19:41  ,  8 փետրվարի, 2021

Արեգ Վաթյան. Եզրափակիչը ստացվեց, քանի որ գավաթակրի կոչման համար հավասար ու թեժ պայքար էր

Հայաստանում ակումբային բասկետբոլը ձեւավորվել է, բայց կկայանա այն ժամանակ, երբ ակումբները շարունակական լինեն, ստեղծեն պատանեկան թիմեր, պատրաստեն լավ խաղացողներ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի գավաթակիր «Մեդ Ֆոքսիս» թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը:

Փետրվարի 6-ին Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցավ բասկետբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչը:  Արեգ Վաթյանի գլխավորած թիմը մեկ միավորի առավելությամբ հաղթեց «Վահագնի Սիթիին»՝ 94:93:

Գավաթի խաղարկությունը մեկնարկել էր 2020 թվականի նոյեմբերից, մասնակցել է 8 թիմ:

Պարոն Վաթյան, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Հաղթեցիք մեկ միավորի առավելությամբ: Սպասված հաղթանա՞կ էր, թե՞ հաջողությունը ժպտաց:

«Մեդ Ֆոքսիսն» ու «Վահագնի Սիթին» այս պահին Ա լիգայի առաջատարներ են: Մեր հանդիպումները միշտ ընթանում են հավասար պայքարում: Նույն էլ գավաթի եզրափակիչն էր: Ամբողջ խաղը լարվածությամբ պահեց հանդիսատեսին:  Չեղավ մի պահ, որ թիմերից մեկը  հաշվի մեջ առաջ ընկներ: Լարվածությունը պահպանվեց ամբողջ խաղի ընթացքում: Բարդ է ասել, թե ինչի արդյունքում հաղթանակը մերը եղավ: Երկուսն էլ թիմային խաղ էին խաղում: Երեւի՝ սպորտային բախտը մեզ ավելի շատ ժպտաց, քան իրենց: Մի բան հստակ է՝ գավաթի երզափակիչում երկու թիմերն էլ արժանի էին հաղթանակի:

Մասնակից թիմերի խաղամակարդակը գոհացնո՞ղ էր:

Որակական առումով այս տարի գավաթի խաղարկությունը բավական հետաքրքիր էր: Ա լիգան էլ հետաքրքիր մրցակցությունում է ընթանում: Մասնակցում էր 8 թիմ, սկսվել էր նոյեմբերին Ա լիգային զուգահեռ: «Մեդ Ֆոքսիսը» մինչեւ եզրափակիչ խաղաց «Կիլիկիա» եւ ԲԿՄԱ-ի դեմ: Երկուսում հաղթանակ տարանք: Հետաքրքիր ու լարված հանդիպումներ ունեցանք: Ամենադիտարժանը, կարծում եմ, եզրափակիչը ստացվեց, քանի որ գավաթակրի կոչման համար հավասար ու թեժ պայքար էր գնում:

«Մեդ Ֆոքսիսը» նոր ակումբ է եւ առաջին անգամ էր մասնակցում գավաթին: Ինչպե՞ս ձեւավորվեց թիմը:

«Մեդ Ֆոքսիսը» նոր նախագիծ է՝ բաղկացած կանանց եւ տղամարդանց թիմերից: Կանանց թիմը «Լեդ Ֆոքսիսն» է: Երկուսն էլ նորաստեղծ թիմեր են: Ակումբի ղեկավարության կողմից բավական լուրջ մոտեցում է ցուցաբերվում թիմերին: Մեծ ծրագրեր կան կանանց եւ տղամարդկանց թիմերի համար: Ապագայում նախատեսում ենք մասնակցել Եվրասիական լիգային, միջազգային խաղերին: Լուրջ կազմ է հավաքված: Ամենակարեւորն այն է, որ որակով եւ ներուժով շատ հայ խաղացողներ ունենք: Թeրեւս, մեր ակումբում ամենամարտունակ հայ խաղացողներն են հավաքված: Ուրիշ ակումբներում էլ կան հայեր, բայց քանակի առումով գերազանցում ենք: Տղամարդկանց թիմում 4 ամերիկացի խաղացող ունենք, մնացածը ազգությամբ հայեր են Ռուսաստանից, Իրանից, հայաստանցի՝ Երեւանից: Մարզերից բասկետբոլիստներ չունենք: Մարզերը դեռ պասիվ են:

«Լեդ Ֆոքսիսն» արդեն հաջողություններ ունի: Կանանց առաջնությունում առաջատարներից է: Եթե չեմ սխալվում, դեռ պարտություն չունի:

Ի՞նչ ծրագրեր կան «Մեդ Ֆոքսիսի» հետ:

Հայաստանի գավաթն ավարտվեց, այժմ պատրաստվում ենք Ա լիգայի կիսաեզրափակիչներին, որոնք մեկնարկելու են փետրվարի 16-ից:

Խաղալու ենք «Դվին» ակումբի հետ: 3-րդ եւ 4-րդ փուլում նրանց պարտվել ենք: Փլեյ օֆֆի խաղերը սկսելու ենք 0:2 հաշվով՝ հօգուտ նրանց:

Երկու նոր խաղացող ենք բերել հատուկ Ա լիգայի կիսաերզափակիչի եւ, եթե, հաջողվի եզրափակիչի համար: Փոխելու ենք թիմի խաղաոճը, ուժեղացնելու ենք:

Պարոն Վաթյան, Հայաստանում ակումբային բաստեկտբոլը զարգացման ի՞նչ հեռանկարներ  ունի:

Ակումբային բասկետբոլն արդեն ձեւավորվել է Հայաստանում: Հաջողություններ այս ոլորտում կունենանք, եթե շարունակական լինի, ակումբները շարունակեն աշխատել: Այս տարի երկու նոր ակումբ ունեցանք՝ «Մեդ Ֆոքսիսը» եւ «Վահագնի Սիթին»: Եթե այս ակումբները շարունակեն աշխատանքը, ստեղծեն իրենց պատանեկան թիմերը, պատրաստեն լավ խաղացողներ Հայաստանի համար, միայն այդ դեպքում ակումբային բասկետբոլը զարգացում կապրի, կկայանա: Այս պահին պատանեկան ակումբ ունեն «Մեդ Ֆոսքիքը», «Կիլիկիան» եւ «Ուրարտուն»: Եթե մենք շատ լինենք, լավ կլինի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով