10:11  ,  22 փետրվարի, 2021

Արմեն Պետրոսյան. Կարծում եմ՝ UFC տեղափոխությունը սարերի հետևում չէ

Ռուսաստանում հանդես եկող MMA-ի (խառը մենամարտեր) լավագույն հայ մարտիկներից է Արմեն Պետրոսյանը: 30-ամյա մարտիկը AMC Fight Nights-ի գործող չեմպիոնն է կիսածանր քաշային կարգում: Պետրոսյանը թայբոքսինգի աշխարհի չեմպիոն է դարձել 2015 թվականին: ММА-ում նա անցկացրել է 5 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ, բոլորը՝ նոկաուտով:

Հունվարին տեղի ունեցած Fight Nights Global մրցաշարում հայ մարտիկը նոկաուտով հաղթել էր ռուս Դմիտրի Մինակովին և պաշտպանել տիտղոսը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը պատմել է նախորդ մենամարտի ու UFC հնարավոր տեղափոխության մասին և խոսել տարբեր թեմաների շուրջ:

Արմեն, շնորհավորում եմ հաղթանակի առթիվ: Նախորդ մենամարտիդ ընթացքում մրցակիցը կարծես դժվարություններ ստեղծեց քեզ համար:

Շնորհակալ եմ: Մենամարտս անցավ ըստ ծրագրվածի: Դմիտրին լավ բազայով լուրջ մրցակից է: Նա կարող է խնդիրներ առաջացնել ցանկացած մրցակցի համար: Սակայն կրկնեմ, որ ամեն բան անցավ ըստ ծրագրվածի:

Հայտնի է, որ դու մարզվում ես Դաղստանում: Ինչպե՞ս քեզ ընդունեցին այնտեղ: Եթե Դաղստանը համեմատես Հայաստանի հետ, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան:

Ինձ ընդունեցին հրաշալի: Նույնքան ընկերական, որքան ձեզ մոտ՝ Հայաստանում է: Դաղստանը կոնտրաստի վայր է: Նմանությունների մասին կնշեմ դաստիարակությունը, հարգանքը, սերը հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Խնդիրներ չեմ ունենում այստեղ: Ընտանիքս շատ սիրեց Դաղստանը:

Դու ծնվել ես Կրասնոյարսկում, իսկ որտեղի՞ց են արմատներդ:

Արմատներս Վրաստանից են: Գյուղը գտնվում Բոլնիսիում: Նախորդ անգամ այնտեղ եղել եմ մանկությունում, սակայն շատ եմ ցանկանում վերադառնալ:

Ինչ-որ բան հայտնի է հաջորդ մենամարտիդ վերաբերյալ:

Այս պահին կարող եմ ասել, որ մենամարտը տեղի կունենա մայիսի վերջնամասում:

Ուսումնասիրելով նախորդ հարցազրույցներդ՝ հասկանալի դարձավ, որ հայրդ մեծ ավանդ է ունեցել քո՝ մարտիկ դառնալու գործում: Որոշ մանրամասներ կպատմե՞ս:

Հայրս ամեն ինչ է եղել ինձ համար: Նա ինձ տվել է մոտիվացիա ու շարժառիթ: Եթե նա չլիներ, հնարավոր է, որ արդեն սպորտում չէի լինի: Երբ երիտասարդ էի, բոլորը ուրախ ժամանակ էին անցկացնում, իսկ ես գնում էի մարզասրահ ու տարբեր առարկաների դասուսույցների մոտ: Նա ինձ միշտ ասում էր՝ ամեն բան իր ժամանակին: Այդ խոսքերը կյանքի նշանաբան են դարձել ինձ համար: Նրա կորուստը չափազանց ծանր էր ինձ համար: Ինձ համար պատիվ է ապացուցել հորս, որ ես լավագույնն եմ: Կարծում եմ՝ նա հպարտանում է ինձանով: Նույնիսկ հիմա այդ մասին խոսելիս կարկամում եմ:

ММА տեղափոխվելու որոշումը բա՞րդ էր քեզ համար՝ հաշվի առնելով հաջողություններդ թայբոքսինգում: Ըստ քեզ՝ ինչո՞ւ են քիկբոքսինգն ու թայբոքսինգը 2011-ից հետո սկսել հայտնիությամբ զիջել MMA-ին՝ չնայած իրենց դիտարժանությանը:

Որոշումը բարդ էր, չկային լավ առաջարկներ: Կարծում եմ՝ մեր շուկան արդեն համեմատվում է ամերիկյանի հետ: ԱՄՆ-ը տրորեց քիկբոքսինգը: Այդ պատճառով մեր շուկան ևս սկսեց շեշտը դնել MMA-ի վրա: Ժամանակին Ֆյոդոր Եմելյանենկոն փալում էր ամբողջ աշխարհում: Նա նպաստեց Ռուսաստանում MMA-ի զարգացմանը:

Երևի, ММА-ի բոլոր ամբիցիոզ մարտիկների երազանքը UFC-ն է: Որքա՞ն շուտ կցանկանայիր հայտնվել աշխարհի ուժեղագույն լիգայում:

Անկասկած, UFC-ն այլ մակարդակ է բոլոր առումներով: Իսկ, թե որքան շուտ կցանկանայի հայտնվել այնտեղ, երբ կամենա Աստված: Սակայն կարծում եմ, որ դա սարերի հետևում չէ:

Ո՞րն է քո սիրելի հարվածը, ամենավտանգավորը:

Երևի, չկա ամենասիրելի հարված: Սակայն հաճախ եմ օգտագործում լոու-քիքը:

Եթե քեզ վաղը մենամարտի հրավիրեն UFC-ի չեմպիոն Իսրայել Ադեսանյայի հետ, ինչպիսի՞ մարտավարություն կընտեիր:

Տա Աստված, մենք անպայման կհանդիպենք: Իսկ երբ հանդիպենք, դուք ամեն բան կստեսնենք (ծիծաղում է):

Ի՞նչ է քեզ համար նշանակում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը:

Երբ պատանի էի, հաճախ էինք մենամարտեր դիտում հորս հետ, և ես մանկուց երազում էի պրոֆեսիոնալ մակարդակում բարձրացնել Հայաստանի դրոշը: Շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց:

Քո խորհուրդը Հայաստանում բնակվող երիտասարդ մարզիկներին, թե ինչու է պետք ընտրել այդ մարտարվերստը:

Կարևոր չէ, թե ով ու ինչ է ասում քեզ, եթե ունես նպատակ, պայքարիր դրա համար՝ անկախ ամեն ինչից: Մի նայեք նրանց, ովքեր ամբողջ ժամանակը վատնում են զվարճանքների ու հեշտ կյանքի վրա: Եվ, իհարկե, մի մոռացեք լավ սովորել, առանց կրթության հիմա հնարավոր չէ: Ինչպես ինձ ասում էր հայրս՝ ամեն բան իր ժամանակին: Սիրեք ու գնահատեք ձեր ծնողներին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ