09:44  ,  9 փետրվարի, 2021

Ռուբեն Նազարեթյան. Գալու է այն օրը, երբ Հայաստանի հավաքականում խաղալու են միայն հայեր

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վերջին տարիներին նկատելի առաջընթաց է գրանցում Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ և պատահական չէ, որ պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ուղեգիր: Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի թիմը պարտվել է աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանին (0:6) ու ոչ ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ (4:4), որին Երևանում տեղի ունեցած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ հարցազրույցում 2002 թվականից ֆուտզալի Հայաստանի հավաքականը գլխավորող Ռուբեն Նազարեթյանն ամփոփել է նախորդ 2 խաղերը, խոսել ֆուտզալի խնդիրների, Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզապալատ ունենալու հեռանկարների ու առաջիկա անելիքների մասին:

Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականը վաստակեց առաջին միավորը բավական ուժեղ մրցակցի դեմ, սակայն հանդիպման ընթացքում ուներ 3 գոլի առավելություն: Հաշվի առնելով դա՝ կա՞ հիասթափությունը, որ բաց թողեցիք առաջին հաղթանակը:

Ինձ մոտ ոչ թե հիասթափություն է, այլ թեթև տխրություն: Չեմ հիասթափվում, քանի որ թիմը շատ լավ խաղաց: Մեր առաջին քայլերն են այդպիսի մակարդակում: 2 տարի առաջ բոլորիս համար երազանք կլիներ ոչ ոքի խաղալ Ֆրասնիայի հավաքականի հետ, բայց մենք կարողացանք անել դա: Այդ պահին հուզական առումով մի քիչ վատ էր, բայց հետո վերլուծեցինք ամեն բան: Ամենակարևորն այն է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Կարելի է ասել, որ մենք ունեինք 8-10 օրվա թիմ: 3-4 խաղացողներ վերջին պահին էին միացել մեզ: Կարծում եմ՝ վատ չէր, հետագայում կլինի ավելի լավ: Այդ մակարդակում խաղային փորձի պակասը զգալ տվեց: Ուժեղ թիմերը 0:3-ից հետո կարողանում են սառեցնել խաղը և այլն: Այդպիսի մակարդակի խաղերում յուրաքանչյուր սխալ անպատիժ չի մնում, ինչը եղավ մեզ հետ: Կարևորն այն էր, որ մենք չթողեցինք թույլ թիմի տպավորություն: Տղաների վստահությունն ավելացավ, որ մենք կարող ենք և պետք է շարունակենք առաջադիմել որպես թիմ: 

Ֆրանսիայի հավաքականի խաղն ուսումնասիրելու ժամանակ, իհարկե, ունեցել էիք, սակայն մրցակիցը մեզ համար խնդիրներ ստեղծեց ոչ թե թիմային գործողությունների շնորհիվ, այլ՝ անհատական: Ձեր թիմի համար մեծ «գլխացավանք» էր հատկապես մրցակցի 11 համար Լանդրի Ն՛Գալան: Ի՞նչ բացթողումներ եք առանձնացրել այդ խաղից:

Շատ ճիշտ եք նկատել, որ մրցակիցը գոլեր խփեց անհատական որակների հաշվին: Ն՛Գալան ճանաչված ու բարձրակարգ խաղացող է: Նա կարողացավ տարբերություն ստեղծել իր անհատական բարձր որակների հաշվին: Ամեն դեպքում, մեզ մոտ թիմային խաղն ավելի լավ ստացվեց թե՛ հակագրոհների ժամանակ, թե՛ պաշտպանվելիս, իսկ մրցակիցը խնդիրը լուծեց անհատների շնորհիվ: Օրինակ կբերեմ Լիոնել Մեսիին: Բոլորը գիտեն, որ նա հզոր խաղացող է, սակայն քչերին է հաջողվում կանգնեցնել նրան: Այս պահին մեր թիմում չկան այդպիսի խաղացողներ, բայց հուսով ենք, որ մենք ևս կունենանք, քանի որ անհատական որակները կարող են վճռորոշ լինել ֆուտզալում:

Մեկնարկային խաղում մրցեցիք աշխարհի գործող փոխչեմպիոն Ռուսաստանի հավաքականի հետ, որը ոչ մի շանս չտվեց ձեր թիմին: Այնուամենայնիվ, այդ խաղում դրական ինչ-որ բան առանձնացրեցի՞ք:

Իհարկե, շատ դրական պահեր կային մեզ համար: Հենց այդ հանդիպումից հետո էր, որ ավելի լավ խաղացինք Ֆրանսիայի դեմ: Ռուսաստանի հավաքականի պես թիմի դեմ խաղում մեր բոլոր բաց տեղերը երևացին: Վերլուծեցինք սխալները, պատրաստվեցինք ու նման փորձը շատ անհրաժեշտ էր մեզ: Ռուսաստանի հավաքականի կազմում ևս շատ են անհատական բարձր որակներով խաղացողները, որոնք կարող են վճռել խաղի ելքը: Մեզ ևս այս պահին շատ անհրաժեշտ են այդպիսի խաղացողներ: Կփորձենք գտնել այդպիսի խաղացողների, որոնք կկարողանան իրենց հետևից տանել թիմին: Մեր թիմում Վլադիմիր Սանոսյանը, Սարո Գալստյանը, Արթուր Մելքոնյանը ձգտում են դրան, սակայն դեռ այդ մակարդակին չեն հասել: Կարծում եմ՝ այսպիսի խաղերից հետո նրանք ևս կհասնեն այդ մակարդակին և ավելի մեծ օգուտ կտան հավաքականին:

Հաջորդ մրցակիցը բրազիլացիներով համալրված Վրաստանի հավաքականն է: Մեկնարկային 2 տուրերից հետո ի՞նչ կարծիք եք կազմել այդ թիմի մասին:

Վրաստանի հավաքականը խաղում է բրազիլացի խաղացողներով, առավելագույնը մեկ վրացի է լինում դաշտում: Նրանց թիմում մոտ 7-8 բրազիլացիներ են խաղում իտալական ու իսպանական բարձրակարգ ակումբներից: Կարելի է ասել՝ խաղալու ենք բարձրակարգ բրազիլացիների դեմ: Ուժեղ թիմ է, թեև Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում նրանք չկարողացան ոչինչ անել: Կարծում եմ՝ Ռուսաստանի հավաքականը մրցակցությունից դուրս է: Այնպիսի տպավորություն էր՝ կարծես նրանք չցանկացան 4-ից ավելի գոլ խփել Վրաստանին: Ռուսները խաղից մի քանի ժամ առաջ էին հասել մրցավայր և զգացվում էր հոգնածություն: Ձգտելու ենք հաղթել Վրաստանի հավաքականին:

Վերջին տարիներին Հայաստանի հավաքականի առաջընթացն ակնհայտ է, սակայն Հայաստանում հանդես եկող խաղացողներն աստիճանաբար նվազում են ազգային թիմում: Արդյո՞ք դա կապում եք Հայաստանի առաջնության խաղամակարդակի հետ: Տեղացի խաղացողները խաղամակարդակով շա՞տ են զիջում արտերկրում հանդես եկողներին, թե՞ մրցակցություն դեռ կա և առաջիկայում հնարավոր են փոփոխություններ թիմի կազմում:

Երևի նկատել եք, որ այս խաղերին հայտավորվել էր «Արարատ-Արմենիայի» 21-ամյա խաղացող Ռաֆիկ Մելիքյանը, որը լավ տպավորություն է թողնում և, կարծում եմ, իր տեղն ունենալու է հավաքականում: Փուլ առ փուլ հասնելու ենք դրան, բայց խոսքը միայն երիտասարդների մասին է: Հավաքականում ընդգրկելու ենք Հայաստանի առաջնությունում հանդես եկող երիտասարդ խաղացողների: Բազմիցս հրավիրել ենք այդպիսի խաղացողների: Նորից եմ ասում, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի հավաքականում խաղալու են միայն հայ խաղացողներ: Ես դա խոստանում եմ բոլորին: Ինչ անում ենք հիմա, դրանք ժամանակավոր լուծումներ են, քանի որ, ինչպես գիտեք, Հայաստանում չունենք ֆուտզալի մարզադպրոցներ, ակումբային ֆուտզալը ևս չի փայլում: Երբ կունենանք մեր կադրերը, այդ խաղացողներով կմրցենք ցանկացած հավաքականի հետ:

Այս տարի Հայաստանի առաջնության մասնակիցների թիվն ավելացել է, իսկ խաղամակարդակի առումով աճ նկատո՞ւմ եք: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում առաջնության մրցակցությունը:

Թիմերի քանակն ավելացել է: Սովորաբար, քանակն է ստեղծում որակ: Առաջնությունում ևս ունենք լուրջ անելիքներ: Ցանկանում ենք հաջորդ տարի անցկացնել նաև Առաջին խմբի առաջնություն: Կարծում եմ՝ ավելի թույլ թիմերին կարելի է տանել Առաջին խումբ: Քանի որ այս տարի անցկացվում է միայն մեկ լիգա և մասնակցել ցանկացողներն էլ շատ էին, այդ պատճառով բոլորին ներգրավեցինք: Առաջին խմբի հաղթողը կտեղափոխվի Բարձրագույն խումբ: Անելու ենք նմանատիպ քայլեր, որպեսզի հաջորդ առաջնությունը լինի ավելի դիտարժան:

Հայաստանում ֆուտզալի միջազգային հանդիպումներ ընդունելու հնարավորություն ունի միայն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղահրապարակը, որը չունի տրիբունաներ և չի կարող հյուրընկալել շատ հանդիսականների: Հաշվի առնելով այն, որ հավաքականի խաղերին ներկա գնվել ցանկացողները շատ են, կա՞ն Հայաստանում միջազգային մակարդակի մարզապալատ ունենալու ծրագրեր ու հեռանկարներ:

Իհարկե, կա: Այս պահին ֆեդերացիայի ղեկավարությունն աշխատում է այդ ուղղությամբ: Կառավարությունից մեզ խոստացել են, որ տրամադրվելու է նախկին «Միկա» մարզադահլիճը, որը կվերանորոգվի և կկարողանանք տնային հանդիպումներն անցկացնել այնտեղ: Ամեն դեպքում կարծում եմ, որ դա էլ չի բավականացնելու մեզ բոլոր երկրպագուների մուտքն ապահովելու հարցում: Ունենք նաև Մարզահամերգային համալիրի տարբերակը: Հաջորդ տարի «Միկայի» մարզադահլիճը պատրաստ կլինի և կունենանք նաև պահեստային տարբերակ՝ Մարզահամերգային համալիրը:

Ֆուտզալը կարծես միշտ մնում է ֆուտբոլի ստվերում և ձեր մարզաձև հիմնականում գալիս են այն խաղացողները, որոնք չեն կարողանում հաջողության հասնել ֆուտբոլում: Արդյո՞ք դա է պատճառը, որ Հայաստանում ուշադրություն չի դարձվում մանկապատանեկան ֆուտզալին:

Երկար տարիներ ընդհանրապես ուշադրություն չի դարձվել մանկապատանեկան ֆուտզալին: Մենք երբևէ չենք ունեցել ֆուտզալի մանկապատանեկան դպրոց: Այս տարի կբացվի առաջինը: Ֆեդերացիայի ղեկավարության հետ ծրագրել ենք, որ դպրոցներ ենք ունենալու տարբեր վայրերում, որպեսզի ֆուտբոլում իրենց տեղը չգտած խաղացողներն այլևս չգան ֆուտզալ: Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի խաղացողներն այստեղ ևս չեն կարողանում գտնել իրենց: Ֆուտզալին բնորոշ է արագ մտածելը, տեխնիկապես բարձր պատրաստվածությունը, իսկ այն տղաները, որոնք իրենց չեն կարղանում գտնել ֆուտբոլում, այստեղ ևս չեն կարող անել դա: Այդ ամենն ասում եմ մեր փորձից: Պետք է սկսել զրոյից: Համոզված եմ, որ այդ դեպքում կունենանք ուժեղ ֆուտզալիստներ, որոնք կարող են նաև օգտակար լինել ֆուտբոլում: Մարզադպրոցներում կլինեն խաղացողներ, որոնք կտեղափոխվեն մեծ ֆուտբոլ: Այնպես, ինչպես դա արել են Նեյմարն ու մյուս աստղերը, որոնք առաջին քայլերը կատարել են ֆուտզալում:

Վաղուց տեղեկություններ չկա ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականից: Ի՞նչ վիճակում է թիմը, որը շուտով մասնակցելու է մրցաշարի:

Եթե հիշում եք, կանանց Հայաստանի ազգային հավաքականը 2 տարի առաջ խաղաց Մոլդովայի հետ և հաղթեց: Այս տարվա մայիսին կանանց թիմը հանդես կգա նախընտրական փուլի մրցաշարում, որը կանցկացվի Մոլդովայում: Այդ ուղությամբ ևս աշխատանքները շարունակվում են: Հայաստանում ֆուտզալի կանանց մրցաշարն ընթացքի մեջ է այս պահին, լավագույնները կընդգրկվեն հավաքականում:

Վերջին տարիներին նաև Ձեր նախաձեռնությամբ անցկացվում է «Ֆուտզալ լիգա» սիրողական մրցաշարը, որը նաև նպատակ ունի նպաստել մարզաձևի զարգացմանը Հայաստանում: Այդ մրցաշարերը ծառայեցի՞ն իրենց նպատակին: Ե՞րբ եք ծրագրում անցկացնել հաջորդ մրցաշարը:

Նախորդ տարվա պասիվությունը կապված էր կորոնավիրուսային համավարակի հետ: Այդ պատճառով կարողացանք անցկացնել միայն գավաթի խաղարկություն, որին մասնակցեցին 16 թիմեր: Այս տարի լինելու ենք շատ ակտիվ, և եթե համավարակը չխանգարի, անցկացնելու ենք A, B, C լիգաների մրցաշարերը: Ապրիլին նախատեսում ենք սկսել նաև գավաթային մրցաշարը: Մենք հույս էինք հայտնել, որ այստեղից ունենալու ենք հաջողությունների սկիզբը: «Ֆուտզալ լիգային» մասնակցած մի շարք թիմեր հետագայում փորձել են դառնալ պրոֆեսիոնալ և այսօր մասնակցում են Հայաստանի Բարձրագույն խմբին, այլ հարց է՝ լավ, թե՝ վատ: Հայաստանի առաջնության 11 թիմերից 6-7-ը «Ֆուտզալ լիգայի» կադրերն են: Նույնիսկ Հայաստանի չեմպիոն «Լեոն» սկսել է «Ֆուտզալ լիգայից»: Նույն Ռաֆիկ Մելիքյանը սկսել է այնտեղից, այսօր նա ազգային հավաքականի թեկնածու է և նախորդ խաղում ընդգրկվել էր թիմի հայտացուցակում: Այդ ամենը «Ֆուտզալ լիգայի» հաջողությունն է: Այն, ինչ ծրագրել էինք, իրականացվում է: Այդ մրցաշարը լինելու է շարունակական: Հուսով եմ՝ կլինեն նոր անուններ ու ակումբներ, որոնք կկարողանան համալրել ինչպես Բարձրագույն խումբը, այնպես էլ Հայաստանի հավաքականը:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ