09:35  ,  3 մարտի, 2021

Արմեն Մանուչարյանը՝ «Ռոտորից» հեռանալու պատճառների, «Ակտոբեում» Մարկոսին ու Արզումանյանին հիշելու մասին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արմեն Մանուչարյանն այս ձմռանը փոխեց ակումբը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Վոլգոգրադի «Ռոտորից» տեղափոխվելով ղազախական «Ակտոբե»: 26-ամյա պաշտպանն այս մրցաշրջանից առաջ էր Երևանի «Փյունիկից» տեղափոխվել ռուսական ակումբ, որի կազմում անցկացրել է 7 հանդիպում: Նա Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2017 թվականին և ազգային թիմում անցկացրել է 2 հանդիպում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Մանուչարյանը պատմել է «Ռոտորից» հեռանալու պատճառների ու «Ակտոբե» տեղափոխության մասին:

Արմեն, «Ռոտորից» հեռանալու պատճառը քիչ խաղաժամանակ ստանա՞լն էր, թե՞ կային այլ խնդիրներ:

«Ռոտորից» հեռանալու գլխավոր պատճառը քիչ խաղաժամանակ ստանալն էր, ինչը պայմանավորված էր մարզիչի գործոնով: Սկզբում ամեն բան շատ լավ էր, սակայն կորոնավիրուսով վարակվելուց հետո մոտ մեկ ամիս բաց թողեցի, ինչից հետո հասկացա, որ մարզիչի վերաբերմունքը փոխվել է իմ հանդեպ: Այդ պատճառով որոշեցի հեռանալ «Ռոտորից»: Ես այն տարիքում եմ, որ չեմ կարող բավարարվել քիչ խաղաժամանակ ստանալով: Ցանկանում եմ խաղալ, իսկ «Ռոտորում» մնալով դա կարող էր տեղի չունենալ:

Առաջին մրցաշրջանն ես անցկացնում արտասահմանում, այլն էլ՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պես բարդ առաջնությունում: Ռուսաստանում անցկացրած ժամանակահատվածում հասցրեցի՞ր կարևոր փորձ ձեռք բերել, խաղային առումով այն նպաստե՞ց քո առաջընթացին:

Այո, իհարկե: Կարծում եմ՝ իմ կարիերայի համար շատ մեծ առաջընթաց էր դա: Նույնիսկ ոչ այնքան երկար ժամանակահատվածում ձեռք բերեցի կարևոր փորձ, ինչը, վստահ եմ, հետագայում օգտակար լինի ինձ համար: Հայաստանի առաջնությունից հետո Ռուսաստանի Պրեմիեր լիգայում բոլորովին այլ խաղամակարդակ էր, ինչին հարմարվելու համար անհրաժեշտ էր քրտնաջան աշխատել:

Ի՞նչ տրամադրությամբ ես հեռանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայից: Ցանկություն ունե՞ս դարձյալ վերադառնալ այնտեղ:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայից հեռանում եմ շատ դրական տպավորություններով, բայց՝ վերադառնալու ակնկալիքով: Ես չհասցրեցի ցուցադրել ամբողջ ներուժս, ինչը կփորձեմ անել ապագայում:

Տեղափոխվեցիր ավելի թույլ առաջնություն, ինչը հետընթաց կարող է համարվել, իսկ դրական ի՞նչ գործոններ կառանձնացնես տեղափոխությանդ մեջ:

Կյանքում լինում են պահեր, երբ ավելի լավ է մեկ քայլ հետ կատարես, որպեսզի հետագայում ավելի առաջ գնաս: Նայում եմ միայն առաջ ու պահպանում լավատեսությունը: Ոչինչ հենց այնպես չի լինում:

Ինչպե՞ս ստացվեց «Ակտոբե» տեղափոխությունը: Կարիերան շարունակելու այլ տարբերակները շա՞տ էին:

Կարիերան շարունակելու տարբերակներ ունեի Ռուսաստանի Պրեմիեր լիգայից ու Հայաստանի առաջնությունից, սակայն նպատակահարմար գտա տեղափոխվել «Ակտոբե»: Տեղափոխությունս ստացվեց շատ արագ: «Ռոտորի» հետ հավաքի ընթացքում մենք խաղացինք «Ակտոբեի» դեմ: Հանդիպումից հետո գործակալս զանգեց ինձ և ասաց, որ ղազախական ակումբի մարզիչը շատ է հավանել իմ խաղը և ցանկանում է ինձ տեսնել իր թիմում: Ցանկացած ֆուտբոլիստի համար մարզիչի կողմից վստահությունն անչափ կարևոր է:

Հաշվի առնելով, որ դու ունիվերսալ խաղացող ես և հանդես ես գալիս տարբեր դիրքերում, նոր թիմում ո՞ր դիրքում են դիտարկում քեզ:

Հիմնականում՝ աջ պաշտպանի դիրքում: Զրուցել եմ մարզիչի հետ: Նա տեղյակ է, որ կարող եմ հանդես գալ հենակետային կիսապաշտպանի դիրքում, պաշտպանության կենտրոնում, աջ ու ձախ եզրերում: Մարզիչը կորոշի, թե որ դիրքում եմ ավելի պետք թիմին:

Վերջին տարիներին «Ակտոբեն» դադարել է լինել չեմպիոնական ամբիցիաներով թիմ: Այս մրցաշրջանում ինչի՞ համար է պայքարելու թիմը:

Այս տարի մեծ փոփոխություններ են տեղի ունեցել «Ակտոբեում», և ակումբին միացել են մի շարք նոր խաղացողներ: Թիմը գլխավորել է բելառուս մասնագետ Ալեքսեյ Բագան, որը նախկինում աշխատել է Բելառուսի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ-ում ու Լիտվայի չեմպիոն դարձել «Ժալգիրիսի» հետ: Նա ամբիցիոզ մարզիչ է: Նոր մրցաշրջանում թիմի նպատակը մրցանակային տեղերի ու եվրագավաթների ուղեգրի համար պայքարելն է:

Վերջին շրջանում ղազախական ակումբի հետ հավաքի էիր մասնակցում Թուրքիայում և արդեն հասցրել ես որոշ չափով ծանոթանալ թիմի ներուժին: Հետաքրքիր է՝ «Ակտոբեի» ու «Ռոտորի» միջև խաղամակարդակի մեծ տարբերություն կա՞:

Չեմ կարծում, որ խաղամակարդակների տարբերությունը մեծ է: Պարզապես «Ակտոբեում» նոր թիմ է հավաքվում՝ նոր մարզիչով: Կարծում եմ՝ խաղակցվածությունը բարելավելու համար ժամանակ է անհրաժեշտ, բայց մինչև առաջնության մեկնարկն ամեն բան կկարգավորվի:

«Ակտոբեում» նախկինում հանդես եկել են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանն ու Մարկոս Պիզելին: Մարկոսն ընդհանրապես դարձել էր ակումբի պատմության լավագույն լեգեոնականներից մեկը: Նրանց մասին վառ հիշողություններ պահպանվե՞լ են ղազախական ակումբում:

Ակումբին միանալուս առաջին օրվանից ինձ հարցրել են՝ արդյոք ճանաչում եմ Մարկոսին ու Ռոբերտին, հետաքրքրվել են նրանց մասին: Թե՛ Մարկոսը, թե՛ Արզումանյանն այն ֆուտբոլիստներն են, որոնք հետք թողել են «Ակտոբեի» պատմության մեջ: Ես նույնպես ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ մասին ևս լավ հիշողություններ լինեն այստեղ և իմ ներդրումն ունենամ թիմի առաջընթացի գործում:

Ղազախստանի առաջնությունում հայ ֆուտբոլիստների պակաս չի զգացվելու նոր մրցաշրջանում: Արտասահմանում հայրենակիցների հետ մրցակցելը հաճելի՞ գործընթաց է:

Իհարկե, հաճելի է, երբ քո հայրենակիցներին ու ընկերներին տեսնում ես արտասահմանյան առաջատար ակումբներում: Այստեղ նաև ինձ ծանոթ հայ մարզիչներ են աշխատում: Հանդիպումների ժամանակ մենք մրցակիցներ ենք, իսկ խաղադաշտից դուրս՝ ընկերներ ու պահպանում ենք լավ հարաբերությունները՝ անկախ մրցակցությունից: Զրուցել եմ Վարազդատ Հարոյանի ու Տիգրան Բարսեղյանի հետ: Նրանք նաև հավաքի ընթացքում ներկա են եղել մեր հանդիպմանը:

Վերջին տարիներին չես հրավիրվում Հայաստանի հավաքական, որտեղ 2 հանդիպում ես անցկացրել ձախ ու կենտրոնական պաշտպանի դիրքում: Վերջին շրջանում ձախ պաշտպանի դիրքն ամենապրոբլեմատիկներից է ազգային թիմում: Հաշվի առելով, որ դու այս ընթացքում խաղացել ես տարբեր դիրքերում, ձախ պաշտպանի դիրքը շարունակո՞ւմ է հոգեհարազատ մնալ քեզ համար:

Առաջին հերթին ես նոմինալ աջ պաշտպան եմ, սակայն ձախ եզրում խաղալը ևս դժվարություն չի առաջացնի ինձ համար: Ժամանակակից ֆուտբոլում սովորական է, երբ պաշտպանը կարողանում է խաղալ թե՛ աջ, թե՛ ձախ եզրում: Իհարկե, մեծ ցանկություն ունեմ դարձյալ հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Իմ կողմից ամեն ինչ կանեմ, որպեսզի արժանանամ մարզչական շտաբի ուշադրությանն ու վստահությանը:

Արտերկրում հանդես եկող գրեթե բոլոր ֆուտբոլիստներն ունեն Հայաստանի հավաքականում խաղալու շանսեր և միշտ սպասում են հրավերի: Կարելի՞ է ասել, որ կարիերայի այս փուլում դա քո՝ ավելի լավը դառնալու գլխավոր մոտիվացիան է:

Ոչ միայն այս փուլում, այլև միշտ դա իմ գլխավոր մոտիվացիան է՝ դառնալ ավելի լավը, ավելացնել բոլոր առումներով: Ցանկացած ֆուտբոլիստ երազում է խաղալ իր երկրի ազգային հավաքականում: Ես նույնպես բացառություն չեմ: Ամեն ինչ կանեմ դրան հասնելու համար: Վերջին շրջանում չեմ հրավիրվում հավաքական, սակայն չեմ հուսահատվում: Դա նշանակում է, որ պետք է ավելի շատ աշխատեմ և արժանանամ հավաքականում դարձյալ խաղալու հնարավորությանը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս