12:22 7 մարտի, 2021Ես համալրում եմ հավաքականն այն շրջանում, երբ թիմի ուժեղագույն խաղացողը հեռանում է: Պետք է ընդունել, որ Լեւոն Արոնյանի հեռանալով թիմը թուլանում է: Պետք է չընկճվել, պետք է խաղալ եւ փորձել ուժեղացնել այն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց 81-րդ առաջնության հաղթող Հովհաննես Գաբուզյանը:
25-ամյա շախմատիստը Հայաստանի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր՝ նվաճելով չեմպիոնի կոչումն ու ապահովելով նաեւ տեղն ազգային հավաքականում։ Հովհաննես Գաբուզյանը Հայաստանի չեմպիոն է դարձել նաեւ 2017 թվականին:
Հովհաննես, շնորհավորում եմ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանն առաջնությունը որակեց աննախադեպ, քանի որ ուժեղ կազմ էր մասնակցում: Ինչպե՞ս հաջողվեց այդ ուժեղ կազմում առաջատարի դիրքերը պահպանել մինչեւ վերջ:
Նման մրցաշարերում, երբ գրեթե բոլորը գրոսմայստերներ են, միշտ շատ լարված է անցնում պայքարը: Որեւէ մեկը չի կարող ասել, թե հեշտ ստացվեց: Այս անգամ բավական վստահ էր ելույթս մրցաշարի հենց սկզբից: Գրեթե միավորներ չեմ կորցրել, շատ հաղթանակներ էի տանում: Իրար հաջորդող հաղթանակներն ինձ ավելի էին ոգեւորում:
Որեւէ մեկը չի կարող նախքան մրցաշարն ասել, թե լավ մարզավիճակում է գտնվում. ընթացքում ես հասկանում: Ես կեսից հասկացա, որ լավ մարզավիճակում եմ ու գնալով ավելի հաջող էր ստացվում, վստահությունն ավելանում էր:
Առաջին խաղը ոչ ոքի ավարտեցի, երկրորդ, երրորդ հաղթանակներից հետո ավելի վստահ էի ինձ զգում:
Ո՞ր տուրերը, ո՞ւմ հետ պարտիաները բարդ ստացվեց:
Հեշտ հաղթանակներ չունեցա: Բոլոր պարտիաները շատ բարդ էին: Այնպես ստացվեց, որ ես եւ Արման Փաշիկյանը մրցաշարի հենց սկզբից որոշակի միավորներով առաջ էինք մյուսներից: Հիմնական պայքարը մեր միջեւ էր: Մի քանի տուր Արմանն էր ինձանից առաջ կես միավորով: Եթե չեմ սխալվում՝ 5-րդ տուրում Փաշիկյանը պարտվեց, ես նրանից առաջ անցա կես միավորով: Այդպես մինչեւ մրցաշարի վերջին տուրը ես եւ ինքն էինք պայքարում չեմպիոնության համար եւ պայքարը հենց այդ կես միավորով էր ընթանում:
Կառանձնացնեմ նրա հետ խաղը 8-րդ պարտիայում: Ես նրանից կես միավորով առաջ էի եւ այդ պարտիան որոշիչ էր երկուսիս համար: Մեծ մրցակցություն կար, քանի որ երկուսս էլ փորձում էինք լավ խաղալ: Ոչ ոքի ավարտվեց պարտիան եւ այդ կես միավորի լարվածությունը շարունակեց մնալ:
Արդեն 10-րդ տուրում երկուսս էլ պարտություն կրեցինք: Հենց այդ ժամանակ ես ապահովեցի իմ առաջատարի դիրքը, որովհետեւ լրացուցիչ միավորներով առաջ էի: Նույնիսկ եթե Արմանն ինձ հավասարվեր միավորով, լրացուցիչով առաջ էի լինելու:
Մեկ տարուց ավելի խաղատախտակի առջեւ մրցաշարեր չէիք ունեցել: Տեւական դադարը նպաստե՞ց չեմպիոնի կոչումը նվաճելուն:
Ոչ միայն ես, գրեթե բոլորս խաղատախտակի առաջ երկար ժամանակ չէինք խաղացել: Մի փոքր անսովոր էր, քանի որ այդքան երկար դադար չէի ունեցել մի քանի տարվա ընթացքում: Դադարը ոչ թե իր դրական ազդեցությունն ունեցավ, այլ ուղղակի հաճելի էր խաղալը: Այնքան երկար չէի խաղացել, կարոտել էի եւ դրանով պայմանավորված ինձ վրա լավ անդրադարձավ այդ դադարը:
Հովհաննես, նախորդ անգամ Հայաստանի չեմպիոն եք դարձել 2017 թվականին: Մինչ այս ի՞նչ արդյունքներ են եղել եւ ինչո՞ւ չի հաջողվել կրկնել հաջողությունը Հայաստանի առաջնությունում:
Եթե մեկ անգամ հաղթում ես, որեւէ մեկը չի կարող ասել, որ երկրորդ անգամ էլ կհաղթես, հատկապես բարձրագույն խմբում. շատ ուժեղ մրցաշար է: 2018-ին եւ 2019-ին լավ հանդես չեկա, ապա մեկ տարի բաց թողեցի ԱՄՆ-ում գտնվելու պատճառով: Այնտեղ դադար չեմ ունեցել, մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի:
2017-ին, երբ առաջին անգամ դարձա Հայաստանի չեմպիոն, մի փոքր սխալ մոտեցում էի ցուցաբերել մրցաշարին. շատ լարված էի մոտեցել մրցաշարին, մի քանի ամիս պատրաստվել էի: Այդ տարի 5-րդ տուրից հետո վերջին տեղում էի ընթանում: Լարվածությունս արդեն բաց էի թողել, ընդունել էի այն փաստը, որ մրցաշարը շատ վատ եմ խաղացել, արդեն պարտված եմ անցկացրել մրցաշարը: Արդյունքում՝ հանգիստ սկսեցի խաղալ ու իրար հաջորդող մի քանի հաղթանակներ ունեցա: Այսինքն՝ լարվածությունս անցավ ու սկսեցի հաղթանակներ տանել: Կես միավորի առավցելությամբ դարձա չեմպիոն:
Այդ չեմպիոնությունն ինձ համար շատ ծայրահեղական ստացվեց: Այս առաջնությունում այլ տրամարդվածությամբ էի մոտեցել, որ պետք է ուղղակի լավ շախմատ խաղալ: Բացարձակ լարվածություն չկար, ուղղակի կենտրոնացած էի լավ պարտիաներ անցկացնելու վրա: Ոչ մի արդյունք, ոչ մի ավելորդ միտք ինձ չէր խանգարում: Նույնիսկ հաղթանակներ գրանցելու դեպքում փորձում էի ավելորդ էմոցիաների վրա էներգիա չվատնել, որպեսզի դրանք ինձ չխանգարեն:
Նախորդ տարի Հայաստանի չեմպիոն դարձավ Սամվել Տեր-Սահակյանը, բայց պանդեմիայի պատճառով հնարավորություն չունեցավ օգնել հավաքականին: Դուք ի՞նչ տրամադրվածությամբ եք մոտենում եւ որքանո՞վ եք պատրաստ Ձեր ներուժը դնել ազգային հավաքականում:
Այս պահին կրկին պանդեմիայով պայմանավորված որեւէ հստակեցված մրցաշար չունենք, որին պետք է հավաքականը մասնակցի: Հնարավորություններիս չափով պատրաստ եմ օգտակար լինել ազգային ընտրանուն: Պետք է փորձել պահպանել լավ մարզավիճակ, որպեսզի հարկ եղած դեպքում, էական չի առաջիկայում ունենք մրցաշար, թե ոչ, պատրաստ լինել մտնել թիմային պայքարի մեջ:
Հավաքականը համալրում եք այն շրջանում, երբ Լեւոն Արոնյանը հեռանում է...
Լեւոն Արոնյանի գնալով թիմը թուլանում է: Պետք է նոր սերունդ աճի, երիտասարդներն աճեն, նրան փոխարինողներ պետք է գան, բայց Լեւոնի մակարդակին հասնելը կարճ ժամանակում շատ բարդ է: Լեւոնն աշխարհի լավագույններից է եւ մեզ երկար տարիներ է պետք նրան փոխարինող ունենալու համար: Պետք է ձգտել այդ արդյունքին, ժամանակի հետ հավաքականն ուժեղացնել: Չեմ կարծում, որ անհնար է, ուղղակի երկար ժամանակ է պետք:
Հոգեբանական առումով Լեւոն Արոնյանի բացակայությունն ի՞նչ ազդեցություն կունենա հավաքականի, Ձեզ վրա խոշոր մրցաշարերում:
Անհերքելի փաստ է, որ Լեւոն Արոնյանի հետ մեր հավաքականը շատ ուժեղ էր: Պետք է չընկճվել, պետք է ուղղակի խաղալ, ընդունել այս ամենը, նրա որոշումը եւ փորձել հարմարվել իրավիճակին: Բնական է, թիմը թուլանում է: Պետք է ընդունել այս փաստը, քանի որ ներկա պահին նրան մոտ վարկանիշով խաղացող չունենք. երկրորդ համարի հետ տարբերությունը մեծ է:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.