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս